Ընդդիմության «զվարթնոցյան զորակցությունն» ուղղված էր ոչ թե եկեղեցուն, այլ Կտրիճ Ներսիսյանին
- Investigative journalist

- Jun 13
- 3 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նախկին ռեժիմին սերտաճած լինելու, դրա հետ նույնացված լինելու հանգամանքը վերջին օրերին ավելի ցցուն, տեսանելի, նույնիսկ շոշափելի է դարձել ՀՀ վարչապետ-Մայր Աթոռ հեռակա բանավեճի ֆոնին։ Պատահական չէ, որ նույն այդ ռեժիմը և դրան աֆիլացված քաղաքական ուժերն էլ այսօր ստանձնել են եկեղեցին Նիկոլ Փաշինյանից և իշխանությունից պաշտպանելու առաքելությունը: Մինչդեռ իրականում նրանց պաշտպանության օբյեկտը ոչ թե եկեղեցին է՝ որպես ինստիտուտ, այլ դրա հոգևոր առաջնորդը՝ Գարեգին Բ-ն։ Հընթացս արձանագրենք՝ քանի որ հայրենիքի փրկությունը քանիցս ձախողել են, ապա պետք է ընդդիմադիր «ֆոռմի» մեջ մնալու համար օգտվեն Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգից՝ այն մեկնաբանելով ըստ իրենց «կարդացածության ու փչացածության աստիճանի»։
Իրականության մեջ, սակայն, Նիկոլ Փաշինյանը կամ կառավարող ուժը ո՛չ «պայքար», ո՛չ «արշավ», ոչ էլ մեկ այլ՝ հակաեկեղեցական գործողություն չի իրականացնում, այլ բարոյա-իրավական հարցադրումներ է առաջադրել Մայր Աթոռի «թիվ մեկ հովվին»՝ ակնկալելով պատասխան ու դրանից բխող համապատասխան գործողություններ։ Այն է՝ եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտել է եկեղեցու կանոնակարգը՝ կուսակրոնության ուխտը, ապա պետք է կարգալույծ հռչակվի ու ազատի վեհարանը։
Առ այսօր, սակայն, եկեղեցին չի արձագանքել վարչապետի բարձրաձայնած հարցադրումին՝ այսպիսով խորացնելով հավատավոր հոտի մեջ ի հայտ եկած անորոշությունը։ Ընդդիմությունն էլ որոշել է օգտվել այդ անորոշությունից և այն օգտագործել քաղաքական նպատակներով՝ առաջ բրթելու հերթական նարատիվը, թե՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ցուցումով, Թուրքիայի պարտադրանքով որոշել է քանդել մեր ազգային ինքնության «ամենակայացած բաստիոնը»՝ եկեղեցին։
Եվ եթե նախորդ տարի այս օրերին նույն ընդդիմությունը, թաքնվելով եկեղեցու սպասավորի՝ բարձրաստիճան հոգևորականի թիկունքում, «սրբազան շարժում» էր սկսել՝ իշխանափոխության անփոփոխ օրակարգով, ապա այս անգամ բացահայտորեն, անթաքույց օգտագործում է եկեղեցին որպես ֆոն՝ վերստին սպասարկելու իր հին ու ձախողված օրակարգը։ Արձանագրենք՝ ընդդիմությունը կանգնած է ոչ թե եկեղեցու, այլ Գարեգին Բ-ի կողքին՝ նույնացնելով այդ երկու սուբյեկտները։
Ընդ որում, իր՝ եկեղեցապաշտպան փաթեթավորմամբ օրակարգը սպասարկելու համար ընդդիմությունը պատրաստ է ոչ միայն քաղաքական ստանդարտ ու արդեն քանիցս գործի դրված զենքեր կիրառել, այլև զենքեր, որոնք մահաբեր են։ Պատահական չէ, որ դաշնակցական Հրանտ Մարգարյանը օրերս կայքերից մեկի տաղավարում բարձրաձայն փափագում էր «Հոկտեմբերի 27»-ի սպանդի, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը հաջորդած զանգվածային անկարգությունների կրկնությունը։ Փորձը ցույց է տալիս, որ եթե ՀՅԴ-ն ըղձական տոնով խոսում է թրից, թվանքից, փամփուշտից, դրանք վաղ թե ուշ գործի են դրվում՝ կրակում են։
