Սամվել Կարապետյանը պետք է «մի ոտ շուտ շարժվեր» ու Սերժ Սարգսյանի օրոք սկսեր «իր ձևով» շարժումը
- Investigative journalist

- Aug 15
- 3 min read

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը որոշել է իր քաղաքական մուտքը կուսակցառատ դաշտ «մի մատ խորքից» սկսել՝ նախ շարժում գեներացնել, հետո՝ դրա հիման վրա կուսակցություն ձևավորել՝ մասնակցելու 2026-ի ԱԺ ընտրություններին։ Թե երբ այս շարժումը «իր ձևով» կազդարարի իր մասին, և որը կլինի այդ ձևը՝ դեռևս հայտնի չէ։
Սամվել Կարապետյանի թիմում, վստահ ենք, տեղյակ են նախքան այս սկսված ու մարած, ավելի ճիշտ՝ իրենց մահով մեռած անփառունակ շարժումների մասին, և եթե իմանալով հանդերձ որոշել են հերթական անփառունակ վախճանով մի շարժում էլ իրենք նախաձեռնել, ուրեմն առնվազն տառապում են մազոխիզմով։ Հիշեցնենք հարգելի ընթերցողին ու անիմաստ շարժումների վրա փողերը քամուն տալ պատրաստվող Կարապետյանի թիմին, թե նախքան այս քանի՜ պես-պես շարժումներ են սկսվել ու մարել՝ «Հայրենիքի փրկության», «Դիմադրության», «Սրբազան», սրանց արանքում էլ ազդարարվել են մի քանի շաբաթվա կյանք ունեցած «շարժումիկների» մասին՝ «Ազատագրական», «Միասին», «Անկախության»... Հա, ի դեպ, այս վերջինի գլխավոր և միակ ու անկրկնելի «շարժիչը» նախկին դեսպան Էդգար Ղազարյանն էր, որի խորհրդատվական ծառայություններից, հուսանք, Կարապետյանի թիմը չի օգտվի՝ խայտառակ չլինելու համար։ Ինչևէ։
Արդ, հիշենք, թե ինչպես հասարակական-քաղաքական խոսույթ մտավ «մեր ձևով» կապակցությունը. եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես եկած Սամվել Կարապետյանն էր իր հայտնի հայտարարության մեջ մասնավորապես նշել՝ «եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Հայ հանրությունը, սակայն, այդպես էլ չիմացավ, թե այդ ո՞ր ձևը նկատի ուներ ռուսաստանցի միլիարդատերը, ովքե՞ր էին «մենք»-ի մեջ մտնում, որ «մեր ձևով» պետք է անեին այն, ինչ պետք է անեին։ Դատարանը, հուսանք, սեղմ ժամկետում կտա այդ հարցերի պատասխանները։ Իսկ նախքան այդ՝ դառնանք այն նպատակներին, որոնք հռչակել է անհայտ ձևով «Մեր ձևով»-ը։ Եվ այսպես՝ «զարգացնել տնտեսությունը, ստեղծելիրական հնարավորություններ բիզնեսի ևհարստացման համար, ամրապնդել ընտանեկանու ազգային արժեքները, վերականգնելՀայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվապրելու իրավունքը, երիտասարդներինվերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝զարգացնելով կրթական համակարգը, պահպանելու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին»։
Արժանին պետք է մատուցել Կարապետյանի «ստեղծագործական թիմին», որ իրենց նպատակների մեջ այդքան զուսպ են, համեստ, բավարարվել են ընդամենը յոթը նշել։ Կարող էին, չէ՞, 17-ը նշել կամ՝ 27-ը։ Փաստորեն, ի համեմատ մյուս՝ նախքան այս ծավալված շարժումների, այս մեկը հղացածների մոտ նկատելի առաջընթաց կա և գովելի ադեկվատություն՝ նրանք որպես առաջնային և գերնպատակ չեն համարել Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ Դե նրա, էլի, որը, ըստ Սամվել Կարապետյանի ստեղծագործական թիմի (նաև՝ օլիգարխի անձն ու գործը