Մի տեսակ տարօրինակ է, որ անտեսվել է իմ եզրափակիչ պնդումը՝ Կտրիճ Ներսիսյանի հայր լինելու հանգամանքը. Վարդապետ Հովհաննիսյանի անդրադարձը FIP-ի հրապարակմանը
- Investigative journalist
- 11 hours ago
- 3 min read

Վարդապետ Խորեն Հովհաննիսյանի անդրադարձը FIP-ի հրապարակմանը, նա գրել է.
«ԿԵՍԿԱՏԱՐ ՀԵՐՔՄԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ
Գոհունակությանմբ տեղեկացա, որ FIP.AM կայքում, «Փաստերի Ստուգման Հարթակ» կոչվող նախաձեռնության ներկայացուցիչները մեծ հետաքրրությամբ և ուշիուշով հետևել էին Հանրային Հեռուստատեսության Պետրոս Ղազարյանի հետ նվաստիս հարցազրույցին և փորձել հերքել մի քանի դրվագ իմ նշած կետերից։ ՈՒրախությունս ավելի մեծացավ, երբ տեսա, որ իրենց շատ լուրջ համարող մեդիահարթակներ վերատպել են այդ կեսկատար հերքումը։ Պարտքս եմ համարում ընթերցողին հավելյալ տեղեկություններ փոխանցել այդ կետերի վերաբերյալ և վերահերքել FIP.AM-ի շարադրած անկատար հերքումը։
1․Կայքը նշում է, որ ըստ Գարեգին Բ Կտրիճ Ներսիսյանի պաշտոնական կենսագրականի, նա ուսանել է Բոննի համալսարանում և Զագորսկի ասպիրանտուրայում։ Չգիտես ինչու մոռացության է մատնվել այն տեղեկությունը, որ տվյալ անձը, ըստ իր կենսագրության, դրանից առաջ նաև իբրև թե ուսանել է Վիեննայի համալսարանում։ Ես պնդում եմ, որ դա սուտ է։ Նա չի սովորել նշված կրթօջախներում ոչ մեկ օր։ Ո՛չ պարոն Կտրիճը, ո՛չ էլ FIP.AM-ը չեն կարող մեզ ցույց տալ նշված համալսարաններում ստացած վկայականները կամ գիտական կոչումները։ Նրանք անգամ չեն կարող բերել որևէ հավաստիացում, որ նա գոնե մեկ կիսամյակում ստուգարքների կամ քննությունների է մասնակցել։ Եվ հավելյալ հարց․Արդյոք նա գերմաներենով որևէ խոսք ինչ որ մի տեղ ասե՞լ է․․․
2․ Ինչ վերաբերում է պարոն Ներսիսյանի գործակալ լինելուն, լավ է որ FIP.AM-ն ինձ հերքելու համար օգտվում է Կտրիճ Գարեգինի ստեղծած համացանցային կայքից։ Բայց այստեղ մի նրբություն կա․իր հյուսիսային գործընկեր-պատրիարք և անմիջական ղեկավար Կիրիլ Գունդյաևը նույնպես մինչ անցյալ տարի անթերի կենսագրական ուներ։ Բայց 2024 թվականին Շվեյցարիայի կառավարությունը բացեց նրա արխիվները և պարզվեց, որ վերջինս Ժնևում իբրև երիտասարդ հոգևոր հովիվ ծառայության ժամանակ ԿԳԲ-ի ագենտ է եղել։ Եթե FIP.AM-ն իրոք հետաքրքված է փաստերի անաչառ հրապարակմամբ, ապա իբրև բարի կամքի դրսևորում, պատրաստ եմ անհատույց հուշել, թե ինչպես են ևրոպացի լուրջ լրագրողներն ու գիտնականները ստանում նման տեղեկություն Կտրիճ Ներսիսյանի պարագայում Գերմանիայի համապատասխան արխիվից (ու ոչ թե Մայր Աթոռի պաշտոնական էջից)։
3․FIP.AM-ը խուսանավում է մեկ այլ նշված կարևոր կետից և շրջանցում իմ այն հիմնական պնդումը, որ Կտրիճը փորձել է 2005 թվականին հովվապետական այց կատարել Գերմանիո Հայոց թեմ։ Եթե իրոք ուզում էիք «Փաստերի Ստուգման Հարթակ» լինել, ապա պետք է որ գտնեիք ու հրապարակեիք այդ օրերին Գերմանիո թեմի առաջնորդի և կանցլերի գրասենյակի միջև եղած նամակագրությունը և Գարեգինին ուղղված խայտառակ մերժումը, որից հետո կաթողիկոսը սարսափում և ամբողջությամբ չեղարկում է իր հայրապետական այցը։ Բայց ցավոք, FIP.AM-ը բացարձակ լռում է այս լրջագույն դրվագի վերաբերյալ։
