top of page

Հավատքը չէ, որ սասանվում է, այլ՝ Գարեգինի գահը․ որքան շուտ նա հեռանա, այնքան քիչ կաղտոտվի Եկեղեցին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 2 min read

Ֆրանսիայի Հայկական Շարժման նախագահ Ջաք Ռաֆֆի Փափազյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

Վարչապետի ելույթը ցնցեց հանրությանը։ Այո՛, կոշտ էր, երբեմն՝ անպատշաճ։ Բայց անհրաժեշտ է ճշմարտության պարզությունը. այլևս գրեթե ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այս կաթողիկոսին։ Բոլորը գիտեն նրա շեղումների մասին՝ հարստություն, շքեղություն, ռուսական շքանշաններ, ընտանեկան նշանակումներ։ Եվ, ամենավտանգավորը՝ մի լռություն, որն ազգային ողբերգությունների պահին վերածվել է մեղսակցության։

Ոմանք, հատկապես մտավորական շրջանակներից, ձևացնում են վրդովմունք՝ ոչ թե բովանդակությունից, այլ ձևից։ Սակայն ոչ ոք չի համարձակվում դատապարտել մի պարզ փաստ. Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարն արժանացել է Պուտինի շքանշանին՝ 2022-ի նոյեմբերին, ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Արցախի մեծ մասն արդեն բռնազավթված էր։ Այդ օրերին տասնյակ հազարավոր հայեր վտարվում էին իրենց տներից, զոհվում էին զինվորներ, իսկ կաթողիկոսը լուռ ընդունում էր Ռուսաստանի պատվո շքանշանը։ Ինչպիսի՞ ուղերձ էր սա ժողովրդին։ Թե՞ Մոսկվային հավատարմությունը բարձր է մեր զոհվածների հիշատակից։ Թե՞ ծառայել Կրեմլին՝ ավելի արժանի է, քան ծառայել հայ ժողովրդին։

Պետք է հիշել՝ կաթողիկոսի եղբայրը, Եզրաս արքեպիսկոպոսը, ղեկավարում է Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմը՝ սփյուռքի ամենահարուստ և ամենազդեցիկ թեմերից մեկը։ Այդ թեմը, իր պատմությամբ, ծառայել է որպես ռուսական ազդեցության գործիք հայկական համայնքների վրա և այսօր էլ շարունակում է գործել որպես քաղաքական լծակ՝ ուղղակի ենթարկվելով Գարեգին Բ-ի ընտանիքին։ Սա շահերի բացահայտ բախում է։ Սա հոգևոր գաղութացում է՝ փաթեթավորված ավանդույթի քողով։ Բացի այդ, երբեք ամբողջությամբ չեն հերքվել այն լուրերը, թե կաթողիկոսը ԽՍՀՄ տարիներին համագործակցել է ԿԳԲ-ի հետ՝ հատկապես երբ 1970-ականներին հոգևոր ծառայություն էր իրականացնում Արևմտյան Գերմանիայում։ Մեղադրանքներ, որոնք նա անձամբ երբեք չի հերքել։ Վերջերս դրանք կրկին ակտիվացել են՝ նրա հանդիպումներից հետո Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ Պուտինի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի։ Երբ Հայաստանը փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության ցանցից, տեսնել, թե ինչպես է մեր հոգևոր առաջնորդը սեղմում բռնապետի ձեռքը, այլևս ընկալելի չէ որպես չեզոքություն։ Դա ենթարկվածություն է։ Գաղափարական հպատակություն։ Այո՛, խոսվում է միասնության, համերաշխության, հաշտեցման մասին։ Բայց մոռացվում է, որ Եկեղեցին չպետք է լինի ապօրինության ապաստան կամ դավաճանության վահան։ Վարչապետի մեթոդները կարող են սխալ լինել։ Նա փաստերի սառն արտահայտման փոխարեն դիմեց հուզական ու վիրավորական լեզվի։ Բայց ինչպես Գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքի ժամանակ, այժմ էլ պետք է տեսնել հատուկ ծառայությունների գործողություն, որը կբացահայտի այս «Գարեգինյան մաֆիայի» իրական ծավալը՝ ցանցերը, հաշիվները, արտոնությունները։ Սա կարող է դառնալ պատմական պահ՝ Եկեղեցին մաքրելու, ազատագրելու համար՝ այն փաստերով մերկացնելով այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն շշնջում են։ Եկեղեցինը պետք չէ դատապարտել։ Պետք է դատապարտել նրանց, ովքեր պղծել են այն։ Եվ եթե կաթողիկոսը պիտի հեռանա, որպեսզի վերագտնենք հարգանքը, արժանապատվությունը, ճշմարտությունը և Եկեղեցու վեհությունը, ապա թող այդպես էլ լինի։ Ոչ ոք չի կարոտի նրան։ Այս բախման վճռորոշ պահին՝ որքան շուտ նա հեռանա, այնքան քիչ կաղտոտվի Եկեղեցին։ Նրանց, ովքեր լռություն են պահանջում ավանդույթի անունից, հիշեցնենք՝ Հավատքը չի պաշտպանում կոռումպացվածներին։ Այն մերկացնում է նրանց։ Եկեղեցին չի կարող վերագտնել իր վեհությունը, մինչև չազատվի նրանցից, ովքեր այն վաճառել են օտարներին։ «Վերջապես ժամանակն է, որ դատաստանը սկսվի Աստծու տնից»։ Ա Պետրոս 4:17

1/2160
bottom of page