top of page

Իսկ ո՞ր ուժերի հետ է պատրաստվում դաշնակցել Քոչարյանը, ո՞ր ուժերն են պատրաստ գործարքի գնալ համարյա «մինչև քոք մաշված» ռեյտինգով գործչի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 30
  • 4 min read

Նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահները վերջին ամիսներին հաճախ են հիշեցնում իրենց մասին՝ հանրային միջոցառումներին մասնակցելու, քաղաքական ուղերձներ հղելու տեսքով։ Նկատած կլինեք, որ եթե նրանցից մեկը ասուլիս է հրավիրում կամ հրապարակային ելույթ է ունենում, որոշ ժամանակ անց՝ «քառսունքակոխ» չլինելու համար, ելույթ է ունենում նաև մյուսը։  «Հերթն», արդ,  Քոչարյանինն էր, որը, նկատենք, վերջին երեք ամսվա ընթացքում  երկու անգամ է իր մասին հիշեցնում՝ վերջինը  «Հայկական համալսարան»-ի շրջանակներում նախօրեին  կարդացած բանախոսությունն էր։


 Ակնհայտ է, որ այս երկուսը միմյանց դիտարկում են որպես լրջագույն քաղաքական կոնկուրենտներ և նախապատրաստվում առաջիկա ԱԺ ընտրություններին՝ անշուշտ, ակնկալելով արտաքին՝ ՌԴ-ի աջակցությունը (այդ թեմայով հանդես կգանք  առանձին հրապարակմամբ)։  Միջանկյալ «պրոցեդուրաները»՝ փողոցային զանազան անուններով շարժումների վերսկսում, իմպիչմենտի ֆիկտիվ գործընթացի նախաձեռնում և այլն, ընդամենը 2026-ից առաջ ընդդիմադիր տոնուսի մեջ մնալու,  նոսրացած շարքերով ընտրազանգվածին դիտարժան տեսարաններով զբաղեցնելու նպատակ ունեն։  Ոչ ավելին։ Էքսնախագահներն ու նրանց թիմերը, համոզված ենք, իրենց հերթին համոզված են, որ թե՛ փողոցային պայքարի, թե՛ մնացած՝ իրենց ոչ արդյունավետությունն ապացուցած միջոցառումների օգնությամբ չեն հասնելու փափագելի նպատակին՝ վաղաժամկետ իշխանափոխությանը, ուստի պետք է նախապատրաստվել սահմանադրական միակ եղանակով «հարցերը լուծելուն»՝ ընտրություններին։ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ելքը, երբ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով մտնելով ընտրապայքարի մեջ՝ կարողացան վերցնել քաղաքային իշխանությունը, հույս է ներշնչել ընդդիմությանը, որ սահմանադրական հենց այդ ինստիտուտն է եղել և մնում իշխանության հավակնելու միակ հնարավոր եղանակը։  Խնդիրն այն է, թե արդյոք նախկին նախագահներն ունե՞ն հանրային աջակցության բավարար մակարդակ՝ հավակնելու ՀՀ-ում նոր իշխանության ձևավորմանը, թե՞ պետք է նախընտրական լայն կոալիցիա կազմել՝ գոնե կրկնելու 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված արդյունքը։ Ի դեպ, Գյումրիում արձանագրված «հաղթանակը», որից  ընդդիմությունն էքստազի մեջ է, ունի իր սպեցիֆիկան. ակնհայտ է, որ այդ համայնքում տեղի ունեցան ոչ թե դասական իմաստով համամասնական, այլ մաքուր մեծամասնական ընտրություններ, ստացված տոկոսներն էլ  ոչ թե կուսակցություններինն էին, այլ դրանք առաջնորդող լիդերներինը։ Ասել է թե՝ ընտրողները քվեարկել են ոչ թե Կոմկուսի և կամ «Մեր քաղաքը» դաշինքի, այլ՝ Վարդան Ղուկասյան և Մարտուն Գրիգորյան քաղգործիչների օգտին, հետևապես ստացված տոկոսները բացառապես այդ գործիչների հանրային աջակցության տոկոսներն են։ Արդ, արդյոք երկրորդ նախագահն ունի՞ այնքան  հեղինակություն, որ կարողանա արձանագրել թեկուզ Վարդան Ղուկասյանի «հաջողության պատմությունը»։  Քոչարյանը, նկատենք, իր վերոհիշյալ դասախոսության ժամանակ նշել է, որ կոնկրետ նպատակի շուրջ, «այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել»՝ միաժամանակ հավելելով. «Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների, և՛ ընկալումների, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք»։  Իսկ ո՞ր ուժերի հետ է պատրաստվում դաշինք կազմել Քոչարյանը, ո՞ր ուժերն են, որ կարող են նախընտրական գործարքի գնալ համարյա «մինչև քոք մաշված» ռեյտինգով երկրորդ նախագահի հետ՝ այսպիսով նույնացվելով վերջինիս հետ և ճաշակելով վերջինիս ձախողման պտուղները։ 

Երբ Քոչարյանն ասում է, թե նախընտրական լայն կոնսոլիդացիա, այն է՝ 15 կամ 20 միավոր կուսակցությունների դաշինք չի պատկերացնում, ելնում է իրատեսությունից՝ քաղաքական դաշտում չկան այդչափ քաղաքական կայացած, հեղինակություն և ռեսուրս ունեցող կուսակցություններ, որպեսզի դրանց հետ հնարավոր լինի դաշինք կազմել։ Քաղաքական դաշտի, կուսակցական համակարգի  չկայացման, ամլացման, եթե կուզեք՝  «դոդա-դհոլ»-ացման, «հաճախորդ»-ացման,  «իդիոտ»-ացման գործում,  ի դեպ, մեծ է թե՛ իր՝ Քոչարյանի, թե նաև նրա հաջորդի՝ Սերժ Սարգսյանի ներդրումը։

