Պերմյակովին «ճիվաղ» անվանած Վարդանիկն այսօր արդարացնում է նրան. Մոսկվան կարձագանքի՞ Վարդանիկի քծնանքի ակտին
- Investigative journalist

- Aug 26
- 3 min read

Կոմկուսի ցուցակով Գյումրիի քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանը, որը պաշտոնն ստանձնելիս երդվեց Գյումրիում 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների ու ՌԴ հյուպատոսի ներկայությամբ, և որին Ղուկասյանը «պա կոմունիստիչեսկի» դիմեց «տավարիշչ կոնսուլ»-ով, բոլոր տվյալներն ունի
ՌԴ «գլխավոր գերագույն հպատակի» տիտղոսին հավակնելու համար։ Այս մասին հուշում է Գյումրիի նոր կառավարչի վերջին հարցազրույցը, որի ժամանակ Կոլյայիչը ռուսահպատակության բացառիկ «մաստեր կլասս» է ցուցադրել՝ ակտը զուգակցելով տեղի ռազմաբազայի դեմ ակցիա իրականացրած հասարակական-քաղաքական գործիչների անվանարկմամբ, նրանց անպարկեշտ էպիտետներով որակելով՝ ընդհուպ շոշափելով վերջիններիս բարոյական նկարագիրը, «հայի տղա» լինելն ու... սեռական կողմնորոշումը։ Այո, այս վերջինը, այսինքն՝ այն, ինչ կապված է սեռականության ու կողմնորոշման հետ, Վարդան Ղուկասյանի սիրելի ժանրն է։
Եվ ուրեմն՝ նրանք, ովքեր պահանջում են, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, ըստ ՀՀ երկրորդ քաղաքի նախկին ՀՀԿ-ական, ներկայումս անհայտ քաղաքական ծագման կառավարչի՝ «դեմ են իրենց հայրերին, իրենց պապերին, իրենց մայրերին, իրենց ծնողներին»։ «Որովհետև 102-րդ ռազմաբազան եղել է մեր ազգի շատ մեծերի խնդրանքով, որ ռուսները եկել են Հայաստան, օրինակ, ասենք, Իսրայել Օրի, Դավիթ-Բեկ, Մխիթար Սպարապետ, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան... ուզեցել են, ասել են՝ հայ ժողովուրդ, քո փրկությունը ռուսի մեջ է։ Ես գտնում եմ, որ մեր մեծերը շատ ճիշտ են, և իրենք իրենց կաշվի վրա են զգացել էդ ամեն ինչը։ Հիմա եթե ռուսական բազան էստեղից հանում են, հույսը ո՞ւմ վրա են դնում, թուրքերի՞։ Թուրքերի, որ, ասենք, մեկ տարի առաջ ցեղասպանություն արեցին...»,- հայտարարել է Ղուկասյանն ու պատմական զեղումների գիրկն ընկնել։ Մինչդեռ կարող էր մեկ նախադասությամբ ամփոփել մոտ 35 րոպե տևած ռուսա-ռազմաբազայա-հայրենասիրական քծնալից գյալաջին՝ «ռուսը չեղնի, թուրքը մեզի կուտի» հայտնի վերդիկտը թութակելով։
Հա, ի դեպ, Վարդան Կոլյայիչին «մեժդունամի» մի բան հիշեցնենք՝ 2023 թվականին, երբ իր ասած թուրքը ցեղասպանություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ռուսն էր էնտեղ կանգնած, Իսրայել Օրու, Իսահակյանի, Թումանյանի, Աբովյանի փափագն ի կատար ածած ու իր «խաղաղապահ առաքելությամբ» Արցախ աշխարհ խուժած ռուսը, որի աչքերի առաջ Ղարաբաղը ցեղասպանվեց և որի գործուն մասնակցությամբ բռնի տեղահանվեց։ Ռուսի «օրհնված ոտն», ի դեպ, Ղարաբաղ մտնելուց հետո Աղդամում (էն, էլի, որը Սերժ Սարգսյանն իր հայրենիքը չէր համարում) թուրքերի հետ համատեղ մոնիտորինգային կենտրոն էր հիմնել։ Հուշագիրը, հիշեցնենք Ղուկասյանին, իր պաշտելի Ռուսաստանն ու Թուրքիան՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ, կնքել էին 2021 թվականիհունվարի 30-ին՝ «Ղարաբաղի շրջանումհրադադարի ռեժիմի վերահսկման ևիրավախախտումները կանխելու համար»։ Հիմա հարց Ղուկասյանին՝ թուրքին ո՞վ էր Ղարաբաղ բերել՝ Գյումրիում ՌԴ ռազմաբազայի դեմ ակցիա անող արևմտամետնե՞րը, թե՞ իր պաշտելի ռուսները՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի գլխավորությամբ։
