Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը. Մակրոն
- Investigative journalist

- Jul 25
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը, ինչի մասին նա կհայտարարի այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Հավատարիմ մնալով Մերձավոր Արևելքում արդարացի և երկարատև խաղաղությանն իմ պատմական հանձնառությանը՝ ես որոշում եմ կայացրել Պաղեստին պետությունը Ֆրանսիայի կողմից ճանաչելու մասին։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Այժմ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Գազայում ու օգնություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը»,- հայտնել է նա։
Մակրոնի համոզմամբ՝ հնարավոր է հաստատել խաղաղություն, և դրա համար անհրաժեշտ է կրակի անհապաղ դադարեցում, բոլոր պատանդների ազատ արձակում և լայնածավալ հումանիտար օգնություն Գազայի բնակչությանը. «Անհրաժեշտ է նաև ապահովել ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը, Գազայի անվտանգությունը և վերականգնումը: Վերջապես, անհրաժեշտ է կառուցել Պաղեստին պետությունը, ապահովել դրա կենսունակությունը և, ապառազմականացման և Իսրայելի լիակատար ճանաչման դիմաց, թույլ տալ նրան ներդրում ունենալ Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգությանը»:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այլընտրանք չկա. «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում: Դա մեր պարտքն է, մեր՝ ֆրանսիացիների, իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ համատեղ ապացուցել, որ դա հնարավոր է։
Հաշվի առնելով պարտավորությունները, որոնք Պաղեստինի ինքնավարության նախագահը ստանձնել է իմ առջև, ես նրան գրել եմ առաջ շարժվելու իմ վճռականության մասին։
Վստահություն, հստակություն և հանձնառություն: Մենք կհասնենք խաղաղության»։




















