«Հորդորում եմ՝ արժանապատվորեն լռել». Սամվել Բաբայանը պատասխանել է Լևոն Զուրաբյանին
- Investigative journalist
- May 29
- 3 min read
Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից հնչեցված մտքերի։
Հայտարարությունում ասվում է. «1994թ․ զինադադարի և դրա համատեքստի շուրջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մտավարժանքներին արձագանքելը, ինչ խոսք, անշնորհակալ գործ է։ Սակայն խնդրո առարկա ժամանակահատվածի պատմական նշանակությունն ու արժեքն այնչափ առանցքային են, որ անպատասխան թողնելը հավասարազոր կլիներ պատմության զեղծարարությունը խրախուսելուն կամ այն կիսելուն։
Բանավեճի առարկա դարձած հարցի շուրջ իր մտահայեցությունները Լ. Զուրաբյանն այս անգամ ջանում է փաստարկել ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում» գրքի բովանդակությամբ։ Դիմելով նույն աղբյուրին՝ ևս մեկ անգամ ցույց տանք Լ. Զուրաբյանի հայտարարությունների սնանկությունը.
Այսպես․
Լ. Զուրաբյանը համոզում է, որ Ս. Բաբայանի մամուլի ծառայության կողմից նախորդ հայտարարությանը կցված կրակի դադարեցման համաձայնագրերը, որոնք տեղ են գտել Ս. Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են» գրքում, նորություն չեն, քանի որ դրանք հրապարակվել են Վ. Կազիմիրովի վերոնշյալ գրքում։ Լ. Զուրաբյանը, սակայն, պետք է իմանար, որ Ս. Բաբայանի գիրքը հրատարակվել է 2008թ․, իսկ Վ. Կազիմիրովի գիրքը՝ 2009թ․։ Միևնույն ժամանակ, Վ. Կազիմիրովի գրքում տեղ գտած փաստաթղթի տակ միայն ԼՂ ներկայացուցչի ստորագրությունն է, այնինչ Ս. Բաբայանի գրքում հրապարակված փաստաթղթում առկա են բոլոր կողմերի ստորագրությունները։
ՀԱԿ փոխնախագահը, համառորեն հղում անելով Վ. Կազիմիրովի գրքին, պնդում է կրակի դադարեցման երկու համաձայնությունների անժամկետ լինելը։ Հղում անելով նույն աղբյուրին՝ պետք է նշել, որ Վ. Կազիմիրովն այս համաձայնությունների մասին խոսելիս օգտագործում է «լռելյայն» («по умолчанию») արտահայտությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ ձևակերպման դիվանագիտական նպատակահարմարությունը։ Ավելին, հարցի համատեքստում դառնալով Արևմուտքի կողմից մայիսյան հրադադարը Ռուսաստանից «խլելու» ձեռնարկումներին, Վ. Կազիմիրովը գրում է, որ 1994թ․ հուլիսի 20-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն իրեն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ միանձնյա նախագահ Մաթիաս Մոսբերգը առաջարկում է 30 օրով ԵՐԿԱՐԱՁԳԵԼ հրադադարը։ Քանի որ Արևմուտքի այս քայլը կնսեմացներ ռուսական միջնորդությունը՝ Վ. Կազիմիրովն ու Լ. Տեր-Պետրոսյանը համաձայնության են եկել այն բանի շուրջ, որ «քաղաքական և/կամ ռազմական ղեկավարները պարբերաբար հաստատեն հրադադար, որը միայն կամրապնդեր այն»։ Լ. Զուրաբյանին երկար ժամանակ պետք կգա հասկանալու կամ այդպես էլ չհասկանալու այս բառախաղում միջնորդների շահագրգռվածությունն և նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի «նրբանկատ հավանությունը»։
Նախքան հրադադարի վերաբերյալ երկրորդ համաձայնագրի ստորագրումը՝ 1994 թ․ մայիսի 16-17-ին, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ու ԼՂ ՊԲ հրամանատարը, ՌԴ միջնորդությամբ, Մոսկվայում պիտի ստորագրեին հակամարտության գոտում միջազգային դիտորդների տեղակայման և այլ ռազմական-տեխնիկական անհետաձգելի հարցերի վերաբերյալ փաստաթուղթ, սակայն, կրկին Վ. Կազիմիրովի վերահաստատմամբ, «մայիսի 17-ի գիշերը նախագահ Հ. Ալիևը շտապ հրահանգ տվեց իր նախարար Մամեդովին չստորագրել այս հանդիպման ժամանակ մշակված փաստաթուղթը, այլ անմիջապես վերադառնալ Բաքու, ենթադրաբար՝ լրացուցիչ հրահանգների համար»։ Եվ ուրեմն՝ ինչպես է մեկնաբանում Լ. Զուրաբյանը այս իրողությունը։
