Հայաստանում մոպեդների և մոտոցիկլետների մասնակցությամբ վթարների թիվն աճել է
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Հայաստանում մոպեդների և մոտոցիկլետների մասնակցությամբ վթարների թվի աճ է գրանցվել։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը երկրում գրանցվել է մոտոցիկլետների կամ մոպեդների մասնակցությամբ 175 ճանապարհատրանսպորտային պատահար։ Այդ վթարների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 202-ը։
Այս ցուցանիշը 10 ամսից պակաս ժամանակահատվածում զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները. 2024 թվականին գրանցվել է 82 նման վթար, որի արդյունքում զոհվել են երեք, մարմնական վնասվածքներ ստացել՝ 87 մարդ։
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվան նախորդող երեք տարիների ցուցանիշները ինչպես վթարների, այնպես էլ զոհերի թվի կայուն նվազման միտում են ցույց տալիս:
2023 թվականին գրանցվել է 151 վթար, արդյունքում զոհվել են 5, մարմնական վնասվածքներ ստացել 166 մարդ։
2022 թվականին՝ գրանցվել է 169 վթար, արդյունքում զոհվել են 6, մարմնական վնասվածքներ ստացել 178 մարդ։
Մոպեդների և մոտոցիկլետների մասնակցությամբ վթարների աճը փորձագետները հիմնականում բացատրում են այս տեսակի տրանսպորտային միջոցների թվի աճով։




