4․FIP.AM-ը նշում է, որ Կտրիճը 2017-ին եղել է Բեռլինում և իբր այցելել Գերմանիո Հայոց Թեմ։ Բայց տվյալ կայքը չի ուզում ստուգել, որ ես արդեն տվյալ իրադարձությունը բարձրաձայնել եմ ս․թ․ ապրիլի 4-ին իմ Դիմատետրի էջում՝ գրավոր, իսկ ապրիլի 9-ին Ռոման Բաղդասարյանի հետ ունեցած հեռուստակամուրջի ընթացքում՝ բանավոր և տեղեկացրել այդ միջեկեղեցական այցի մասին։ Երևում է, որ FIP.AM-ի, կամ նրա հետ համագործակցող աղբյուրները բնավ տեղյակ չեն, կամ միտումնավոր նենգափոխում են իրականությունը։ FIP.AM-ը նաև բացարձակ ծանոթ չէ հովվապետական այցի արարողակարգին և այն չի տարբերում էկումենիկ հավաքներից, որոնք կարող են տեղի ունենալ տարբեր եկեղեցիների գլուխների հետ աշխարհի զանազան ծայրերում։ Ուսման ծարավ ունեցողների համար ասեմ, որ հովվապետական այցի պարտադիր բաղադրիչներից է այցելություն հայկական եկեղեցիներ (Գերմանիո պարագայում Քյոլնում, Գյոփինգենում և Հալլեյում), ինչպես նաև հայրապետական պատարագ և քարոզ թեմի առաջնորդանիստ եկեղեցում, հավատացյալների ընդունելություն և կաթողիկոսական օրհնության բաշխում առաջնորդի նստավայրում, ինչը պետք է բնականաբար կազմակերպվեր Քյոլնի Ս․Սահակ Ս․Մեսրոպ տաճարում։ Բացի դրանից անհատական հանդիպումներ են անցկացվում տվյալ երկրի հոգևոր պետերի և պետության ղեկավարի հետ։ Ես անձամբ ի պաշտոնե մասնակցել եմ նման հովվապետական այցերի այլ թեմերում։ Վստահեցնում եմ և վերահաստատում, որ 2017 թվի նշված այցը հովվապետական չի եղել։ Գերմանիո Հայոց թեմին այց չի եղել, որովհետև նշված բաղադրիչներից և ոչ մեկը տեղի չի ունեցել, այլ պարզապես Կտրիճը մյուս արևելյան կրոնապետերի հետ միասին ընդհանրական ընդունելության է արժանացել։ Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ նշված միջեկեղեցական արարողության ժամանակ, Բեռլինի գլխավոր տաճարում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ընդվզում են կազմակերպել Ներսիսյանի դեմ՝ նրան քննադատող պաստառներով։
5․ Իսկ տիկին Անգելա Մերկելի պահով նաև հղում է կատարվում նրա 2018 թ․ Հայաստանյան այցի վերաբերյալ։ Այստեղ պարզապես կարճ ասենք, որ դա կազմակերպվել է մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդ օրերին օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության արարողակարգի մեջ էր մտնում ճանաչողական այցելություն Սբ․ Էջմիածին։ Ընդամենը այսքանը։
6․Ցավալի է որ այս կեսկատար հերքման մեջ FIP.AM-ը դույզն իսկ հումանիզմ և ապրումակցում չի դրսևորում իմ իրավունքների ոտնակոխման հարցում։ Ես նշել եմ որ վեց ամիս զրկված եմ եղել աշխատավարձից, կացարանից և հացից, ինչպես նաև դեղորայք գնելու հնարավորությունից։ Ենթարկվել եմ տոտալ հալածանքի և ընչազրկման։ Ուստի խախտվել է Մայր Աթոռի վանական կանոնադրությունը և ՀՀ աշխատանքային օրենսգիրգը։ Ինչու՞ այս թեմաներով FIP.AM-ը կամ իի աղբյուրները բնավ չեն արձագանքել։
7․ Մի տեսակ տարօրինակ է, որ փաստերի հերքման այս շարանում լռելայն անտեսվել է Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հնչեցված վերջին հարցն ու իմ եզրափակիչ պնդումը՝ Կտրիճ Ներսիսյանի կենսաբանական, բայց ապօրինի հայր լինելու հանգամանքը։ Արդյոք այս քրիստոնեական և բարեպաշտական խնդիրը չի՞ հետաքրքրում FIP.AM-ին, թե՞ իրենք իերնց համար արդեն գտել են ճիշտ պատասխանը, բայց մեզ հետ չեն ուզում դա կիսել․․․
Առայժմ այսքանը»։