«Ինքն աշխարհիկ մարդ է, ամբողջ ուղնուծուծով բիզնես հոգեբանությամբ, եկեղեցին էլ ընկալում է որպես կլան». եկեղեցականը՝ Գարեգին Բ-ի մասին
- Investigative journalist

- Jun 6
- 5 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտել-չխախտելու վերաբերյալ վարչապետի հարցադրումից հետո արդեն մի քանի օր է անցել, սակայն եկեղեցին չի աճապարում պաշտոնական պատասխան տալ։ Փոխարենը Շիրակի թեմի առաջնորդ ու ԶԼՄ-ներում 24 ժամ ռեժիմով հարցազրույց տվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է արձագանքել բարձրացված նուրբ հարցին՝ մասնավորապես շշպռելով՝ «ձեզ ինչ, կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել, ձե՜զ ինչ, դա ձեզ չի վերաբերում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում»։
Փաշինյանը այսօր վերստին ֆեյսբուքյան գրառմամբ շոշափել է Վեհափառի սրբակենցաղության թեման՝ ակնկալելով, որ Գարեգին Բ-ն ինքն անձամբ կպարզաբանի՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը և արդյոք զավակ ունի՞։ Վարչապետը միաժամանակ նկատել է. «Իմ ընկալմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։
Նշենք, որ կուսակրոնության ուխտ կատարելու կամ ամուսնանալու որոշումը տվյալ անձը՝ ճեմարանականը, կայացնում է նախքան քահանայական ձեռնադրությունն ու օծումը: Նա, ով վճռում է կուսակրոնության ուխտ կատարել, քահանայական ձեռնադրությունից և օծումից հետո ուխտագիր է ստորագրում՝ զինվորագրվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը, այնուհետև կատարվում է վեղարի տվչություն: Վեղարը՝ կուսակրոն հոգևորականի գլխի ծածկոցը, խորհրդանշում է նրա ուխտը և ամբողջական ընծայումը Աստծուն, աստվածային գործին և Եկեղեցու առաքելությանը:
Նշենք, որ եկեղեցու պատմության մեջ, ինչպես ժամանակ առաջ պարզաբանել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը, «եղել են և լինում են դեպքեր, երբ ամուսնացյալ քահանաներ նույնպես՝ որոշ կանոնական հանգամանքներով պայմանավորված, բացառապես եկեղեցական բարձրագույն հոգևոր իշխանության վճռով կուսակրոնության ուխտ կատարելու իրավունք են ունենում, վեղար են ստանում և վարդապետական կոչման արժանանալու հնարավորություն են ունենում: Իսկ հոգևոր բարձրագույն իշխանությունն իր որևէ վճռի կայացման ժամանակ միմիայն առաջնորդվում է սրբազան ավանդության պահպանմամբ և Սուրբ Եկեղեցու նվիրական շահերով»:
Հատկանշական է, որ հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի խախտման մասին նախքան այս՝ Նիկոլ Փաշինյան-Մայր Աթոռ բանավեճը, վկայել ու ահազանգել են հենց իրենք՝ եկեղեցու սպասավորները։ Միայն թե՝ կարգալույծ հռչակվելուց հետո։ Մասնավորապես Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Ղազար քահանա Պետրոսյանը դեռ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին ծավալուն տեսագրության մեջ անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող «մեղադրանքին»՝ Իջման սեղանի առաջ տված ուխտը խախտելուն՝ պղծվելուն և զավակ ունենալուն։ (Ի դեպ, նույն օրը հայտնի դարձավ, որ վերջինս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել՝ «հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելու և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելու» համար:)
