ՀՅԴ-ն ի՞նչ արարածների հետ է համեմատում Քոչարյանի օրոք բանակցված փաստաթղթերը՝ թռչնազգիների՞, երկկենցաղների՞, գիշատի՞չ, թե՞ խոտակեր կենդանիների
- Investigative journalist

- Oct 6
- 5 min read

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկումը, ինչպես հայտնի է, ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել էին կամ, ինչպես ԱԺ ճեպազրույցների ժամանակ նկատեց ՔՊ խմբակցության քարտուղարը, «փախել էին» դրա քննարկումից։ Փոխարենը հանդես եկան պատասխան հայտարարություններով՝ «բզկտող», «հոշոտող», թե՝ «սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար», նաև՝ «ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը»: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը մի գլուխ «բզկտեց», «հոշոտեց» ու «ծվեն-ծվեն արեց» (այլաբանորեն, անշուշտ) հայտարարության տեքստը, հարցրինք նրան՝ գուցե չփախչեի՞ն հայտարարության քննարկումից ու ԱԺ բարձր ամբիոնից ի լուր հայ ժողովրդի հայտնեին իրենց առարկությունները, ինչպես ընդունված է ասել՝«բմբլեին» (փոխաբերական իմաստով, անշուշտ) փաստաթուղթը։ Դեմքին տալով «Չեշիրյան կատվի» ֆիրմեննի ժպիտը, բոսորագույն այտերը շարժելով՝ Խաչատրյանը դիմեց հակադարձման, թերևս, ճղճիմագույն, վուլգար մեթոդին՝ «բմբլել» բառը հասկանալով ուղիղ իմաստով, պետությանը վերաբերող փաստաթուղթն էլ համեմատելով հավի հետ։ «Շատ շնորհակալություն ՔՊ-ի ներկայացրած փաստաթուղթը հավի հետ համեմատելու համար։ Որովհետև հավն են բմբլում, դուք ինքներդ համեմատեցիք հավի հետ։ Բմբլում են հավին, սագին, բադին… Քանի որ համեմատեցիք հավի հետ, երևի թե իմաստ չունի դրան անդրադառնալ, բայց շուտ որ ասեիք, մենք գուցե մեր հայտարարությունը չէինք տարածի՝ բացատրելով՝ ինչու չենք մասնակցում…»,- ծոր տվեց Խաչատրյանը։
Ի դեպ, ճեպազրույցի ավարտից հետ երբ հարցրինք Արթուր Խաչատրյանին՝ ո՞ր թռչնի կամ կենդանու հետ կհամեմատեր իր խմբակցության փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի օրոք բանակցված փաստաթղթերը, վերջինս, «Չեշիրյան ժպիտը» փոխարինելով «Միներվայի բվի» հայացքով, նետեց՝ «արծվի ու առյուծի»։ Փաստորեն։ Արդ, հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր փաստաթուղթն է ՀՅԴ-ական պատգամավորը նույնացնում արծվի, և որը՝ առյուծի հետ։
Բայց նախքան ֆլորայի ու ֆաունայի ոլորտ խորանալը՝ կուզեինք պարզել՝ Խաչատրյանը մասնավորապես Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելու Քոչարյանի որոշո՞ւմն ինչ արարածի հետ է ասոցացնում՝ թռչնազգիների՞, երկկենցաղների՞, գիշատի՞չ, թե՞ խոտակեր կենդանիների հետ։ Մենք, օրինակ, կենդանու հետ ենք ասոցացնում բանակցային լիիրավ կողմ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելը, ՀՀ դիվանագիտության այդ կարևորագույն ձեռքբերումը ան-ասնաբար ոչնչացնելը, ընդ որում՝անդուր, եթե կուզի՝ բեջուռա կենդանու հետ, որին քիչ կլիներ բմբլելն ու մաշկելը։
