top of page

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 2 min read
ree

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:


Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում է շենքերը, կայուն չէ։


ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) վերջին զեկույցի համաձայն՝ 2022 թվականին շենքերի շահագործումից և շինարարությունից էներգիայի հետ կապված ածխաթթու գազի արտանետումները հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ կազմելով 10 գիգատոննա։ Դա կազմում է ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների 37%-ը։


«Մեր տների, գրասենյակների և այլ շենքերի ածխածնային հետքի կրճատումը կարևորագույն նշանակություն կունենա Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու և կլիմայական աղետից խուսափելու համար», – ասել է UNEP-ի Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ռութ Կուտտոն։


Նա հավելել է, որ շենքերից արտանետումների կրճատումը պետք է լինի կլիմայի փոփոխությանը հակազդելու ուղղված ավելի լայն և հավակնոտ համաշխարհային ջանքերի մի մասը։


Ահա մի քանի պատճառ, թե ինչպե՞ս են շենքերը խորացնում կլիմայական ճգնաժամը և ինչպե՞ս դրանք դարձնել ավելի «կանաչ»։


ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՇԵՆՔԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՄԵԾ ԽՆԴԻՐ


Շենքերը՝ ներառյալ բնակելի տները, գրասենյակային և հանրային օգտագործման շինությունները, հանդիսանում են ջերմոցային գազերի արտանետման հիմնական աղբյուրներից։ Դա պայմանավորված է շինանյութերի (պողպատ, ցեմենտ, ապակի և այլն) արտադրության և տեղափոխման ընթացքում պահանջվող մեծածավալ էներգիայի ծախսով, ինչպես նաև շենքերի կողմից ջեռուցման, հովացման և լուսավորության համար սպառվող էներգիայի զգալի չափով։ Քանի որ այդ էներգիայի հիմնական մասը ստացվում է հանածո վառելիքի այրումից, առաջանում են մեծ քանակությամբ CO₂ արտանետումներ։


ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԽՆԴԻՐԸ ՀՐԱՏԱՊ


Խնդիրը խիստ հրատապ է, քանի որ մինչև 2050 թվականը գոյություն ունենալիք շենքերի կեսը դեռ կառուցված չէ և եթե չփոխվի մոտեցումը, կլիմայական ճգնաժամը հաղթահարելն անհնար կլինի։ Այդ իսկ պատճառով, մինչև 2030 թվականը զրոյական արտանետումներով և դիմակայուն շենքերը պետք է դառնան նոր նորմա։


Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ

Պետք է կրճատել և՛ գործառնական, և՛ ներդրված ածխածնային արտանետումները։


Գործառնական արտանետումները կրճատելու համար շենքերը պետք է դառնան ավելի էներգաարդյունավետ (նոր չափանիշներ, հների վերազինում, արդյունավետ սարքավորումներ) և ավելի շատ օգտագործեն վերականգնվող էներգիա:


Ներդրված արտանետումները կրճատելու համար առաջարկվում է եռաստիճան մոտեցում․կառուցել ավելի քիչ նյութերով, վերաօգտագործել շենքերն ու դրանց բաղադրիչները, օգտագործել կայուն, կենսահիմք նյութեր (օրինակ՝ փայտ, բամբուկ), ներդնել շիրանրարական նյութերրի արտադրության «մաքուր» տեխնոլոգիաներ։ Այս ամենի համար, սակայն, պահանջվում են ավելի մեծ ներդրումներ, որոնք ներկայումս բավարար չեն։


Կառավարությունները կարող են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու շենքերի ածխածնային հետքը։ Այդ նպատակով անհրաժեշտ է.


  • Մշակել և կիրառել կլիմայական գործողությունների ճանապարհային քարտեզներ։

  • Ընդունել զրոյական արտանետումներին համապատասխանող շինարարական նորմեր։

  • Խթանել ներդրումները «կանաչ» շինարարության ոլորտում։

  • Միանալ միջազգային համաձայնագրերին՝ խթանելով համագործակցությունը։

  • Իրենց ազգային կլիմայական գործողություններում սահմանել հստակ թիրախներ շենքերի ոլորտի համար։

 
 
bottom of page