top of page

«Իրավունք». Իրանի նախագահի այցը Ստեփանակերտ Իրանում «ծափերով» չեն ընդունել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 2 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը գրավյալ Արցախ՝ մասնակցելու Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ներհայաստանյան շրջանակներում լայն քննադատության է արժանացել, ինչպե՞ս են գնահատում Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ Իրանում հարցին պատասխանում էԹեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

- Նախագահ Փեզեշքիանի այցը բռնագրավված Արցախ ոչ միայն քննադատության է արժանացել հայկական այլ նաև իրանական կողմի մոտ, նամանավանդ, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանի օդային տարածքից հետախուզական և հարվածող ԱԹՍ-ներ են ներխուժել Իրան: Ինչի մնասին նույնինքն Փեզեշքիանը ևս արտահայտվել է սրանից 10 օր առաջ:Այնուամենայնիվ, իմ կարծիքով Փեզեշքիանն այս պահին ավելի շուտ մտադիր է հնարավորինս Իրանին դուրս բերել հետպատերազմյան ճնշված վիճակից և որոշակիորեն աշխուժություն դրսևորել միջազգային և տարածաշրջանային քաղաքական ասպարեզում:

- Ինչո՞ւ էր հենց Ստեփանակերտում կազմակերպվել այդ գագաթնաժողովը:

- Ոչ մեկի հատկապես Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար գաղտնիք չէ, որ Արցախը և Ստեփանակերտը հայկական տարածքներ են, որոնք այսօր հայաթափված են, ուստի նման քայլով Ալիևը փորձում է Ադրբեջանի կեղծ պատմությունը որպես «իրականություն» մատուցել ինքն իրեն ու իր հարևան երկրներին: Պատմության կեղծումը թյուրքական հին ձեռագիր է և դրանում բացառություն չի կազմում նաև Ալիևի հայատյաց ու բռնատիրական իշխանությունը:

-  «QudsOnline»-ը իր հոդվածն ԻԻՀ նախագահի այցի մասին եզրափակում է հետեւյալ տողերով. «Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»: Ի՞նչ էր ուզում ասել այդ ամենով Ադրբեջանի ղեկավարը։

- Ինչպես նշեցի առաջին հարցի պատասխանում, իրանական շատ փորձագետներ և ԶԼՄ-ներ, որոնց թվում նաև «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը (ի դեպ այս թերթի առաջին տնօրենն ու խմբագիրը եղել է Իրանի ներկա հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին), Փեզեշքիանի այցի օրերին, իր խմնբագրական հոդվածով կասկածյալի աթոռին է գամում  և՛ Բաքվին, և՛ Ալիևին՝ Իրանի նախկին նախագահ Ռայիսի մահվան հարցում և սպառնացել է, որ եթե փաստվի, որ Բաքուն գործակցել է Թել-Ավիվի հետ՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ, այդ դեպքում «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատժվեն Իսրայելի կողքին կանգնելու համար»:

- Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը իր աջակցությունն է հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին»՝ հայտնի բանաձևին, սա ինչպես եք գնահատում։

- Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական երկրների լիգայի ժողովը նաև այն հարթակներից է, որ Ալիևը կրկին փորձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից դիվիդենտներ շահել: Այս հարցմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տվել է հստակ պարզաբանում, ըստ որի՝ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության հետ: Այնպես, որ իրանական կողմի տված համաձայնությունն այդ բանաձևին ու նաև Փեզեշքիանի այցը Բռնագրավված Ստեփանակերտ չեն նշանակում, որ Իրանը փոխում է իր սկզբունքային դիրքորոշումը ՀՀ սահմանների անխախտելիության և մասնակից բոլոր երկրները ունեն իրենց առանձին կեցվածքը և այստեղ շատ կարևոր դեր է խաղում ՀՀ ԱԳՆ-ի լուսաբանական աշխատանքն յուրաքանչյուր երկրի հետ: Եվ Ալիևի մերթ ընդ մերթ դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունը որևէ կապ չունի դավանանքային կամ կրոնական հարցերի հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page