Մամլո խոսնակի պաշտոնում մի քանի օրով ԼՂ-ում գտնված Լ. Զուրաբյանի՝ ռազմական գործողությունների մանրամասնությունների վերաբերյալ համոզմունքն այն աստիճանի հոգեխանգարմունքի է հասնում, որ վերջինս անամոթաբար հայտարարում է, թե «հայկական բանակն արյունաքամ էր» և, այդ թվում՝ Ս. Բաբայանն էր խնդրել, որ կանգնեցվի պատերազմը։ Կրկին դառնալով Լ. Զուրաբյանի համար վստահելի աղբյուրին՝ Վ. Կազիմիրովի գրքին՝ նկարագրենք հրադադարի նախադրյալները. «Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարի ռեժիմի հաստատմամբ։ … այս անգամ այն համառորեն, նույնիսկ ակնհայտ հանդիմանությամբ էր բարձրացնում հարցը. մի՞թե Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները։ Հատկանշական է, որ այս անգամ ադրբեջանական կողմը հրադադարի համար որևէ նախապայման չէր առաջադրում, ինչպես նաև չէր պահանջում հայերի կողմից գրավված տարածքների ազատագրումը»։
Խիստ ուշագրավ է նաև հրադադարի համատեքստը. «1994 թ․ մայիսի սկզբին ռազմաճակատում իրավիճակը բավականին հակասական էր դարձել։ Ձմռանը ադրբեջանական հակագրոհի ձախողումից հետո, որը բավականին համեստ արդյունքներ տվեց, կտրուկ ավելացան կողմերի կորուստները․ մեծ հաշվով, հաստատվեց ուժերի որոշակի հավասարակշռություն։ Ամենաթեժ մարտերը տեղի ունեցան Թեր-Թերի տարածքում։ Այս քաղաքը գրավելու հայկական փորձերը շատ վտանգավոր էին։ Եթե նրանց հաջողվեր կտրել Ադրբեջանի երկրորդ քաղաք՝ Գյանջա տանող ճանապարհները կամ առաջ շարժվել Բարդա Եվլախ-Մինգեչաուր ուղղությամբ՝ դեպի Կուր գետ, ապա հանրապետության հյուսիսարևմտյան ելուստը վտանգի տակ կլիներ և կարող էր կտրվել «ցամաքից»։ 1993թ․ աշնանը հարավարևմտյան Ադրբեջանին պատուհասած մղձավանջը, երբ հայերը հասան Իրանին սահմանակից Արաքս գետ, կարող էր կրկնվել»։
Վերջին մեջբերմամբ լույս է սփռվում նաև Միրբաշիրի (Թեր-Թերի տարածք) օպերացիայի վերաբերյալ Լ. Զուրաբյանի՝ որպես այդ շրջանում իշխող կուսակցության ներկայացուցչի, ջղաձգումների պատճառների վրա․ պաշտոնական Երևանը, համոզմունք ունենալով Միրբաշիրի օպերացիայի անխուսափելի դրական ելքի վերաբերյալ, արգելափակել է զինամթերքի մատակարարումը՝ կանխելով Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիան։ Որպես քաղաքական թիմի անդամ և պատասխանատու՝ Լ. Զուրաբյանն ահա այս հարցի պատասխանը պիտի տա սերունդների և պատմության առջև․ ինչու՞ պաշտոնական Երևանը խափանեց ԼՂ հարցի լուծումը, ինչու՞ դադարեցրեց զինամթերքի մատակարարումը, որով կարելի էր զենքով պարտադրել և գրչով վավերացնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը։
Ինչ վերաբերում է Ս. Բաբայանի՝ ԼՂ ռազմական գործողությունների մշակումն ու դրանց հաղթական ելքերը սեփական անձին վերագրելու վերաբերյալ Լ. Զուրաբյանի հոխորտանքներին, ապա վերջինս պետք է իմանար, որ կառավարման համակարգում յուրաքանչյուրն ունի իր գործառութային պարտականությունները, և դրանք համընկել են ՊԲ հրամանատար, ապա պաշտպանության նախարար Ս. Բաբայանին, ով հաջողել է կատարել իր առջև դրված խնդիրը՝ այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունները ևս պատշաճ կատարել են թիկունքային, մատակարարման և այլ պարտականությունները։ Ապացույցը՝ Միրբաշիրի օպերացիան․ քաղաքական իշխանությունը դադարեցրել է զինամթերքի մատակարարումները, չի իրականացվել նաև համապատասխան ռազմական գործողությունները։ Այս մասին, ի դեպ, հրապարակային արտահայտվել են նաև առանձին ուղղությունների հրամանատարներ։
Եվ վերջում․
Մեր կողմից դադարեցնելով այս հեռակա բանավեճը՝ Լ. Զուրաբյանին կարող ենք միայն մեկ բան հորդորել՝ արժանապատվորեն լռել։ Որովհետև 2026թ․ խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն գործընկերոջ ցուցակում «ուղևոր» գրվելու համար մեր ժողովրդի փառավոր հաղթանակները սակարկելու փորձերը ոչ այլ ինչ են, քան…
Որակումները թողնում ենք ընթերցողին»։