top of page

Ես հրեշտակ չեմ, թույլ եմ տվել բազում սխալներ ու սայթաքումներ. Մայր Աթոռի դիվանապետի ուշագրավ խոստովանությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 5 min read
ree

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ օղակը կարծես սեղմվում է։  Պատճառը, ինչպես հայտնի է,  շաբաթներ առաջ նրա ենթադրյալ մասնակցությամբ սկանդալային՝ անպարկեշտ բովանդակությամբ տեսագրություններն են, որոնք ակնհայտորեն կասկածի տակ են դնում բարձրաստիճան հոգևորականի՝ կուսակրոն լինելու հանգամանքը։ Նկատենք՝  Արշակ Խաչատրյանը 1997 թվականին է ձեռնադրվել կուսակրոն քահանա։  



Հիշեցնենք՝ հիշյալ տեսագրությունների հրապարակման բերումով օրերս մի խումբ հոգևորականներ Արշակ արքեպիսկոպոսի հարցը քննելու համար դիմել էին Գարեգին Բ-ին՝ առաջարկելով առժամանակ կասեցնել Մայր Աթոռում նրա զբաղեցրած պաշտոններն ու եկեղեցական ծառայությունը, նրան բնակության ուղարկել Մայր Աթոռից դուրս՝ Կաթողիկոսի կողմից նախատեսված վայրում։  «Խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է վկայում, որը խստագույնս դատապարտվում է հայոց կանոնական ժողովների կողմից։ Հավատացյալների շրջանում գայթակղություն և տարակուսանք առաջացնում։ ․․․Տեսանյութերի փորձաքննության համար հարկավոր է տուժող կողմի կամ Մայր Աթոռի դիմումը, որպեսզի պետական պատկան մարմինների կողմից իրականացվի նյութի անկախ փորձաքննություն և կատարվի վերջնական եզրակացություն»,- մասնավորապես նշված է թվով 7 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ Գարեգին Բ-ին ուղղված դիմումում։ Նկատենք՝ Արշակ Խաչատրյանը տուժող չի ճանաչվել  իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։ Արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը մամուլում հայտնել է, որ նախաքննությունն իրականացվում է անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ «Մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։  Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։ Այսինքն՝ նրա նկատմամբ եղել է ատելության տարածումը, հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննություն իրականացվի»,-  նշել է փաստաբանը։ Հավելենք, որ ավելի վաղ Գարեգին Բ-ն  Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները: 




Ո՞վ է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը



Գարեգին Բ-ի համերկրացի՝ Արմավիրի Ոսկեհատ գյուղում ծնված Արշակ (ավազանի անունը՝ Սամվել) Խաչատրյանի եկեղեցական ծառայությունը սկսվել է 1996-ից, նա այս ընթացքում մի շարք պաշտոններ է զբաղեցրել։ 1996-ին նա ձեռնադրվել է  սարկավագ, 1997 թ.-ին՝  կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Զավենարքեպիսկոպոս Չինչինյանի։





2001 թ.-ին ստացել  է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (Վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում»), 2004 թ.-ին ձեռնադրվել է  եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոսի: Իսկ ահա 2023-ին արժանացել է արքության պատվի՝  Գարեգին Բ-ի Հայրապետական Կոնդակով։ Նշենք, որ նույն՝ 2023-ին մեկ այլ եպիսկոպոս էր ստացել արքության պատիվ՝ «սրբազան պայքար»-ի առաջնորդ, այժմ կալանքի տակ գտնվող Վազգեն Գալստանյանը։

 



Ինչո՞ւ  եկեղեցական ծառայության կասեցում և ոչ՝ կարգալուծություն

 



