top of page

Ո՞վ է կանգնած Արման Ծառուկյանի մեդիա հաջողության հետևում. Դանա Ուայթը փակագծեր է բացում

  • 1 day ago
  • 1 min read


UFC-ի նախագահ Դանա Ուայթը վստահ է, որ Արման Ծառուկյանն արդեն իսկ հաստատվել է որպես կազմակերպության գլխավոր աստղերից մեկը: Ըստ Ուայթի՝ մարտիկի առաջխաղացման և հանրաճանաչության կտրուկ աճի գործում անգնահատելի դեր է խաղացել համագործակցությունը հայտնի MMA-բլոգեր Նինա Դրամայի հետ։

Spinnin Backfist-ին տված հարցազրույցում UFC-ի ղեկավարը հատուկ ընդգծել է մեդիայի և ճիշտ կապերի կարևորությունը ժամանակակից սպորտում.

«Միանշանակ, Արմանը հաստատապես աստղ է դարձել։ Այս տղան հիանալի աշխատանք է կատարել, մեծ ուշադրություն է գրավել իր շուրջ, և դրանում հսկայական է Նինա Դրամայի վաստակը։ Եթե նայեք այն մարտիկներին, որոնց հանրաճանաչությունը նա բարձրացրել է, անհնար կլինի հերքել՝ Նինան բառացիորեն ստեղծել է նրանց, աստղեր է դարձրել՝ Մերաբ Դվալիշվիլիից մինչև Շոն Ստրիկլենդ, և Արմանը նույնպես այդ շարքում է։ Այս տղաները շատ խելամիտ գտնվեցին՝ նրա հետ լավ գործընկերային հարաբերություններ կառուցելով»,- նշել է Ուայթը։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած World MMA Awards հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ Նինա Դրաման հաղթող էր ճանաչվել «Տարվա անհատականություն» անվանակարգում (որպես MMA բովանդակություն ստեղծող)՝ անհավանական պայքարում շրջանցելով այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Չել Սոնենը, Բրյուս Բաֆերը, Ջո Ռոգանը և Դանիել Կորմիեն։

Ըստ ակտիվորեն շրջանառվող լուրերի, սեպտեմբերին Լոս Անջելեսում նախատեսված UFC 331 մրցաշարի շրջանակներում Արման Ծառուկյանն օկտագոն դուրս կգա Բրազիլիայի ներկայացուցիչ Չարլզ Օլիվեյրայի դեմ:

 
 
1/2772
bottom of page