Կրեմլի մեթոդիչկայով աշխատող Մարգարիտա Սիմոնյանի վայնասունը
- Investigative journalist

- Jul 22
- 2 min read

Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը կրկին հիշել է հայերին ու Հայաստանը և գուժել, թե մի քանի տարի անց Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը, թե չհեռացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանը հերթական անգամ հիշել է Ադրբեջանի ու նրա ղեկավարի կողմից ռուսներին ու Ռուսաստանին ստորացնելուց անմիջապես հետո, որին արժանի պատասխան ռուսական կողմը չկարողացավ տալ, եթե, առավել ևս, հաշվի առնենք այս երկու պետությունների մասշտաբները։ Ավելին՝ պաշտոնատար որոշ անհատներ շատ մեղմ արտահայտություններով ու խնդրանքներով էին հանդես գալիս՝ կոչ անելով ադրբեջանական կողմին չսրել իրավիճակը։ Նույն Մարգարիտա Սիմոնյանի RT-ի խմբի մեջ մտնող Sputnik Azerbaijan-ի Բաքվի աշխատակիցներին ծանր մեղադրանքներով ձերբակալելուց և ցինիկաբար ու ցուցադրական բերման ենթարկելուց հետո Սիմոնյանի ծպտունն անգամ դուրս չեկավ։ Իսկ հիմա, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, իրեն չվերաբերող թեմաներում ակտիվ ելույթներ է ունենում, համարձակվում Նիկոլ Փաշինյանին անվանել «էֆենդի Փաշինյան»։ Սա այն դեպքում, երբ խոսքը իր աշխատակիցների մասին է, որոնց ծանրագույն մեղադրանքներ են ներկայացվել։ Պատկերացրեք՝ ինչ կաներ կամ ինչեր կխոսեր Սիմոնյանը, եթե Sputnik Armenia-ի աշխատակիցներից որևէ մեկին այդ հոդվածներով ձերբակալեին։
Կամ, երբ Մարգարիտա Սիմոնյանը վարչապետ Փաշինյանին դիմում է «էֆենդիով», նույնն է, որ Նիկոլ Փաշինյանին «թուրք» է անվանում։ Ծանոթ ձեռագիր է, այնպես չէ՞։ Թուրքիայի ամենամտերիմ դաշնակիցը՝ հատկապես Ղարաբաղի հարցով, Ռուսաստանն է՝ Պուտինի գլխավորությամբ։ Եվ հիմա ո՞վ է ավելի շատ «էֆենդի»։ Կամ՝ պատկերացնո՞ւմ եք. Ռուսաստանի նման տարածաշրջանային գերտերության և բազմազգ բնակչությամբ դաշնության խոշորագույն մեդիա կորպորացիաներից մեկի փաստացի ղեկավարը, Կրեմլի մեթոդիչկայով աշխատող խմբագիրը ռասիստական, ֆաշիստական դիսկրիմինացնող, թիրախավորող խոսույթ է տարածում։ Հետաքրքիր է, որ Թուրքիայից չեն արձագանքում այս դեգրադացած ու կաղապարված կնոջը, որը փորձում է էթնիկ պատկանելությունը որպես վիրավորանք օգտագործելով ստորացնել Հայաստանի ղեկավարին։
Բայց կարճ անդրադառնանք նաև Մարգարիտա Սիմոնյանի պրոֆեսիոնալ կարողություններին ու հմտություններին։ Տիկինը վաղուց պետք է հասկացած լիներ, որ վախավաճառությամբ զբաղվելով՝ Հայաստանի քաղաքացիների վրա այլևս դժվար է ազդել։ Ավելին՝ Հայաստանի պետականության վերացման մասին խոսույթը Հայաստանում քաղաքացիների մեծամասնությունը որպես սպառնալիք է դիտարկում։ Իսկ այդ սպառնալիքի ռեակցիան հակազդեցությունն է լինում ու հակառուսական տրամադրությունների ավելացումը։ Եվ ահա այսքանից հետո ռուս պրոպագանդիստները փորձում են հակառուսականություն տարածող օջախներ գտնել Հայաստանում՝ մեղադրելով սորոսին, մասոններին, այլմոլորակայիններին, Արևմուտքին... բայց Հայաստանում հակառուսականություն գեներացնող լավագույն կառույցը ռուս պրոպագանդիստներն ու Կրեմլի «խոսնակներն են»։
Հասկանում ենք, որ Մարգարիտա Սիմոնյանին ու իր նմաններին Կրեմլից վճարում են բառիս բուն իմաստով հաչելու համար։ Բայց եթե հաչելու ամսական լիմիտը չի լրացել, խորհուրդ ենք տալիս վերջինիս հաչել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում հենց երեկ Ուկրաինային բացահայտորեն աջակցած, «Սպուտնիկի» աշխատակիցներին և ՌԴ քաղաքացիներին Բաքվում ձերբակալած Ալիևի ուղղությամբ՝ եթե իհարկե «դուխը» կհերիքի։
Վովա Հակոբյան




