Հիշեցնենք՝ հետպատերազմական ամենածայրահեղ շրջանում ՝ «Հայրենիքի փրկության» կոչեցյալ շարժման ժամանակ էլ, մոտ երկու տասնյակ՝ 17 քաղաքական ուժեր (https://politik.am/am/17-qaxaqakan-uzher-pahanjum-en-nikol-pashinyani-ev-karavarutyan-hrazharakany-haytararutyun)

 (ԲՀԿ-ն , ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայրենիք»-ը, ինչպես նաև մարդ-կուսակցությունները՝ «Երկիր Ծիրանի»-ն, «Ազատություն»-ը, «Ալյանս»-ը, «Համերաշխություն»-ը և այլն) միացել դաշինք էին կազմել  և ամիսներ շարունակ պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Բայց երբ  Փաշինյանն ազդարարեց քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտահերթ ընտրությունների գնալու մասին, ՀՓՇ-ն փլուզվեց, դրան միացած կուսակցությունների մեծ մասը, մոռանալով, թե «ինչի համար էին հավաքվել», շտապեցին «միանձնյա» մասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք՝ 2021-ին ընտրապայքարի մեջ էր մտել 25 քաղաքական ուժ, որոնցից 4-ը՝ դաշինք, որոնցից միայն երեքն անցան խորհրդարան։ Քոչարյանին հաջողվեց դաշինք կազմել միայն երկու քաղաքական ուժի՝ Սյունիքի  նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մարդ-կուսակցություն «Վերածնվող Հայաստան»-ի և իր «մշտական»-ի՝ ՀՅԴ-ի հետ։ 2022-ին ձևավորված հերթական՝ Դիմադրության շարժման խայտառակ ֆիասկոյից հետո էլ, հիշեցնենք,  դաշինքը, որը ձևավորվել էր մեկ նպատակի շուրջ՝ Փաշինյանին իշխանազրկելու,  փլուզվեց՝ Հակոբյանը լքեց  խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը, որոշ ժամանակ անց էլ՝ կուսակցության նախագահի պաշտոնը։ Արդ, ո՞ր կայացած, ընդդիմադիր կուսակցությունների կոնգլոմերատն է, որ պետք է այս անգամ՝  2026-ի ընտրություններին սպասարկի Քոչարյանի իշխանական ամբիցիաները՝ բացի, իհարկե, մեր հին ընկեր Դաշնակցությունից։  Կենսագրություն ունեցող կուսակցություն, որը, 2021-ին դաշնակցելով երկրորդ նախագահի հետ ու ընկալվելով որպես վերջինիս «անձնական օգտագործման» կուսակցություն, այդու ստիպված է շարունակել անպատիվ առաքելությունը՝ հավատարիմ մնալ իր «միակին ու մշտականին»,  քանի որ ընտրություններին միայնակ մասնակցելու պարագայում մեծ հավանականությամբ չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։   



Կարող է  հարց ծագել՝ արդյոք Քոչարյանի նախանշած նպատակը, որին հետամուտ է նաև երրորդ նախագահը, այն է՝ ամենաբարձր լեգիտիմություն ունեցող ուժին՝ ՔՊ-ին իշխանությունից զրկելը կարո՞ղ է ստիպել այս երկուսին հանուն այդ նպատակի մի կողմ դնել կոնկուրենցիան ու դաշնակցել։ Մեր դիտարկմամբ՝ սա բացառված սցենար է, քանի որ արդեն իսկ ոչ պաշտոնապես մեկնարկած նախընտրական այս փուլում տեղի է  ունեցել «խաղի կանոնների» կոպիտ խախտում՝ երկրորդի և երրորդի թիմերն անցել են քաղաքական ակտիվ փոխհրաձգության՝ մոռանալով հիմնական թիրախին՝ իշխանությանը: Նկատենք՝  «երկրորդն» ու «երրորդը» 2021 թվականի արտահերթ ընտրությունների միջոցով իրենց իշխանական հավակնությունները բավարարելու բացառիկ հնարավորություն էին ստացել, սակայն չկարողացան հաղթահարել ներքին մրցակցությունն ու հանդես չեկան միասնական դաշինքով։  Չենք կարծում, որ 2026-ին ընդառաջ՝ երբեմնի սիամական երկվորյակներն ի վիճակի կլինեն հակառակ գնալ հայտնի ասացվածքի տրամաբանությանը՝ «եփվել մեկ կաթսայում»։



Հ.Գ. Նախկինում առիթ ունեցել ենք գրելու, որ  երկրորդ և երրորդ նախագահների միջև առկա հակասությունները խոր արմատներ ունեն, որոնք նկատելի էին նաև դեռ նախքան հեղափոխությունը։ Վերստին արձանագրենք՝ Սերժ Սարգսյանը խախտել է իշխանության փոխանցման կարգը, այն իշխանության, որը վերցվել էր 1998-ին,  երկուսի՝ իր և Քոչարյանի մեջ էր կիսվել 1999 հոկտեմբերի 27-ի միջոցով, փոխանցվել էր 2008-ի մարտի 1-ի գնով և անվերադարձ զիջվեց 2018-ի հեղափոխության հետևանքով։


Հ. Մանուկյան

1/2160
bottom of page