«Հրապարակ»․ ԵՊՀ-ն «խորհրդանշանական նոր կերպար» կունենա. լոգոն առանձին բան է
- 3 hours ago
- 2 min read

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արարատ սարի դեմ պատերազմ է հայտարարել, ասում է, որ այդ սարը գտնվում է Թուրքիայում, ուստի մենք` հայերս իրավունք չունենք ուրիշ պետության մեջ գտնվող լեռան մասին անգամ երազել, կամ դրանով հիանալ, առավել եւս նրա նկարը որեւէ տեղ օգտագործել: Եւ Փաշինյանը որոշել է անել մի բան, ինչը չի հաջողվել անգամ օսմաններին` ջնջել, հեռացնել Արարատ սարի պատկերը բոլոր պետական հաստատությունների, սիմվոլների վրայից, փոխել այն լոգոտիպերը, որտեղ Մասիսի սիլուետը կա: Արդեն հեռացրել են մուտքի կնիքներից, իր ընդունելության սրահի պատին Արագածի պատկերն է նկարել: Ժամանակին գրել ենք, որ Պոլիտեխնիկական համալսարանն է լոգոյի մրցույթ հայտարարել, որ Արարատը հեռացնի իր խորհրդանիշից, հիմա էլ Երևանի պետական համալսարանի պաշտոնական լոգոտիպն են ցանկանում փոխել` դրա համար մրցույթ են հայտարարել: Մայր բուհի պաշտոնական կայքն է տեղեկացնում, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյի վրա Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է պատկերված, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Հիշեցնենք, որ նոր անձնագրերի նմուշներում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա:
ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը, որը մասնագիտացել է է լրատվամիջոցների լուրերը հերքելու գործում, երեկ իր ֆեյսբուքյան էջում հերքել էր մեր լուրը, թե ապատեղեկատվություն է հրապարակվել: «Հրապարակը» կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու համար, թե ինչն է սխալ մեր հրապարակման մեջ, որի հիմքում իրենց իսկ կայքում զետեղված տեղեկատվությունն էր դրված: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մրցույթը խորհրդանշական կերպարի մասին է: Այն լինելու է նոր բան, լոգոն էլ առանձին հասկացողություն է»: Իսկ այդ «խորհրդանշական կերպարը» որտե՞ղ է կիրառվելու, ինչի՞ համար է, Միսակյանն ասաց. «Առաջ նման բան չի եղել, այն միջազգային պրակտիկայում բավականին տարածված երևույթ է: Այն կարող է օրինակ լինել խաղալիքի տեսքով, ի դեպ` մրցույթը ուսանողների շրջանում ենք հայտարարել»- ասաց նա, այդպես էլ սպառիչ պատասխան չտալով, թե ինչ իմաստ ունի նույն բուհի համար երկու խորհրդանիշ ունենալը:
Հ.Գ Մենք հետեւելու ենք այս մրցույթին, նաեւ հետեւելու ենք ԵՊՀ լոգոտիպի պահպանմանը: Եթե մի օր Արարատ սարի պատկերը անհետանա լոգոտիպից, կամ նոր լոգո հայտնվի ԵՊՀ կայքում, անպայման տեղեկացնելու ենք մեր ընթերցողին եւ պատասխան ենք պահանջելու ԵՊՀ ռեկտորից ու նրա խոսնակից:




















