«Viva University». ինքնադրսևորման և մասնագիտացման հարթակ՝ ուսանողների համար․ Շուրջ 300 շրջանավարտ՝ 9 տարվա ընթացքում
Տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն. ազդարարվել է «Viva University» (Վիվա Յունիվերսիթի) կրթական ծրագրի հերթական փուլի մասին: Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: 2015 թվականից իրականացվող «Viva University» ծրագիրը կարևոր հարթակ է՝ բուհերի ուսանողների մասնագիտական կողմնորոշման համար: Դրան մասնակցելու հնարավորություն են ստանում ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի ուսանողները, ինչը կարևոր է նաև մայրաքաղաքից դուրս՝ մասնագիտական կարողությունների զարգացման հարցում:
«Որևէ տեղ աշխատելու և հաջողված մասնագետ լինելու համար, տեսական և գործնական գիտելիքներին զուգահեռ, անհրաժեշտ է անընդհատ սովորելու պատրաստակամություն, պատասխանատվություն, հետևողականություն, նպատակասլացություն, թիմում աշխատելու, միմյանց հարգելու և արդյունավետ համագործակցության հմտություն: Այս կրթական ծրագիրն այդ ամենին տիրապետելու հնարավորություն է: Դուք տեսնելու եք թե ինչպես են միմյանց հետ աշխատում Վիվա-ՄՏՍ-ի տարբեր վարչությունների և նույն թիմում ամենօրյա ռեժիմով հաղորդակցվող աշխատակիցները: Ձեզ սպասում է հաճախորդների հետ շփվելու, նրանց արդյունավետ առաջարկ ներկայացնելու և բարձրակարգ սպասարկելու՝ հետաքրքիր աշխատանք: Ձգտե՛ք հասնելու լավագույն արդյունքի: Ի դեպ, նախորդ տարվա մեր շրջանավարտներից լավագույն տասներեքը համալրել են Վիվա-ՄՏՍ-ի շարքերը: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Մայրաքաղաքում և մարզերում «Viva University» (Վիվա Յունիվերսիթի) կրթական ծրագրի երկամսյա դասընթացներն իրականացվում են Վիվա-ՄՏՍ-ի Մարդկային ռեսուրսների և Բաժանորդների սպասարկման վարչությունների համատեղ ջանքերով: