top of page

1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

  • 1 hour ago
  • 2 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10-ը ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։

Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք 27 մարդկային ճակատագրեր են և 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին՝ բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։

Իհարկե, օրենքը կարծես ամեն ինչ նախատեսել է։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը երաշխավորում է կալանավորված անձի՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825 որոշման 101-րդ կետը նախատեսում է նաև սեփական ընտրությամբ քաղաքացիական բժշկական հաստատության մասնագետների ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն իրավական այս երաշխիքները շատ հաճախ մնում են միայն թղթի վրա, իսկ իրականում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունից։

Իհարկե, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է «բարեփոխված քրեակատարողական համակարգի», «մարդակենտրոն քաղաքականության» և այն մասին, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։ Այդ պահին հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը նույն Հայաստանի մասին է, որտեղ յուրաքանչյուր ամիս միջինը երեք մարդ մահանում է բանտում։ Եթե որևէ եվրոպական երկրում մեկ տարվա ընթացքում բանտերում արձանագրվեր 27 մահ, այդ թեման կդառնար քաղաքական և իրավական լրջագույն քննարկման առարկա։ Հայաստանում, սակայն, գերիշխում է լռությունը։ Լռում են մարդու իրավունքների պաշտպանության մասին ամենաբարձր ամբիոններից հայտարարություններ անող միջազգային կառույցները, ՀՀ օմբուդսմենը։

Լռում են այն կազմակերպությունները, որոնք սովորաբար պատրաստ են ամեն առիթով գնահատականներ հնչեցնել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Լռում են նաև բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք նախկինում ամենափոքր միջադեպի դեպքում բարձրաձայնում էին մարդու իրավունքների խախտումների մասին։ Ամենացավալին, սակայն, այն է, որ այդ մահերից հետո չկա պատասխանատվություն, չկան համակարգային գնահատականներ, չկան պաշտոնատար անձինք, որոնք պատասխան են տալիս՝ ինչու էր հնարավոր կանխել այդ մահերը, բայց դրանք, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Եթե պետությունը չի կարողանում ապահովել իր լիակատար վերահսկողության ներքո գտնվող մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, ապա դա արդեն առանձին ողբերգություն չէ, այլ համակարգային ձախողում։

Քրեակատարողական հիմնարկը պատիժ կրելու կամ խափանման միջոցը կատարելու վայր է, ոչ թե մահվան սպասասրահ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 
1/2785
bottom of page