Ինչպես արդեն նշեցինք վերը, Կաթողիկոսին ուղղված դիմումի հեղինակները խնդրում են կասեցնել Արշակ Խաչատրյանի եկեղեցական ծառայությունն ու փաստորեն պաշտոնանկ անել։ Հարց է ծագում՝ եթե բարձրաստիճան հոգևորականը ծանրագույն մեղք է գործել ու  խախտել  եկեղեցու կանոնագիրքը, ինչո՞ւ նրան կարգալույծ հռչակելու հարց չի բարձրացվում, ընթացակարգ, որը, նկատենք, այս ընթացքում կիրառվել է մասնավորապես «անհնազանդ քահանաների» նկատմամբ։ Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ եկեղեցականորեն եպիսկոպոսները հաջորդներն են Հիսուս Քրիստոսի առաքյալների՝ ձեռնադրությամբ և օծմամբ նրանց բաշխված Ս․Հոգու շնորհներով։  Յուրաքանչյուր եպիսկոպոս իր ձեռնադրության առթիվ հանդիսավոր ուխտ է կատարում և խոստանում հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանությանը, կանոններին և վերին իշխանությանը։ Կանոնադրությունը սահմանում է, որ եթե որևէ հոգևորական՝ Մայր Աթոռի և նրա վանքերի մեջ ծառայող, գտնվում է անկարգ ընթացքի մեջ, ապա նա կարգի է հրավիրվում Վեհափառ Հայրապետի կողմից բանավոր նկատողությամբ։ Եթե  հոգևորականը  շարունակում է  իր անկարգ ընթացքը, ստանում է  գրավոր նկատողություն։  Եթե համառում է իր անկարգության մեջ, ենթարկվում է պաշտոնազրկման կամ ժամանակավոր փիլոնազրկման։ Ծայրահեղ պարագայում Վեհափառ Հայրապետը տնօրինում է կարգազրկմամբ։ Արդյոք Արշակ Կարապետյանի նկատմամբ այս ընթացքում կիրառվե՞լ է վերոհիշյալ կանոնական «սանկցիաներից» որևէ մեկը՝ հայտնի չէ։ Բայց, փաստորեն,  7 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները առաջարկել են ոչ թե կարգազուրկ անել Մայր Աթոռի դիվանապետին, որը անմիջական կերպով պատասխանատու է Գարեգին Բ-ին, այլ կասեցնել նրա ծառայությունը, որը, ի համեմատ կարգազրկման (այն էլ՝ երկու տարի առաջ «արքության» պատիվ ստացածին), կարծես մեղմ պատիժ է։





Նշենք, որ մեկ տարի առաջ էլ ականատես եղանք եկեղեցական ծառայության  կասեցման ակտին, որը կիրառվեց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի դեպքում։  Հիշեցնենք՝ նա դիմել էր իր վերադասին՝ Կաթողիկոսին, սառեցնելու իր եկեղեցական 30-ամյա գործունեությունը, սակայն  նրա խնդրանքը քննարկվել էր Մայր Աթոռում և որոշվել՝ պահպանվում է նրա եպիսկոպոսական կարգը, բայց  դադարեցվում է  նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։

 



Երեկ մամուլում լուր հայտնվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել՝ քննելու Արշակ Խաչատրյանի հարցը։ Թե ինչ կորոշի այդ ժողովը՝ առայժմ հայտնի չէ։ Սակայն այն, որ բարձրաստիճան հոգևորականի շուրջ տեղի ունեցողը կաթողիկոսի մակարդակով քննության առարկա է դառնում, հուշում է, որ Մայր Աթոռը, թեև ուշացումով,  բայց վերադառնում է ադեկվատության տիրույթ։ Խնդիրը, սակայն, ունի բարոյական կողմ՝ արդյոք դիվանապետին դատելու բարոյական իրավունք ունի՞ մեկը, որը առնվազն կասկածվում է ոչ սուրբ լինելու, կուսակրոնության ուխտը խախտելու և դուստր ունենալու մեջ։ Արդ, եթե ենթադրյալ  ուխտազանցին  «դատելու» խնդիր է ի հայտ եկել, ապա նրա վերաբերյալ կայացված «վճիռը» տնօրինողն ինքն էլ ենթակա է դատվելու այն նույն արարքի համար, ինչի համար որ պիտի դատի իր ենթակային։      

 Նշենք, որ եպիսկոպոսաց ժողովը նիստի է հրավիրվում Կաթողիկոսի կողմից, քննարկում է ներքին թեմերից ներկայացված կրոնական, եկեղեցական, կարգապահական և այլ հարցեր, որոշումները կայացվում են քվեների մեծամասնությամբ և ներկայացվում Կաթողիկոսին՝ ի հաստատումն ու ի գործադրումն։



 