Լրագրողի դիտարկմանը, թե՝ «ցուցարարներն ասում են՝ մենք ապավինում ենք միայն հայ զինվորին, միայն հայ զինվորն այսօր ի վիճակի՞ է սահմանի ամբողջ երկայնքով պահպանել ՀՀ անվտանգությունը, եթե չունենանք ՌԴ-ի պես դաշնակիցներ»՝ Գյումրիի քաղաքապետը «յոթ ամսական ծնվածի» վռազությամբ արձագանքում է. «Ամբողջ սահմանը պահում է ռուսական բանակը, ռուսական սահմանապահները, Լենինականի пограничный отряд, 100-110 лет назад։ Եվ այսօր մեր ամբողջ սահմանը պահում է ռուսական զինվորը՝ մեր հայերի հետ, որը կազմում է 20 տոկոս կամ 10 տոկոս, էն էլ՝ ձևական։ Այսինքն՝ ռուսները մեզ միայն պահել-պահպանել են, սատարել են, իսկ թուրքերը միայն քանդել են, ավիրել ու սպանել են...»։
Մինչ ՀՀ պատկան մարմինները կարձագանքեն Գյումրիի քաղաքապետի շուրթերով տարածվող՝ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այս խեղաթյուրված, վտանգավոր ինֆորմացիային՝ դառնանք նրա մեկ այլ հայտարարության, որը սպանելու ու ավերելու մասին է՝ 2015 թվականին գյումրեցի մի ողջ ընտանիքի՝ Ավետիսյանների զազրելի սպանությանը ռուս զինվորի՝ ՌԴ ռազմաբազայի զինվոր Վ. Պերմյակովի ձեռամբ։ (Ի դեպ, ակցիայի մասնակիցները հիշեցրել էին, որ 1999-ից ՌԴ ռազմաբազայի զինծառայողները 14 քաղաքացի են սպանել ու ծեծի ենթարկել)։ Ինչն է զազրելի՝ Գյումրիի քաղաքապետը, որը ժամանակին «սատանա», «դիվահար», «վիժվածք», «ոճրագործ» էր անվանել, անդրադառնալով նրա վերաբերյալ ակցիայի մասնակիցների հիշեցմանը, ստանձնեց վերջինիս պաշտպանությունը. «Էդ Պերմյակովի գործն իրենք են արել, իրենց ուժերը (արևմտամետները-խմբ.)։ Պերմյակովին որ նայում էիր՝ մատդ տանեիր բերանը՝ չէր խազի՝ ինչպես ասում են գյումրեցիները։ Պերմյակովի գլուխը կտրեիր՝ ոտները թափ չէր տա։ Էդ իրենք էին արել, կայֆերի տակ էլ սարքեցին, բերին-քցին ռուսների վրա, որ հայերը հելնեն ռուսների դեմ։ Իմ տանս դեմը բերին, ռուսական ինչ-որ մեկին սպանել տվին, որ քցեին իմ վրա։ Էդ ես գիտեմ...»։
Ի դեպ, նույն Վարդան Ղուկասյանը, որն այսօր Գյումրիի կառավարչի իր լիազորությունները համատեղում է ռուսական շահերի լոբբինգով ու, փաստորեն, ստանձնել է Պերմյակովի փաստաբանի ֆունկցիան, 2015-ի իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր՝ «պետք է հետևողական լինենք, որ այս ստահակին նշանակված դատավճիռը՝ ցմահ մահապատիժը, ի կատար ածվի», ապա հավելել՝ «եթե իմ զավակը լիներ, ես կասեի`դրան գնդակահարեք` մեր ամոթը մաքրվի»: Այսօր, փաստորեն, ՌԴ կոնսուլների հետ նստող-վեր կացող Վարդանիկը փոխել է ճիվաղի մասին իր կարծիքն ու նրան ընկալում է որպես անմեղ մի արարած՝ սրբի լուսապսակով։ Հա, ի դեպ, սրբի լուսապսակ ասացինք՝ հիշեցինք. Վարդան Ղուկասյանը դեռ 2010-ին պարգևատրվել է «Գեորգևյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով, ինչպես նաև «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի): Իր վերջին հարցազրույցից հետո, թերևս, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պետք է Ղուկասյանի թեկնածությունը ներկայացնի Կրեմլ՝ Պուտինի աշխատակազմ, «տավարիշչ» Կոլյայիչին հերթական՝ իրեն արժանի «օրդենով» պարգևատրելու համար։ Ռուսաքծնության այսպիսի մոնումենտալ ակտը, կարծում ենք, աննկատ ու առանց վարձատրության մնալ չի կարող։
Հ. Մանուկյան




















