Շատ նախաձեռնություններ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ ապրիլի 29-ին, գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի տեղադրման գործընթացին:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցը նշեց, որ վարչության կողմից թվով 689 օբյեկտում իրականնացվել են համապատասխան ուսումնասիրություններ, և արձանագրվել խախտումներ.
«Պարզվել է, որ փոշեկլանիչ ցանցերով ապահովման ենթակա է 164 օբյեկտ, որից պատշաճ ապահովված են 33-ը, իսկ 54-ը կրում են ձևական բնույթ: Մնացած օբյեկտների նկատմամբ հարուցվել են համապատասխան վարչական վարույթներ և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ»:
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերոնշյալի մասով օրենսդրական փոփոխությունների նախագծին, նշելով. «Մենք շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում։ Պետք է հասկանանք՝ այդ որտեղ են այդքան անընդհատ պտտվում»: