Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել կրկին բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ներկայացուցիչ Ինան Աքգյուն Ալփը կոչ է արել կրկին բացել Հայաստանի հետ սահմանը, գրում է Agos-ը:
Նա հայտարարությունն արել է Կարսի նահանգի Աքյաքայի շրջանի Շահնալար գյուղում՝ թուրք-հայկական սահմանի մոտ, հին կամրջի տեղում։ Ըստ պատգամավորի՝ 1920 թվականին Կարսի ազատագրման ժամանակ այս վայրում գտնվող կամուրջը պայթեցրել էին իր պապերը։
«1920 թվականին Կարսի ազատագրման ժամանակ այս վայրում գտնվող հին կամուրջը պայթեցել էին իմ պապերը՝ այստեղով անցնող մատակարարման ուղիները կտրելու համար։ Դրանից հետո տեղի ունեցավ Կարսի ազատագրումը»,- ասել է Ալփը։
Նշելով կամրջի պատմական նշանակությունն իր համար՝ պատգամավորը 106 տարի անց նույն վայրից կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը։
«106 տարի անց ես, որպես Կարսից ընտրված պատգամավոր, պահանջում եմ այս կամրջով բացել հայկական դարպասները։ 106 տարի առաջ մենք այստեղ նահատակներ ենք տվել։ Այսօր այդ տառապանքների փոխարեն առաջին տեղում ենք դնում մեր ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը»,- հայտարարել է նա։
Ալփը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին։
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ խնդիրները վերածվեն կայուն խաղաղության, որ Հայաստանի հետ սահմանը կրկին բացվի, և այս երթուղով սկսվի առևտուրը»,- ասել է պատգամավորը։




















