Աճեմօղլուն հերքել է՝ չի միանում «Մեր ձևով» շարժմանը
- Investigative journalist
- 6 hours ago
- 1 min read

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթում հրապարակվել է Դարոն Աճեմօղլուի պարզաբանումը՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու հրապարակումների հետ կապված։
Աճեմօղլուն մասնավորապես նշել է, որ ինքը չի հարում հայաստանյան որևէ քաղաքական ուժի:
Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված և ներկայումս քաղաքական կուսակցություն դառնալու գործընթացում գտնվող«Մեր ձևով» շարժման կողմից կազմակերպված վերջին հանդիպման ժամանակ տարածվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի կողմից ուղարկված տեսաուղերձը, որում նշվում է, որ Աճեմօղլուն խորհրդատվություն է տրամադրելու շարժմանը:
Աճեմօղլուն «Ակոս»-ին պարզաբանել է. «Ես ուղերձ եմ ուղարկել նրանց համաժողովի համար, բայց ես որևէ կապ չունեմ քաղաքական ուժի հետ»:
Աճեմօղլուի ելույթից առաջ շարժման առաջնորդներից մեկը՝ Նարեկ Կարապետյանը, հայտարարել է, որ Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ կմասնակցի շարժման աշխատանքներին Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ: Իր ելույթում Աճեմօղլուն ընդգծել է, որ «արհեստական բանականությունը և դրա բերած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար»:
Աճեմօղլուն «Ակոսի»-ի հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել է․ «Ես չեմ համագործակցում որևէ կուսակցության հետ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում: Ես հաղորդագրություն ուղարկեցի նրանց համաժողովի համար, բայց ես որևէ կապ չունեմ քաղաքական ուժի հետ»։
Հիշեցնենք, որ այդ միջոցառումից հետո հայաստանյան բազմաթիվ լրատվական կայքեր տարածել էին, թե Աճեմօղլուն միացել է Կարապետյանի շարժմանը: