Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համար․ Խալիլ Շիրղոլամի

Իրանը Հայաստանին առաջարկում է ստեղծել TRIPP-ի վերաբերյալ կարծիքների փոխանակման մեխանիզմ, դա թույլ կտա վերացնել առկա մտահոգությունները, «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Իրանը Հայաստանին հայտնել է իր մտահոգությունը նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Թրամփի թշնամական քաղաքականությունը իրանցի ժողովրդի նկատմամբ։ Այդուհանդերձ, հարցը հնարավոր է լուծել՝ հաշվի առնելով Երևանի և Թեհրանի միջև առկա բարեկամության և բարիդրացիության մթնոլորտը։
Նախագծի մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, և այդ մեխանիզմները պակաս կարևոր չեն, քան TRIPP-ի իրականացման գործընթացը։ Նախագիծը որևէ կերպ չպետք է ոտնահարի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Թեհրանը վճռականորեն հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ՝ հասկանալով, որ դա կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը։ Իրանն այժմ էլ հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համար»,-նշել է նա։




