Արդ, դառնանք Խաչատրյանի պատրոնի օրոք բանակցված մասնավորապես «Մադրիդյան սկզբունքներին»։ Չգիտենք՝ տարիների հեռվից Խաչատրյանի մոտ այդ սկզբունքներն ի՞նչ ասոցիացիաներ են առաջացնում, բայց մեր տպավորությամբ՝ միայն կուշտ կուտ կերած ու մորթվելու իր հերթին սպասող հավը կարող էր համաձայնել մի փաստաթղթի, որտեղ միաժամանակ առկա են «տարածքային ամբողջականության» և «ինքնորոշման իրավունքի» սկզբունքները։ Նույնիսկ եփած հավին կամ չինական ձևով փուռը տված բադին հասկանալի էր, որ այս երկու սկզբունքներն անհամատեղելի են։ Երբ «տարածքային ամբողջականության» և «ինքնորոշման» սկզբունքները դրվում են իրար կողք (ինչպես տարիներ առաջ նկատել էր այսօր ՀՅԴ-ի հետ նույն ճակատում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանը), նշանակում է, որ «Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ոչ ավելի, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում»։ Ի դեպ, ժամանակին, երբ հրապարակվեցին հիշյալ սկզբունքները, ՀՅԴ-ն դրանց վերաբերյալ հանդես եկավ այնպիսի «բմբլիչ», «մաշկող» գնահատականներով, որոնք հուշում էին, որ գործ ունենք ոչ թե «առյուծի» կամ «արծվի», այլ առնվազն շնագայլի հետ նույնացվող փաստաթղթի հետ։
Հիշողության «ռեֆրեշ»՝ Արթուր Խաչատրյանի համար
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 2009 թ. հուլիսին մամլո ասուլիս էր հրավիրել և, ընթերցելով ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը, միաժամանակ ներկայացրեց ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին հղված նամակները՝ կից բանաձևերով: Երկարաշունչ այդ տեքստում, մասնավորապես, «Մադրիդյան սկզբունքները», եթե մեկ էպիտետ գործածենք, որակվում էին որպես «արցախակործան»։ «Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից... Արցախի հարցում ինչ-ինչ արագացված լուծումներ պարտադրելու համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խոսում է բացառապես ուժի դիրքերից՝ ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անտեսելով ԼՂՀ գոյության փաստը: Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն և քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ և ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որևէ փաստաթուղթ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրև լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ։ ...Այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում և լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության»։ Ի դեպ, ՀՅԴ-ն միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջել էր չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար։ «Մեզ համար Արցախը Հայաստան է և մնալու է այդպիսին»,- ազդարարել էին «առյուծ կտրած», արծվենի հայացք ընդունած ՀՅԴ-ականները։
Նշենք, որ «Մադրիդյան սկզբունքների»՝ ՀՅԴ-ի համար անընդունելի լինելու մասին նախկին վարչակարգի օրոք հնչել են բազմաթիվ այլ հայտարարություններ տարբեր դաշնակցականների (https://hetq.am/hy/article/41355) կողմից, այդ թվում՝ Արցախի կառույցի։ Մասնավորապես ԼՂՀ-ից հնչած արձագանքն այսպիսին էր՝ «Արցախը պետք է կազմաքանդի մադրիդյան սկզբունքները»։
Իսկ Կազանում (2011 թ.), երբ, ինչպես Սերժ Սարգսյանն է սիրում նշել, «կողմերը մոտ էին» փաստաթղթի ստորագրմանը, բայց Ադրբեջանը վերջին պահին, փաստորեն, «քաշեց», Արմեն Ռուստամյանը մամուլում հայտարարել էր. «Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք «Մադրիդյան սկզբունքներին»: Եթե Սերժ Սարգսյանը համաձայնի, մենք կպահանջենք նաև նրա հրաժարականը, բոլորի հրաժարականը կպահանջենք: Այդ դեպքում պետք է գնալ իշխանափոխության, պաշտոնանկության գործընթաց է պետք սկսել»: (Սերժ Սարգսյանը չստորագրեց, ՀՅԴ-ն էլ չեղարկեց նրա հրաժարականը պահանջելու խոստումը)։
