top of page

Հայաստանում ծնված Գևորգ Գրիգորյանը ՌԴ-ում դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման՝ ռազմական «ֆեյքերի» համար. «Медиазона»

2 hours ago
1 min read


Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարանը Հայաստանում ծնված, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Գևորգ Գրիգորյանին դատապարտել է ինը և կես տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել համացանցում նրա գրած մեկնաբանությունների պատճառով, հայտնում է «Медиазона»-ն՝ վկայակոչելով նրա ծանոթներից մեկին, որը ցանկացել է անանուն մնալ։

Անդրբայկալյան երկրամասում բնակվող Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ռազմական «ֆեյքեր» տարածելու, նացիզմն արդարացնելու, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր անելու մեղադրանքներով։

Ըստ պարբերականի զրուցակցի՝ երիտասարդին ձերբակալել են 2025 թվականի հունիսին, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Քրեական հետապնդման առիթ են դարձել հայկական առցանց հարթակներում արված մեկնաբանությունները, որոնցում Գրիգորյանը, մասնավորապես, գրել է, թե «Հիտլերը պետք է նրանց բոլորին ոչնչացներ», և որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կարող են մտնել Հայաստան։

Գրիգորյանի ծանոթը պատմել է, որ նա նման մեկնաբանություններ է թողել՝ վրդովված լինելով այն հանգամանքից, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ Ռուսաստանը Հայաստանին օգնություն չի ցուցաբերել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ձերբակալությունից հետո պնդել է, որ Գրիգորյանը վիրավորական ձևակերպումներով մեկնաբանություններ է հրապարակել և բացահայտ աջակցել նացիստական գաղափարախոսությանը։

Սկզբում երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել նացիզմն արդարացնելու և ատելություն հրահրելու համար: Իսկ գործը նախատեսվում էր քննել Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանում։

Ավելի ուշ մեղադրանքների շրջանակն ընդլայնվել է, և 2026 թվականի օգոստոսին գործի նյութերը փոխանցվել են Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարան։

Չնայած մեղադրանքի խստացմանը՝ Գրիգորյանը շարունակել է մնալ տնային կալանքի տակ։ Նրա ծանոթի պատմելով՝ հարազատները մինչև վերջին պահը հույս են ունեցել, որ նա կխուսափի իրական ազատազրկումից։ Պետական մեղադրողը նրա համար պահանջել է տասը տարվա ազատազրկում։

Ինչպես հայտնել է «Медиазона»-ի զրուցակիցը, Գրիգորյանն ընդունել է մեղքը և զղջացել։

 
 
1/2904
bottom of page