«Չ»հրեշտակի խոստովանությունը



 

Ուշագրավ է, որ անցյալ տարի սեպտեմբերին՝ Մայր Աթոռի վերաօծմանն ընդառաջ տեղի ունեցած ասուլիսում, Արշակ արքեպիսկոպոսն անկեղծության բացառիկ պոռթկում էր ունեցել ու, խոսելով ապաշխարության մասին, խոստովանել էր՝ ինքն էլ անմեղ հրեշտակ չէ։ «Անկեղծորեն ասած, ես բացարձակապես չեմ վրդովվում և չեմ նեղսրտում ապաշխարության կոչ անելու որևէ մեկի հորդորից։ Եթե որևէ մեկը մտածում է, որ ես հրեշտակ եմ, ես իրեն հուսախաբ պիտի անեմ։ Եթե մեկը մտածում է, որ ես անսխալական եմ, իրեն էլ խորը հուսախաբություն է սպասում։ Իմ կողմից էլ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, բազմաթիվ սայթաքումներ են եղել, բայց խնդիրը էստեղ բոլորովին այլ է։ Լինել մեղավոր, չի նշանակում կորցնել իրավունքը հանրային վտանգավորության ճակատագրական սպառնալիքներ պարունակող խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելուց և  դատապարտելուց։ Դա արել ենք ամեն մեկս և անելու ենք։ ․․․Եթե թերթենք մեր եկեղեցու ողջ պատմությունը, ապա չկա մի սուրբ՝ սկսած Գրիգոր Լուսավորչից մինչև Նարեկացի, որի կենսագրության մեջ եղած չլինեն սև կետեր։ Բայց մարդու, քրիստոնյայի առաքելությունն այն է, որ այդ սև կետերը իրեն չպետք է կասեցնեն խոսելու համար այնպիսի երևույթների մասին, որոնք համընդհանուր վտանգավորություն ունեն»։ Արշակ Խաչատրյանի այս պոռթկումը, նշենք, ուղղված էր իշխանության կողմից եկեղեցականներին  հասցեագրված ապաշխարելու հորդորին։





Մեկ տարվա հեռվից սույն հայտարարությունը՝ հրեշտակ չլինելու, սայթաքումներ ու սխալներ թույլ տված լինելու մասին  քննելիս հարց ծագեց՝ արդյոք Մայր Աթոռի դիվանապետն իր սայթաքումների ցանկում նկատի ունե՞ր նաև այն արարքը, որի վերաբերյալ առկա է տեսագրություն։ 





Ի դեպ, նկատենք, որ երբ նա խոսում էր իր սայթաքումների մասին, ասուլիսին ներկա Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Եսայի քահանա Արթենյանը մի պահ գլուխները կախեցին՝ հավանաբար գլխի ընկնելով, թե ինչ  արարքների մասին է ակնարկում դիվանապետը։





Հ․Գ․ Հարկ է նշել,  որ Արշակ արքեպիսկոպոսն աչքի է ընկել  իշխանությանն ուղղված անողոք քննադատությամբ, ընդհուպ՝ նզովալից բառապաշարով։ Հիշեցնենք՝ անցյալ տարի մայիսին՝ «սրբազան պայքար» կոչեցյալ շարժման օրերին, վերջինս ԱԱԾ էր հրավիրվել, ինչից հետո տելեգրամյան իր ալիքում մասնավորապես գրել էր, թե «ամեն մարդ պատասխան կտա իր արածի ևհատկապես՝ իր չարածի համար»։ Համաձայն ենք, բայց՝ մասամբ։ Կոնկրետ «սրբազան հոր» օրինակն աչքի առաջ ունենալով, այո, համաձայն ենք՝ պատասխան պետք է տալ արածների համար, հատկապես այն արածների, որոնք անելը համարվում է ծանր մեղք ու ուխտազանցություն։

Ի դեպ, մամուլում գրվեց, թե իբր Մայր Աթոռի դիվանապետի  վերաբերյալ իրավապահները քննում են վարույթներ, որոնցից մեկով, իբր, նա մեղադրվում է Գարեգին Ա-ին թունավորելու մեջ, մյուսով՝ փողերի լվացման։   

 


Հ. Մանուկյան

 
 
1/2412
bottom of page