top of page

ԱՄՆ-ը 17,5 միլիարդ դոլար կհատկացնի տվյալների կենտրոնների սնուցման համար 10 նոր միջուկային ռեակտորների շինարարությանը

  • 2 hours ago
  • 2 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 17,5 միլիարդ դոլար է հատկացնում 10 նոր խոշոր միջուկային ռեակտորների արագացված շինարարությանը, որոնք նախատեսված են մասշտաբային տվյալների կենտրոնների  կողմից էլեկտրաէներգիայի արագորեն աճող պահանջարկը բավարարելու համար, հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ տվյալների կենտրոնների կառուցապատողների, էներգետիկ ընկերությունների և կոմունալ օպերատորների շրջանում «հսկայական հետաքրքրություն» է նկատվում նախագծին մասնակցելու հարցում։ Նա հավելել է, որ շինարարությունը կարող է սկսվել մինչև 2030 թվականը, իսկ օբյեկտների շահագործման հանձնումը սպասվում է 2030-ականների կեսերին։

«Սա միայն սկիզբն է,- նշել է Ռայթը լրագրողների հետ ունեցած հեռախոսային ճեպազրույցի ընթացքում։- Մենք առաջ ենք շարժվելու այն խաղացողների հետ, որոնք  պատրաստ են գործել արագ։ Երբ մատակարարման շղթան ձևավորվի, ես կզարմանամ, եթե դրանից հետո ևս տասնյակ նմանատիպ օբյեկտներ չկառուցվեն»։

ԱՄՆ-ում գործող ատոմակայանների մեծ մասը կառուցվել է 1970-1990 թվականների ընթացքում։ Վերջին տասնամյակներում զրոյից կառուցվել են միայն երկու խոշոր ռեակտորներ՝ Ջորջիա նահանգի Plant Vogtle կայանում։ Այդ նախագիծը բախվել էր լուրջ ուշացումների և բազմամիլիարդանոց ծախսերի գերազանցման խնդրին։

Նոր 10 ռեակտորները հիմնված կլինեն նույն տեխնոլոգիայի՝ Westinghouse AP1000 դիզայնի վրա։ Ռայթն ընդունել է Vogtle նախագծի ՝ պլանավորման, մատակարարման շղթաների և ՔՈՎԻԴ-19 համավարակին առնչվող խնդիրները, սակայն հայտարարել է, որ ռեակտորի բուն դիզայնը «հուսալի է և փորձարկված»։

Նրա խոսքով՝ մի քանի հարթակներում սերիական շինարարությունը հնարավորություն կտա ձևավորել կայուն արտադրական շղթա և կուտակել փորձ, ինչը կնվազեցնի ապագա նախագծերի ժամկետներն ու արժեքը։

ԱՄՆ էներգետիկայի գերատեսչությունը հայտնել է, որ յոթ ընկերություններ արդեն ստորագրել են նախնական համաձայնագրեր՝ որոշելով շինարարության հնարավոր հարթակները։ Հետագայում նախատեսվում է ընտրել հինգ հարթակ, որոնցից յուրաքանչյուրում կտեղակայվի երկուական ռեակտոր։ Վերջնական որոշումներ դեռևս չեն ընդունվել, իսկ մասնակիցների և նահանգների ցանկը չի հրապարակվում։

Ֆինանսավորումն ուղղվելու է երկարատև արտադրական ժամկետ ունեցող առանցքային բաղադրիչների գնմանը և ուղղակի շինարարական վարկավորում չի լինելու։

Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նպատակ էր դրել 25 տարվա ընթացքում չորս անգամ ավելացնել ԱՄՆ-ում ատոմային էներգիայի արտադրությունը և ստորագրել էր մի շարք հրամանագրեր՝ ուղղված ոլորտի, ներառյալ՝ փոքր մոդուլային ռեակտորների զարգացման արագացմանը։

Իշխանությունների գնահատականներով՝ տվյալների կենտրոններն արդեն իսկ սպառում են ԱՄՆ ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 4-5%-ը, և նրանց բաժինը մինչև 2028 թվականը կարող է գրեթե եռապատկվել։ Երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը, ըստ կանխատեսումների, առաջիկա տասնամյակի ընթացքում կարող է աճել շուրջ 20%-ով՝ մեծապես արհեստական բանականության  ենթակառուցվածքների զարգացման հաշվին։

Ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ ատոմային էներգետիկայի մասշտաբային ներդրումն անհրաժեշտ է արհեստական բանականության, արդյունաբերական արտադրության և ապագայի բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ԱՄՆ առաջատարությունն ապահովելու համար։

 
 
1/2735
bottom of page