top of page

Մեր պատմության ամենաանհայտ հերոսներից մեկը.Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Feb 5, 2024
  • 2 min read
ree

Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյան (1893 -1918): Մեր պատմության ամենաանհայտ հերոսներից մեկը, ում կատարած սխրանքը իր նշանակությամբ անչափ մեծ է, սակայն, ցավոք, դեռեւս պատշաճ կերպով չլուսաբանված ու չարժեվորված: Հերոս, ում սխրանքի շնորհիվ է գուցե, որ այսօր Հայաստան ունենք: Հերոս, ով Հայաստանի այսօրվա ժամանակաշրջանում առավել քան պետք է հիշատակվի եւ սերունդների համար փառապանծ օրինակ հանդիսանա: Ի՞նչ է մեզ հայտնի նրա մասին: 1918 թ., «փորձառու», բայց անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:


«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման: Դա դավաճանութուն է: Ո՛չ ոք իրավունք չունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ: Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու: Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»: Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան- Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը: Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր- Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա: Սկսվեց ճակատամարտը։ Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար...


Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4 օր՝ մայիսի 25-28-ը։ Այն 1918 թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ ամենահերոսականն է: Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն, և երկիրը փրկվում է կործանումից: Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստան գուցե թե չլիներ։ «Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք» Ճանաչենք Մեր Հերոսներին…

1/2363
bottom of page