Գերմանիան առաջին անգամ կմասնակցի ֆրանսիական միջուկային զսպման ուժերի զորավարժություններին
- 6 hours ago
- 2 min read

Փարիզն ու Բեռլինն ուրբաթ օրը կայացած ֆրանս-գերմանական պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում այս ոլորտում իրենց գործընկերության նպատակը ձևակերպել են այսպես. «Ամրապնդել մեր երկրների ու մեր մայրցամաքի անվտանգությունը և ավելի մեծ անորոշություն ստեղծել մեր հակառակորդների համար»։ Այս ձևակերպումը Կանցլեր Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը. հաղորդում է Euronews-ը։
Լրագրողների հետ հանդիպումը բավականին հագեցած է եղել. խոսք է գնացել թե՛ աերոտիեզերական ոլորտի, թե՛ առցանց վնասակար բովանդակությունից անչափահասների պաշտպանության, թե՛ կենսաթոշակային բարեփոխումների և թե՛ կապիտալի շուկաների միավորման մասին։ Սակայն ֆրանս-գերմանական տանդեմը հիմնական շեշտը դրել է պաշտպանության և եվրոպական զսպման վրա։ Մերցը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը «արդեն այս տարի» կմասնակցեն միջուկային զսպման ֆրանսիական զորավարժություններին։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումն անցկացվել է Բրյուլի Աուգուստուսբուրգ ամրոցում, որտեղ 80 տարի առաջ Կոնրադ Ադենաուերն ու Շարլ դը Գոլը դրել են ֆրանս-գերմանական համագործակցության հիմքերը։ Կանցլերն առիթը բաց չի թողել պատմությանն անդրադառնալու համար՝ հիշեցնելով, որ Գերմանիան ժամանակին հրաժարվել էր մտնել ֆրանսիական միջուկային հովանոցի տակ։ «Այն ժամանակ մենք դա չընդունեցինք, որովհետև ապրում էինք այլ աշխարհում։ Սակայն ներկայիս աշխարհը նոր պատասխաններ է պահանջում»,- պարզաբանել է նա։
Առաջին անգամն է, որ գերմանական և ֆրանսիական սովորական զորքերը կհամագործակցեն նմանատիպ զորավարժություններում։ «Չի բացառվում, որ սա հանգեցնի դոկտրինի փոփոխության, բայց այս մասին խոսելը դեռ վաղ է»,- զգուշավոր մեկնաբանություն է տվել ԳՖՀ կանցլերը։
Այս ուղղությամբ համատեղ շարժվելու նախաձեռնությունը բխում է ֆրանսիական կողմից։ Ելույթ ունենալով ԶԼՄ-ների առջև՝ Մակրոնը թվարկել է ընդլայնված գործընկերության խնդիրները. «Ստեղծել ռազմավարական մոտեցում, անցկացնել համատեղ զորավարժություններ, ձևավորել գործընկերության համատեղ տարրեր, հաստատել մեր թիմերի ավելի սերտ փոխգործակցություն և մեծացնել անորոշությունը մեր հակառակորդների համար, քանի որ դա լղոզում է միջուկային զսպման պատասխանատվությունը»։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «բաց է ցանկացած առաջարկի համար»։ Միևնույն ժամանակ, երկու առաջնորդներն էլ մատնանշել են ֆինանսավորմանը վերաբերող սահմանափակումները։ «Ընդլայնված զսպման նպատակը որևէ պարագայում չի ենթադրում ֆրանսիական միջուկային արսենալի համաֆինանսավորում»,- պարզաբանել է Մակրոնը։
Սակայն անգամ տեսախցիկների առջև ֆրանս-գերմանական միասնությունը ճաքեր է տալիս, մասնավորապես նոր սերնդի SCAF կործանիչի ձախողված համատեղ նախագծի պատճառով։
Հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ ինքնաթիռի նախագիծը փակվել է Airbus և Dassault կոնցեռնների միջև առկա լարվածության պատճառով։ «Մենք չիրականացրինք այն ամենը, ինչ ցանկանում էինք մեկ տարի առաջ, պետք է անկեղծ լինել։ Մենք ցավում ենք դրա համար»,- խոստովանել է Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ նախագիծը կործանեցին «արտադրական տարաձայնությունները»։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ծրագրի կառավարումը կվերանայվի, քանի որ SCAF-ը պարզապես ինքնաթիռ չէ, այլ մի ամբողջ համակարգ։
Չինաստանի հարցում առաջնորդները նույնպես չեն թաքցնում տարաձայնությունները։ Էմանուել Մակրոնը հիշեցնում է, որ երկու երկրներն ունեն «տարբեր պատմություն և տարբեր դիրքորոշումներ» աշխարհի երկրորդ տնտեսության նկատմամբ։ «Եվրոպան ամեն օր Չինաստանի հետ առևտրում մեկ միլիարդ եվրոյի դեֆիցիտ է արձանագրում»,- հիշեցրել է Ֆրանսիայի նախագահը՝ պնդելով, որ նորարարական կարողությունները պետք է տեղափոխվեն Եվրոպա, այլ ոչ թե ներմուծվեն չինական ապրանքներ։
Կանցլերն ավելի զգուշավոր էր. «Մենք ականատես ենք լինում աճող առևտրային դեֆիցիտի, որը վնաս է հասցնում Եվրոպական միությանը։ […] Մենք դեռ պետք է քննարկենք դա։ Ես չեմ ցանկանում հակամարտություն Չինաստանի հետ, բայց պետք է անկեղծ խոսել այն անհավասարակշռության մասին, որը հարվածում է մեր արդյունաբերությանը»,- նշել է նա։




















