top of page

Լուկաշենկոն ազատել է 25 քաղբանտարկյալի՝ երկու բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց

1 hour ago
2 min read


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է 25 քաղբանտարկյալի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլի հետ բանակցություններից հետո։ «Մենք կշարունակենք բարելավել ԱՄՆ-ի և Բելառուսի հարաբերությունները և աշխատում ենք մոտ ապագայում ավելի շատ մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ։ Մենք դեռ չենք ավարտել», - X սոցիալական ցանցում գրել է Քոուլը։ Նրա տվյալներով՝ այժմ բոլոր ազատ արձակվածները Լիտվայում են։

Դոնալդ Թրամփի նախագահի հատուկ բանագնացը Մինսկ է ժամանել նախօրեին՝ սեպտեմբերի 15-ին։ Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում նա առաջարկել է ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ երկու բելառուսական ընկերությունների՝ «Լակոկրասկա»-ի և «Բելլեսբումպրոմ»-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման դիմաց։ Նա հայտարարել է նաև, որ ամերիկյան վարչակազմը դիմել է Citibank-ին՝ բելառուսական ակտիվների սառեցումը հանելու և դրանք վերադարձնելու համար։ «Հիմա մշակում ենք մեխանիզմ, թե ինչպես դա անել։ Հենց որ բանկից կոնկրետ պատասխան ստանանք, անմիջապես ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Քոուլը։

Բելառուս այցի արդյունքներով Թրամփի հատուկ բանագնացը նշել է, որ Մինսկն ու Վաշինգտոնը քննարկել են միջազգային, երկկողմ և այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես նաև համաձայնեցրել են ինչ-որ միջանկյալ համաձայնագիր։ «Երբ բոլոր հարցերը լուծվեն և երկու կողմերը համաձայնեցնեն, կլինեն անձանց լրացուցիչ ազատ արձակումներ և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումներ»,- ընդգծել է Քոուլը։

«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ազատության մեջ են հայտնվել TUT.By-ի նախկին գլխավոր տնօրեն Լյուդմիլա Չեկինան, «ԲելաՊԱՆ» գործակալության նախկին տնօրեն Դմիտրի Նովոժիլովը, լրագրողներ Անդրեյ Ալեքսանդրովն ու Կիրիլ Պոզնյակը, փաստաբան Անաստասիա Լազարենկոն, «Եվրոպական Բելառուս» շարժման ակտիվիստ Ալյոնա Լազարչիկը, բողոքի թելեգրամյան ալիքների ադմինիստրատոր Յանա Պինչուկը, «Ստարի Օլսա» խմբի երաժիշտ Ալես Չումակովը, ոստիկանության նախկին աշխատակից և IT մասնագետ Կիրիլ Գնեզդիլովը և այլք։

Օգոստոսի վերջին Քոուլն ասում էր, որ ԱՄՆ-ն արդեն հասել է Բելառուսում 700–800 բանտարկյալների ազատ արձակմանը։ «Որքան ինձ հայտնի է, գրեթե բոլոր ամենահայտնի բանտարկյալներն ազատ են արձակվել»,- ասել էր Թրամփի հատուկ բանագնացը։ Նախորդ անգամ Քոուլը Բելառուս էր այցելել մարտին․ այն ժամանակ նա հայտարարել էր Բելինվեստբանկի, Զարգացման բանկի և հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման, ինչպես նաև Բելառուսական կալիումի ընկերության և «Բելառուսկալի»-ի՝ բոլոր պատժամիջոցային ցուցակներից դուրս բերման մասին։

 
 
1/2846
bottom of page