Բարձր ենք գնահատում ՀՀ հանձնառությունը՝ ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում. Ռումինիայի նախագահ

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից՝ զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի շահերից, Ռումինիայի անվտանգային շահերից, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ»,- «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Նա նաև ասել է. «Այսօր մենք հետևողական քննարկում ծավալեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, որը վերաբերում էր մեր հարաբերությունների ապագային, մեր միջև ինստիտուցիոնալ համագործակցությանը։ Մենք նաև խոսեցինք գերազանց տնտեսական այն հնարավորությունների մասին, որը կա մեր երկրների համար՝ հատկապես հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերությունները։
Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս՝ խոսեցինք կոնկրետ խնդիրների մասին, օրինակ՝ համագործակցություն ՏՏ ոլորտում։ Ինչպես նաև քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և ԵՄ հարաբերությունների սերտացման մասին, որին Ռումինիան հետևողականորեն աջակցում է։ Այս երկխոսության բոլոր փուլերում՝ Հայաստան-ԵՄ երկխոսություն, վիզաների ազատականացում, համագործակցության ամրապնդում, անվտանգային, ինստիտուցիոնալ դիմակայունության և այլ ոլորտներում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և մյուս ոլորտներում՝ մենք աջակցում ենք։ Ինչպես գիտեք, Ռումինիան էապես ներկայացված է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում։ Թույլ տվեք իմ աջակցությունը վերահաստատել ցանկացած հարցում, որ կարող եմ օգտակար լինել Հայաստանին և Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործընթացին»։
ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «
Այսօր մենք հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին՝ ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը։ Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակումների հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի Եվրոպական միություն: Երկուստեք կարևորել ենք գործարար համաժողովների անցկացումը, անդրադարձել ենք Հայաստան-Ռումինիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերաակտիվացման կարևորությանը:
Հեռանկարային ենք համարել վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում գործնական ծրագրերի իրագործումը:
Ռումինիայի նախագահի հետ անդրադարձ ենք կատարել նաև պաշտպանության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:
Քննարկել ենք նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը և հետագա համագործակցության զարգացումը: Ընդգծել ենք համատեղ հետազոտությունների, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի կարևորությունը մեր երկրների միջև կապերի սերտացման տեսանկյունից։ Այդ առումով համագործակցության հնարավորություններ ենք տեսնում նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շրջանակում»։




