գովաբանող Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի) Հայաստանին զրկել է վստահելի գործընկերոջ համբավից, փաստորեն, բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելով, օրերս էլ Սպիտակ տանը ռազմավարական նշանակության փաստաթղթեր ստորագրելով։ Նրա, էլի, որը տնտեսությունը զարգացնելու փոխարեն քայքայել է այն՝ զարկ տալով ստվերին, «սև հաշվապահությանը», տնտեսական մենաշնորհներին, օլիգոպոլիային, հարկեր թաքցնելուն, «սաշիկիզմին»։ Նրան, էլի, որը ժողովրդին չի սովորեցրել բիզնես անելու, հարստանալու ձևերը՝ հետևողականորեն ունեզրկելով ու թալանելով վերջինիս ու համալրելով այն մի քանի տասնյակ ընտանիքների թիվը, որոնց ձեռքում է կենտրոնացած Հայաստանի ընդերքն ու հարստութունը, նրան, էլի, որը քայքայել է ընտանեկան ու ազգային արժեքները՝ դրանց մեջ ներառելով հայոց պետականությունը, ՀՀ անկախությունը, պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, հայրենիքը, ընտանիքը, անհատը... նրան, էլի, որը երիտասարդներին մղել է իրենց ապագայի հանդեպ հուսալքության՝ գործարկելով մասնավորապես Ակադեմիական քաղաք ծրագիրը։ Նրան, էլի, որը սկսել է եկեղեցու «ապամոնտաժման» գործընթաց՝ եկեղեցին նույնպես կարգելով ազգային արժեքների շարքում, բարձրացնելով Աստծո տան չչուլանացման, եկեղեցու կանոնակարգը խախտած, ոչ սրբակենցաղ եկեղեցականների՝ սրբավայրն ազատելու հարցը...
Կարապետյանի հետ ընտիր հարաբերություններ ունեցող Սերժ Սարգսյանը լիներ, կասեր՝ «Սամո ջան, սիրուն չի», ու հաստատ կաղաղակեր՝ «պոպուլիզմը կործանեց Հայաստանը, պոպուլիզմին պետք է վերջ տանք»։ Նա էր, չէ՞, 2021-ի ընտրությունների ժամանակ ՊՈՒ-ի քարոզչական հոլովակում մուրճ նետում ու փշրում պատին փակցված շրջանակը, որի վրա գրված էր «Պոպուլիզմ»։ Ինչևէ։
Մի հարց, այսուհանդերձ, բաց է մնում՝ եթե Սամվել Կարապետյանը որոշել է շարժման շրջանակներում անել այն, ինչ խոստացել է, ապա ինչո՞ւ նման վեհ ու սեգ բաներ անելու միտք նրա մոտ չէր հղանում նախքան հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, այն շրջանում, երբ Սերժ Սարգսյանն էր երկրի նախագահը, իր եղբայր Կարեն Կարապետյանն էլ վերջինիս աշխատակազմի ղեկավարն էր, նախքան այդ էլ՝ ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից։ Ի՞նչ է, այդ շրջանում երկրի կառավարման ձևը, որը կիրառում էր «Սերժն ու յուր կամանդը», դո՞ւր էր գալիս Սամվել Կարապետյանի պատկերացումներին։ Պատասխանն ակնհայտ է։ Երևի «մեր ձևով» ասածը հենց այն ձևն է, որի դեմ պայքարի էր դուրս եկել ժողովուրդն ու հաղթեց այդ պայքարում՝ իր ձևով՝ ընտրությունների միջոցով իշխանության բերելով այսօր կառավարող ուժին։ Այ եթե Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանը «մի ոտ շուտ» սկսած լիներ իր շարժումը, երկիրն ու տնտեսությունը, մեկ այլ նախկին նախագահի խոսքով ասած, «թարազուի» բերեր, այսօր ստիպված չէր լինի բանտից ուղերձներ հղել ինչ-որ շարժում ձևավորելու, դրա հիման վրա էլ կուսակցություն ստեղծելու ու այլևայլ անհեռանկար պլանների մասին՝ հաստատ իմանալով, որ դրանց վախճանը լինելու է, մեղմ ասած, անփառունակ։
Հ. Մանուկյան




