Ի դեպ, Ապրիլյան պատերազմից հետո էլ ՀՅԴ-ն շարունակում էր դեմ արտահայտվել խնդրո առարկա սկզբունքներին: «Մադրիդյան սկզբունքների» հարցում Դաշնակցության դիրքորոշումը նույնն է»,- 2016 թ. ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ազդարարել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը։«Երկու հիմնական սկզբունք գոյություն ունի. «տարածքներ խաղաղության դիմաց», որը մենք մերժել ենք դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որովհետև խաղաղությունը պարգև չէ, որ մեկը մյուսին տա: Մյուս տարբերակը՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց», սա էլ Ադրբեջանի թեթև ձեռքով գլխիվայր շուռ են տվել, որ սկզբից տարածքներ, հետո՝ կարգավիճակ: Այս սկզբունքը ճիշտ հակառակն է ենթադրում. սկզբից կարգավիճակ, հետո նոր՝ տարածքներ: Այ, եթե վերադառնան այդ տրամաբանությանը, խոսեն կարգավիճակի մասին, խոսեն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին, բանակցությունները, կարծում եմ, կդառնան ավելի արդյունավետ»։ Իսկ արդեն 2017-ին, երբ «Մադրիդյան սկզբունքների» ամենաակտիվ քննադատ ՀՅԴ-ն կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի հետ և, փաստորեն, ստանձնել Արցախի հարցի կարգավորման պատասխանատվությունը հիշյալ սկզբունքների հիման վրա, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյաննազդարարեց.«Մադրիդյան սկզբունքները արդար գործարք չեն առաջարկում։ Հայերից պահանջում են տարածքային զիջումներ անել այսօր, որպեսզի Ադրբեջանը հետագայում ճանաչի ԼՂ կարգավիճակը, բայց թե երբ կսահմանվի ԼՂ կարգավիճակը՝ հայտնի չէ: Մի անգամ Ալիևը հայտարարել է, որ դա կլինի միգուցե 100 տարի անց: Հետևաբար երբ առաջարկվում է գործարք, ըստ որի՝ կողմերից մեկը զիջումներ պիտի անի այսօր՝ վաղը կատարվելիք խոստումների դիմաց, ապա դրա համար անհրաժեշտ է վստահություն: Այդ վստահությունը կողմերի միջև չկա, իսկ ապրիլից հետո անվստահության անդունդն ավելի խորացավ, և Մադրիդյան սկզբունքները գնալով կորցնում են իրենց կենսունակությունը, դառնում են ավելի ոչ իրատեսական և անարդյունավետ, ուստի կարծում եմ, որ հարկավոր է վերանայում, հարկավոր են նոր մոտեցումներ» (Արթուր Խաչատրյանին առաջարկում ենք վերընթերցել իր գործընկերոջ այս բմբլահանա-մաշկիչ հարցազրույցը):
Հ.Գ.1. Ի դեպ, Քոչարյանի օրոք բանակցված մեկ այլ պլանի՝ Մեղրիի փոխանակման մասին խոսելն ավելորդ է։ Մարդկությանը հայտնի և ոչ մի զազրելի կենդանի ի վիճակի չէ արտահայտել այդ պլանի ողջ հրեշավորությունը։
Հ.Գ. 2. Հավի, սագի ու բմբլելու այլաբանությանը գալով՝ մի նկատառում էլ. որպեսզի այդ թռչուններից համադամ կերակուրներ ստացվեն, պարտադիր պրոցեդուրաներից է դրանք նախ բմբլելը։ ՀՅԴ-ի քիմքը, դատելով Արթուր Խաչատրյանի խոսքից, սովոր չէ պատրաստման ընդունված ընթացակարգերն անցած կերակուրների համին։ Այդ քիմքին հաճո է բացառապես արնահամը՝ դրանից բխող հետևանքներով։
Հ. Մանուկյան




















