top of page

Այսօր օրենքի ուժով վայր եմ դնում պատգամավորական մանդատը. հրաժեշտի փոխարեն․ Արեն Մկրտչյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 1
  • 1 min read
ree

Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այսօր օրենքի ուժով վայր եմ դնում պատգամավորական մանդատը. հրաժեշտի փոխարեն




Վերջին գրեթե 8 տարում յուրաքանչյուր օր արթնացել եմ գիտակցումով, որ ստացած հազարավոր քվեներից յուրաքանչյուրը պետք է արդարացնել։ Յուրաքանչյուր օր արթնացել եմ մտապահած, որ ինձ աշխատավարձ է վճարում քաղաքացին։ Յուրաքանչյուր օր համոզմունքս անփոփոխ է եղել, որ իմ` պետական պաշտոնյայի երազանքներն անձնական չեն կարող լինել, պետությունն է երազանքի թիրախում։




ԱԺ ամբիոնից յուրաքանչյուր բառ արտաբերել եմ ամենայն ազնվությամբ։ Այդպես եմ զգում, մտածում, պատկերացնում։ Քաղաքացիների ընդունելություն չեմ արել, ինքս եմ գնացել քաղաքացու մոտ ընդունելության` թակելով նրա տան դուռը։ Թիրախում պահել եմ հողի վրա տեսանելի, չափելի արդյունք տալը։ Շատ բան ստացվել է, շատ բան էլ կստացվի։ Չստացվի համար ներողություն հայցելու ժամանակ դեռ կունենամ։




ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը շնորհակալ եմ այս տարիների համար։ Այս թիմն անցավ դժոխքի միջով, կանգուն մնաց ու վարչապետի գլխավորությամբ, գործադիրի հետ խաղաղություն բերեց Հայաստանին։ Ինչպես քաղաքացին էր կյանքում առաջին անգամ կապույտ անձնագիրը ձեռքին անցնում դժոխքով, մենք էլ առաջին անգամ անցանք դժոխքով` կապույտ անձնագիրը ձեռքներիս և մանդատի ծանրությունն ուսերիս։ Հիմա հետադարձ հայացք ձգելով դժվար է հասկանալ` ինչպես մնացինք ոտքի վրա կանգուն։ Բայց ստացվեց։ Ստացվեց Հայաստանին բերել խաղաղություն։




Եվ սա նոր, դժվար ճանապարհի սկիզբ է դրել։ Ահռելի աշխատանք կա կատարելու. աշխատանք, որը կատարելու հնարավորություն և ժամանակ, հավատում եմ` կտաք։




Խոստացել եմ պայքարել ու հաղթել։ Հաղթել հանուն պետության։ Ամուր կանգնած եմ։




Շնորհակալ եմ։

 
 
bottom of page