Ընդդիմությունը վստահ է՝ 2026-ին հաղթելու է «խաղաղության կուսակցությունը», ու այսօրվանից պարտության ալիբիներ է հորինում
- Investigative journalist

- Aug 21
- 3 min read

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ու եռակողմ և երկկողմ փաստաթղթերը հայտնվեցին ընդդիմության թիրախում։ Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ Հանրապետականը հերթական անգամ նշեցին, թե սա իրական խաղաղություն չի բերելու։ Ավելին, ըստ նրանց՝ դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:
Նկատենք, որ այս խոսույթին զուգահեռ ընդդիմությունը, հասկանալով, որ 2026 թվականի ընտրություններին քաղաքացիները իրենց քվեն մեծամասամբ տալու են «խաղաղության կուսակցությանը», և հասկանալով, որ այդ կուսակցությունը լինելու է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», այսօրվանից ալիբի է փորձում ստեղծել՝ արդարացնելու համար գալիք պարտությունը։ Ընդդիմությունը լավ է հասկանում, որ ստորագրված փաստաթղթերը առնվազն հեռացնում են մեզ պատերազմից, այն ավելի պակաս հավանական են դարձնում, հետևաբար 2026-ին իրենք լուրջ խնդիր են ունենալու։ Իրենց միակ քաղաքական կապիտալը այսքան ժամանակ եղել է ադրբեջանական սպառնալիքը, կրակոցները, էսկալացիան։ Նախընտրական հոլովակում բայրաքթարի հարվածներն ու մեր զինվորների մահը ներկայացնող ուժը այլ առաջարկ այսքան տարվա ընթացքում չկարողացավ անել Հայաստանի քաղաքացուն։ Եվ ահա, պետք է ասեն, որ սա իրական խաղաղություն չի բերելու, որ իրական խաղաղություն կլինի, երբ ու եթե իրենք գան իշխանության։ Իսկ ի՞նչ են ասում իրենք, այդ ինչպե՞ս են բերելու այդ իրական խաղաղությունը, որը մի ժամանակ առաջ արժանապատիվ անունն էր կրում։
Նախ դուրս են գալու պայմանավորվածություններից, չեղարկելու են ստորագրված փաստաթղթերը։ Այդ մասին ուղիղ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նշեց, որ ապաշրջափակման մասով պետք է հավելյալ բանակցել կամ վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, իսկ խաղաղության համաձայնագիրը կչեղարկեն։ Այս գործողությունները, ըստ Սաղաթելյանի, չեն բերի պատերազմի։
Նկատենք, որ տարիներ շարունակ այս ուժերը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու մեջ, ինչն էլ, ըստ իրենց, հանգեցրել էր պատերազմի։ Հիմա, երբ արդեն նախաստորագրված փաստաթուղթ կա, այսինքն՝ ավելի քան բանակցություններ, դրանից դուրս գալը արդեն չի բերի պատերազմի։ Իսկ ինչո՞ւ մի դեպքում բերեց, մյուս դեպքում չի բերի։ Սաղաթելյանի կարծիքով՝ չի բերի, որովհետև բանակցող Ռոբերտ Քոչարյանը ավելի հմուտ է, պատերազմ հաղթած, պրոֆեսիոնալ և այնպես կանի, որ դա պատերազմի չի հանգեցնի։ Այսինքն՝ Ալիևն իր գործողությունները պայմանավորելու է Քոչարյանով կամ Փաշինյանով, այլ ոչ իր շահերով։ Քոչարյանը Ալիևի «եղբա՞յրն է», հարազա՞տը, թե՞ քիմիա ունեն։
Հաջորդը, որ պետք է նկատենք. ընդդիմությունն ասում է, որ Փաշինյանն այս փաստաթուղթը թափահարելու է 2026-ի ընտրություններին ու վերարտադրվի։ Բայց հիշենք, որ իրենց հայտարարության տեքստում գրել են, որ սա իրական խաղաղություն չի բերելու և գոյաբանական նոր խնդիրներ է առաջացնելու։ Այդ դեպքում Փաշինյանը այդ փաստաթուղթը չի կարողանալու թափահարելով վերընտրվել։ Այդ ընդդիմությունն է կարողանալու այդ գոյաբանական խնդիրները թափահարելով իշխանության գալ։ Բայց չէ, ընդդիմության մոտ հակառակ տրամաբանություն է կամ տրամաբանության դեգրադացիա, ինչպես սիրում է ասել Շանթը։
Իսկ իրականում տրամաբանության հետ ոչ մի խնդիր էլ չկա։ Ուղղակի այս մարդիկ խաբում են հասարակությանը, ու բնական է, որ հակասություններ են լինելու իրենց հայտարարությունների ու այդ փաստաթղթի բերած իրական արդյունքների կամ հետևանքների ու իրենց ներկայացրած հետևանքների միջև։ Ընդդիմությունը խոսելու է մոտալուտ աղետների, գոյաբանական սպառնալիքների մասին, բայց պայքարելու է խաղաղության դեմ, դա ներկայացնելու է զիջում, պարտադրանք, վատ բան ու փորձելու է ընտրություններից առաջ ալիբիներ ստեղծել իր համար՝ լավ հասկանալով, որ «խաղաղության կուսակցությունը» հաղթելու է։
Անգամ Լևոն Զուրաբյանն է ենթագիտակցորեն «բերնից թռցրել», որ այս գործընթացները հանգեցնելու են խաղաղության։ Իր վերջին հայտարարություններից մեկում ասել էր, որ այս իրավիճակը պետք է օգտագործել Փաշինյանից ու ՔՊ-ից ազատվելու համար։ Որ Փաշինյանն այլևս չի կարողանա ժողովրդին պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով վախեցնել ու վերընտրվել՝ հետևաբար խաղաղ պայմաններում պետք է ազատվել այդ խաղաղությունը բերողից։
Եվս մեկ բան նկատենք. ընդդիմությունը գիտի, որ 2026-ին Փաշինյանը հաղթելու է։ Ընդդիմությունը գիտի, որ հասարակությունը լավ է ընդունել վաշինգտոնյան գործընթացը, որ դրական սպասումներ ունի, բայց չի կարող գովաբանել կամ կողմ արտահայտվել այդ գործընթացին։ Հակառակ դեպքում պետք է ընդունել, որ Փաշինյանը ճիշտ էր, իրենք սխալվեցին։ Եվ հետևաբար ընտրություններին գաղափարապես հակադրելու բան չեն ունենա։ Մյուս կողմից՝ եթե ստորագրված փաստաթղթերը համարում են դավաճանական ու աղետաբեր, ապա հասկանում են, որ սա էլ չի ընկալվելու, ընդունվելու հասարակության կողմից։ Հետևաբար՝ երկու դեպքում էլ իրենք պարտվելու են։ Երկու դեպքում էլ Փաշինյանը հաղթելու է իրենց, գուցե՝ ջախջախելու։ Հետևաբար այլ բան չի մնում, քան 2026-ից առաջ պարտության համար ալիբիներ ստեղծելը։
Վովա Հակոբյան




