«Եթե բանից պարզվի, որ 1972 թվականից կուսակրոնության ուխտ կատարած Գարեգին 2-րդ Ներսիսյանը, որը մինչև մեր օրերը այդ ուխտի մեջ է, եթե գոնե մեկ անգամ ակնհայտ խախտել է կուսակրոնության ուխտը, ապա պետք է անպայման գահընկեց արվի։ Դա ես չէի ասում, դա աստվածային ճշմարտությունն է, որ ասում է, Ավետարանի խոսքն է, որ ասում է, որը չի հանդուրժում ոչ մի պղծություն։ Դա Մայր եկեղեցու սրբազան ավանդությունն է, որ ասում է, դա հայոց բոլոր՝ երկու Կանոնագրքերն են ասում... Եթե մարդը Իջման սուրբ սեղանի առաջ ուխտ է կապում կուսակրոնության և գնում շնանում, պղծվում, զավակ է ունենում, որ Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքում ապօրինի ծնունդներին «բիճ» են կոչում... Հիշեք, սիրելի կուսակրոններ և հավատացյալ ժողովուրդ, ոչ մի կուսակրոն չի կարող կին և երեխա ունենալ։ Որովհետև եթե կուսակրոնի շնության հոմանուն, պղծուհուն մենք կոչենք կին, ուրեմն բոլոր կանանց վիրավորած կլինենք։ Կուսակրոնն ուխտ է արել սրբակենցաղ կուսակրոնության, և նա շնանալով և իր անձն է պղծում, և իր հոմանուն։ ...Իսկ եթե կուսակրոնը կուսակրոն է, անմեղության կանխավարկածով նա կուսակրոն է։ Եվ եթե նա շնություն է արել, շնություն է անում և թաքցնում է, ու եթե ճշմարտությունը մեջտեղ է գալիս, վայրկենական պետք է կարգալույծ արվի, ցանկացած կուսակրոն։ Սա մայր եկեղեցու ավանդությունն է, սա Աստծո սուրբ խոսքն է»։ Կարգալույծ հռչակված հոգևորականը վկայել է նաև, թե մի առիթով, երբ շփվել է հավաքված կուսակրոնների հետ, տպավորություն է ստացել, որ բոլորը խախտում են կուսակրոնության ուխտը։ Ավելին՝ փորձել են «բացատրել», թե կուսակրոնն իրավունք ունի շնանալու։ «Մեղա քեզ, Աստված, բոլորի խոսակցությունները սկսվում էր՝ Գրիգոր Լուսավորչը զավակներ ուներ։ Ի՜, Լուսավորիչը աշխարհական, սովորական քրիստոնյա տղա էր, քահանա չէր, կուսակրոն չէր առավել ևս, երիտասարդ տարիքում ամուսնացավ, օրինավոր երկու զավակ ունեցավ։ Լուսավորչի զավակներն ինչ կապ ունեն շնացող պիղծի ունեցած ապօրինի զավակների հետ։ Դա ևս մի վիրավորանք և սրբապղծություն է՝ իրենց շնությունը համեմատելու սուրբի սուրբ ընտանիքից, սուրբ անկողնուց ծնված օրինավոր զավակներին, սա լկտիություն և սրբապղծություն է։ Կուսակրոններին խորհուրդ կտամ մոռանան այս պատմությունը։ ...Ես սարսափեցի կուսակրոնների մեջ եղող մտավոր փտախտից, սգացի։ Մայր եկեղեցին տեսեք ինչպես է պատվում կուսակրոնին՝ «Հայր սուրբ», իսկ մեզ՝ ամուսնացյալ քահանաներիս, «Տեր Հայր»։ Եթե մի Հայր սուրբ պղծվի, ապականվի, Իջման սուրբ սեղանի առաջ իր ուխտը դրժի, պղծուհի պահի, «բիճ» ունենա... ամենաանմեղը էդ խեղճ երեխեքն են, Սուրբ գիրքն ասում է՝ շնացողների զավակն իրենց մեղքի հանդիմանությունն է։ Եվ եթե իրենք շնացել են, պղծվել են, պարտավոր են սև կապան հանելու, իրենք իրենց կարգից հրաժարվելու, գնալու, իրենց զավակներին ասելու՝ զավակս, բալես, ես քո ապերախտ ու սրիկա հայրն եմ, ես 10 միլիոն հայությանը խաբել եմ, քեզ չեմ ասել, որ քո հայրն եմ...»