top of page

երկաթե ձողերով դաժանորեն ծեծել են աշակերտներից մեկին. արդեն մաhվան դեպք էր գրանցվել

  • 2 hours ago
  • 2 min read


Երեկ՝ մարտի երեքին, Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում հերթական ծեծկռտուքն է եղել բարձրդասարանցիների միջև, ինչի հետևանքով ծեծկռտուքի մասնակիցներից մեկն, ըստ տեղեկությունների, մյուսների կողմից ենթարկվել է երկաթե ձողերով դաժան ծեծի՝ ստանալով մարմնական տարբեր վնասվածքներ։

Միջադեպը հնարավոր չի եղել կոծկել, քանի որ դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն, որն էլ, օպերատիվ արձագանքելով, բերման է ենթարկել դեպքի մասնակիցներին, հարցաքննել ականատեսներին, դպրոցի մանկավարժական անձնակազմին: Այս պահին գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում:

Քննչական կոմիտեից դեպքի առնչությամբ MediaHub-ին տեղեկացրին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն)։ Այժմ նախաքննություն է ընթանում և մանրամասներին առնչվող այլ տեղեկություններ չկարողացան հայտնել: 

Այս դպրոցն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին այդ դպրոցի աշակերտներից Արմավիրի բնակիչ 15-ամյա Նարեկը ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի էր ենթարկվել ավագ դասարանի երկու աշակերտների կողմից, ինչի հետևանքով ծեծկռտուքից հինգ օր հետո տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերի 2-ին, մահացել էր ստացած վնասվածքների հետևանքով:  

Եվ ահա հերթական դեպքն է անձանագրվել այդ նույն դպրոցում, ինչի մասին մանկավարժական անձնակազմը և տնօրենը առանձնապես ճարտարախոս չեն՝ հավանաբար փորձելով թաքցնել երեխաների դաստիարակության և վերահսկողության գործում իրենց թերացումները և խուսափել պատասխանատվությունից: Դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանն այդպես էլ չպատասխանեց մեր համառ հեռախոսազանգերին, սակայն Armlur-ի հետ հեռախոսազրույցում նա ամեն կերպ փորձում էր չքմեղանալ՝ ասելով, թե ծեծկռտուքը տեղի է ունեցել ուսումնական ժամերից և դպրոցից դուրս՝ բակում: Ամեն դեպքում տնօրենն այս և նախորդ միջադեպում ոչ իր, ոչ մանկավարժական անձնակամի մեղավորությունը չի ընդունում՝ համարելով, որ իրենց մոտ քրեաական ենթամշակութային դրսևորումներ չկան ու ծեծկռտուքները պատահական երևույթներ են:

Ի դեպ, տնօրենը ժամանակին հերքում էր նաև նախորդ միջադեպը՝ ասելով, թե աշակերտների միջև ընդամենը քաշքշուկ է եղել, տղաները միմյանց չեն ծեծել, անգամ մահացած երեխան այդ միջադեպից հետո մասնակցել է դասապրոցեսին: Ըստ տեղեկությունների՝ ծեծողներից մեկը եղել է դպրոցի փոխտնօրենի որդին, մյուսը Էջմիածնի բժիշկներից մեկի թոռը: 

Թագուհի Ասլանյան

 
 
1/2569
bottom of page