top of page

Ի՞նչ առողջական խնդիրներ են առաջացնում օդորակիչները և ո՞վքեր են ռիսկային գոտում

  • 1 day ago
  • 1 min read


Ճիշտ շահագործվող և պարբերաբար գործարկվող օդորակիչը հիվանդության աղբյուր չէ, սակայն դրա ստեղծած սառը և չոր օդը կարող է որոշ մարդկանց մոտ առաջացնել առողջական տարբեր խնդիրներ կամ սրել արդեն առկա հիվանդությունները։ Այս մասին փաստում են տարբեր հետազոտություններ։

Մասնագետների խոսքով՝ օդորակիչից եկող սառը և չոր օդը կարող է գրգռել շնչուղիները՝ առաջացնելով հազ, կոկորդի ցավ, կրծքավանդակի լարվածություն և շնչառության դժվարացում։ Հատկապես զգայուն են ասթմայով և թոքերի քրոնիկական հիվանդություններով մարդիկ, որոնց մոտ ախտանիշները կարող են սրվել։


Օդորակիչի աշխատանքի հետևանքով նվազում է նաև օդի խոնավությունը, ինչի պատճառով կարող են առաջանալ չոր մաշկ, ճաքճքած շուրթեր, քթից արյունահոսություն, ինչպես նաև աչքերի և քթի լորձաթաղանթի գրգռվածություն։ Եթե մարդն արդեն ջրազրկված է, կարող են ի հայտ գալ նաև գլխացավ, հոգնածություն և բերանի չորություն։

Օդորակիչը կարող է օգնել՝ զտելով  օդում եղած ալերգենները, սակայն եթե ֆիլտրերը ժամանակին չեն մաքրվում կամ չեն փոխարինվում, համակարգում կարող են կուտակվել փոշի, ծաղկափոշի և բորբոս, որոնք օդի շրջանառության միջոցով կրկին տարածվում են տարածքում և կարող են սրել ալերգիկ ախտանիշները։

Օդորակիչի ազդեցության նկատմամբ առավել զգայուն են ասթմա, թոքերի հիվանդություններ, քրոնիկ սինուսիտ, սեզոնային ալերգիա, Շյոգրենի համախտանիշ և աչքերի չորություն ունեցող մարդիկ։ Ռիսկային խմբում են նաև տարեցները, որոնց օրգանիզմն ավելի դժվար է պահպանում հեղուկների հավասարակշռությունը, ինչպես նաև կանայք, որոնց մոտ հորմոնալ փոփոխությունների պատճառով ավելի հաճախ են հանդիպում աչքերի և լորձաթաղանթների չորության խնդիրներ։

Բժիշկների գնահատմամբ՝ օդորակիչը չի արտադրում վիրուսներ կամ բակտերիաներ, սակայն դրա ստեղծած պայմանները կարող են առաջացնել մրսածությանը նման ախտանիշներ կամ սրել առկա առողջական խնդիրները։ Եթե ախտանիշները երկարատև են կամ ուղեկցվում են բարձր ջերմությամբ, անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ պատճառը կարող է լինել վիրուսային կամ այլ հիվանդություն։

 
 
1/2786
bottom of page