top of page

Պարեկները ՀՀ-ում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի մեքենայում «մարիխուանա» են հայտնաբերել

Նոյեմբերի 3-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, ուժեղացված ծառայության ժամանակ Մաքսիմ Գորկի փողոցի սկզբնամասում դյուրակիր համակարգչով պարզել են, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան չունի գործող ԱՊՊԱ պայմանագիր և տեխնիկական զննություն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, որի 34-ամյա վարորդ, Երևանի բնակիչ Ն․ Գ․-ի նկատմամբ կազմել են վերոհիշյալ վարչական իրավախախտումների արձանագրությունները, այնուհետև վարորդի նստատեղի մոտ պարեկները նկատել են «Քամել» տեսակի ծխախոտի տուփ և մեկ հատ կաթոցիչ, որի ապակյա մասում առկա է եղել կանաչավուն զանգված, իսկ ծխախոտի տուփի մեջ առկա է եղել մեկ հատ թղթե փաթեթ։

Երբ Ն․ Գ․-ն փորձել է թղթե փաթեթը նետել, պարեկները դա թույլ չեն տվել: Նրան ձերբակալել են և հայտնաբերված փաթեթի ու կաթոցիչի հետ միասին իր ավտոմեքենայով հանդերձ  տեղափոխել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղ նա հայտնել է, որ հայտնաբերված շուրջ 0.5 գ կանաչավուն զանգվածը պատկանում է իրեն, այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը հավաքել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրից դեպի Դիլիջան տանող ճանապարհից, իր անձնական օգտագործման նպատակով, հետաքրքրությունից դրդված ճանապարհին դրա մի մասն օգտագործել է կաթոցիչով ծխելու միջոցով:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով Ն․ Գ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մոնիթորինգի բաժնի ղեկավար։

1/1859
bottom of page