Նախօրեին էլ մեկ այլ դաշնակցական՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է «դուբլել» իր կուսակցական գործընկերոջն ու ի պաշտպանություն Գարեգին Բ-ի տեղի ունեցած «զվարթնոցյան զորակցությունից» հետո հայտարարել՝ իրենք՝ ընդդիմությունը, պատրաստ է «ամեն ինչի»։ «Սրա (Փաշինյանի-խմբ.) դեմ պայքարելու համար պետք ա կռիվ տալ, եթե ուզում եք հրեշին մտցնել իր բույնը, պետք ա լինի համապատասխան արձագանք»,- հաթաթա է տվել Սաղաթելյանը։ Ճշտմանը՝ որն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը և ինչ է հաջորդելու հաջակցություն կաթողիկոսի տեղի ունեցած հավաքից հետո, ՀՅԴ-ականը, մեջբերելով Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը, նկատել է. «Եթե դու պատրաստ ես ամեն ինչի, մենք էլ պատրաստ ենք ամեն ինչի, և ցույց ենք տալիս, որ վեհափառն ու եկեղեցին մենակ չի, էսօր դրա շուրջ ա մեր՝ էսօրվա ստեղ գտնվելը»։ Իշխան Սաղաթելյանը, փաստորեն, Գարեգին Բ-ին առաջադրված լեգիտիմ հարցադրումը՝ եկեղեցու կանոնակարգը զանցելու՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին, համարում է «ամեն ինչի պատրաստ լինել»։ Իսկ թե ինչի՞ է պատրաստ ընդդիմությունն ու ի՞նչ է հասկանում «ամեն ինչի պատրաստ լինել» ասվածի տակ, կարելի է ենթադրել։ Ինչպես ասում են՝ տե՛ս Հրանտ Մարգարյանի «հուշումը»։
Ի դեպ, կաթողիկոսի պաշտպանությունը ստանձնած «փաստաբանական թիմի» մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ էլ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սնուցել է «քաղաքացիական պատերազմ»-ի թեման, որն, ի դեպ, արդեն մի քանի օր շարունակ գեներացնում է ընդդիմադիր քարոզչամեքենան՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին «շախի գցելով», թե՝ «Նիկոլը ոտատակ է տալիս մեր սրբություն սրբոցը՝ եկեղեցին, հասե՛ք, փրկե՛ք»։ Իմա՝ դուրս եկեք, շրջափակեք կառավարության շենքը՝ դրանից բխող հետևանքներով։ Ի պատասխան հարցի՝ «քաղաքացիական պատերազմ հրահրելու վտանգ տեսնո՞ւմ է այս ամենում»՝ մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած «սրբազան պայքարը» ողջունած Վանեցյանն արձագանքել է՝ «նման վտանգներ իհարկե կարող են լինել, բայց ես կարծում եմ, որ բոլորը ողջամիտ կգտնվեն և նման քայլի չեն գնա»։ Գալիք համապետական ընտրություններից ամիսներ առաջ քաղաքական ադեկվատ, լեգիտիմ օրակարգ գեներացնել չկարողացող ընդդիմության ուզածն էլ հենց այդ է՝ քաղաքացիական պատերազմ, ներքին անկայունություն, բռնություն ու անկարգություններ, արյուն, քաոս և... իշխանազավթում։ Վանեցյանի ասածի հետ մասամբ համաձայն ենք՝ ընդդիմությունը, հուսանք, ողջամիտ կգտնվի ու «զվարթնոցյան»՝ մի քանի հարյուր հոգանոց ակցիային շարունակություն չի տա՝ փողոցային անցած շարժումների «խայտառակության գետը» նորից չի մտնի։ Իսկ «հրեշով»՝ մարմնավորված նախկին ռեժիմի տեսքով, և դրան իր «բույնը մտցնելով» կամ բնում պահելով պետք է զբաղվեն ՀՀ իրավապահները։
Հ. Մ.




