։ Այս զրույցից հետո կարգալույծ հռչակված հոգևորականը նշում է, թե իրեն հայտնել են, որ Կաթողիկոսի դստեր տվյալներն են՝ Խաթուն Կտրիճի Գրիգորյանց, ծնված 1981 թվականին։ «Եվ դա թե հիվանդանոցում գիտեն, որտեղ աշխատում է այդ աղջիկը, և թե ամբողջ հայությունը գիտի։ Երբ որ քահանայական միամսյակին գնացինք կաթողիկոսի հետ հանդիպելու, 19 քահանաները սպասում էին, որ ես կաթողիկոսի ճակատին այս հարցը կտամ, բայց այդ հարցը չտվեցի, քանի որ ես ինքս ակամայից շոկի մեջ էի ընկել, ո՞նց, մեր կաթողիկոսը 1972-ին կուսակրոնության ուխտ է արել, 80 թվականին պղծվել է, 81 թվականին դուստր է ծնվել, նրան տվել է իր մոր անունը, և էս տեսակ չիբանը՝ Մայր եկեղեցու փորի մեջ, մեջքի վրա, մենք տանում ենք հետներս այդ թարախի պա՞րկը... Չի կարող այդպիսի բան լինել...»։
Մեկ այլ հոգևորական էլ՝ աստվածաբան, մատենագետ Արմեն Խաչատրյանը, որը եղել է Էջմիածնի միաբան, ձեռնադրվել է կուսակրոն քահանա (Եղիա աբեղա Խաչատրյան), եղել է Կաթողիկոսարանի դիվանատան գործավար- քարտուղար, 2013-ին էլ կարգալույծ է հռչակվել «ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար», դեռ 2018թ. հուլիսին տված իր հարցազրույցում նախ նշում է, որ այսօր եկեղեցականներ չենք կարողանում կերտել, քանի որ «Գարեգին Բ-ն տարբեր իրականության մեջ է տեսնում ու պատկերացնում հոգևորականին, այլ չափանիշներով է գնահատում»։ Անդրադառնալով մասնավորապես կուսակրոնության հարցին՝ Խաչատրյանը նկատում է՝ կուսակրոնությունն առաջացել է վանքերում, մինչդեռ այժմ չունենք վանական կյանք, բայց ունենք կուսակրոնություն։ «Սա աբսուրդ է, երբեք չի կարող վանքից դուրս կուսակրոնություն լինել, սա նման է նրան, որ առանց ջրի ձուկն ապրի։ Դրա համար էլ լինում են այս բոլոր խայտառակությունները, քանի որ կուսակրոնները չեն պատկերացնում՝ ինչ է կուսակրոնությունը»։ Ըստ Խաչատրյանի՝ կուսակրոնությունն այլևս խաբեության է վերածվել և այլասերման, և հոգևոր կյանքով ապրողներից շատերը կուսակրոնության ուխտն ընդունում են առաջնորդվելով շահախնդրությամբ։ «Մի մասը ապօրինի կին, երեխաներ ունեն, մի մասը այլ շեղումներով են գնում, անգամ մանկապղծության դեպքեր կարող են լինել։ ...Եվ այս ամբողջ խայտառակությունները, որոնց մասին մենք լսում ենք, տեսնում ենք, գալիս է հենց այս կեղծ կուսակրոնությունից, որ՝ առանց վանքի ձևավորել են կուսակրոնություն, որն իրականում ամեն տեսակի խաբեությունների դուռ է բացում»։ Խոսելով Գարեգին Բ-ի մասին՝ Խաչատրյանը նկատում է՝ եթե Կաթողիկոսը լինի Լուսավորչի հավատքի կրողը, ուղիղ վարդապետության կրողն ու քարոզողն ու Աստծո մարդը, իր դեմ որևէ մեկը չի համարձակվի ոտնձգություն անել։ Մինչդեռ վերջինս ոչ մի կապ չունի հոգևոր կյանքի հետ, բուն եկեղեցու առաքելության հետ, «ինքն աշխարհիկ մարդ է, պարզապես հոգևորականի հագուստով, իր ամբողջ ուղնուծուծով բիզնես հոգեբանությամբ», և եթե հոգևոր թեմաներով փորձեք իր հետ խոսել, ինքը կշրջանցի, կտանի դեպի աշխարհիկ թեմաներ։ ...Եկեղեցին ինքը կլան է հասկանում, և ինձ ուղիղ ասաց՝ քո մտածելակերպի տեր մարդը իմ համակարգում տեղ չունի։ Այսինքն՝ եկեղեցին իր համակարգն է...»։ Հոգևորականը նշում է նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովրդի մեջ դուրս չի գալիս, չի շփվում անգամ իր քահանաների հետ, սովոր է բռնապետական ոճով շփվել իր ենթակաների հետ, փոխարենը սիրում է շփվել ՀՀԿ-ականների, օլիգարխների, մեծահարուստների հետ, որոնցից շահի ակնկալիք ունի։
Հեղինե Մանուկյան




















