top of page

Հանգիստ պատրաստվում ենք 2026-ի ընտրություններին՝ այն վստահությամբ, որ ստանալու ենք ձայների ճնշող մեծամասնությունը՝ 50+1%. Խուդաթյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 1 min read

Դա իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախագահ Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությանը և վարչապետի թեկնածուի անունը հրապարակելուն։

«Բազմաթիվ թեկնածուներ են առաջադրել՝ ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչներ, ձախողումից հետո՝ նաև, պայմանական ասած, կարկառուն հոգևորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։ Հիմա էլ առաջադրում են համայնքային պաշտոնյաների։ Մենք, որպես կառավարող մեծամասնություն, մտահոգություն չունենք Հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով։ Մենք վստահ ենք, որ իմփիչմենթի գործընթացը ձախողվելու է։ Հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ այն վստահությամբ, որ ունենալու ենք ճնշող առավելություն՝ հաղթանակ 50+1 ձայներով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններին, Խուդաթյանը նշեց, որ դրանք մեծ հաշվով իրենց համար մտահոգություն չունեցող ընտրություններ են։«Այդտեղ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել։ Պիտի ասեմ, որ դրանով էր պայմանավորված նաև Գյումրիում մեր թեկնածուի առաջին տեղը։ Այո, ձայների թիվը բավարար չի եղել, և ընդդիմությունը կարողացել է, կոալիցիա կազմելով, Գյումրիում իշխանություն ձևավորել։ Բայց դրանք տեղային ընտրություններ են»,-նշեց նա։

Նախարարի խոսքով՝ հենց այդ տեղային բնույթը ապացուցվում է մի պարզ փաստով՝ նույն քաղաքական ուժը նույն օրը կայացած ընտրություններում, ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա (խոսքը Գյումրիի և Փարաքարի մասին է), կարող է մի վայրում հավաքել 57% ձայն, իսկ մյուս վայրում՝ ընդամենը երեք տոկոս և նույնիսկ չհաղթահարել շեմը։«Սա գալիս է ապացուցելու, որ դրանք անձով պայմանավորված ընտրություններ են, և մենք այստեղ մտահոգություն չունենք։ Առավել ևս՝ ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, թե 2026 թվականի ընտրություններին՝ Գյումրիի օրինակի հիման վրա, օրինակ՝ Հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը կարող է ստանալ 20 և ավել տոկոս ձայն։ Այսինքն՝ այստեղ ևս մտահոգվելու ոչինչ չունենք»,- եզրափակեց Խուդաթյանը։

1/2155
bottom of page