Ինչպես են կիբերհարձակման ենթարկվում iPhone հեռախոսները
- 1 hour ago
- 1 min read

Կասպերսկի ընկերության մասնագետները բացահայտել են Apple-ի սարքերի և iPhone հեռախոսների դեմ իրականացված բարդ կիբերհարձակման մեխանիզմ, որի միջոցով հարձակվողները կարողացել են վերահսկողություն հաստատել վարակված սարքերի նկատմամբ և ստանալ օգտատերերի տվյալներ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Կուզնեցովի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2023 թվականին, երբ ընկերության մասնագետները կորպորատիվ Wi-Fi ցանցի մոնիթորինգի ընթացքում նկատել են կասկածելի ակտիվություն։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կապված էր բացառապես Apple-ի iPhone հեռախոսների հետ։
Հետազոտության ընթացքում մասնագետները պարզել են, որ հարձակումը սկսվում էր iMessage ծառայության միջոցով ուղարկվող հատուկ «անտեսանելի» հաղորդագրությամբ։ Հաղորդագրության ստացումից անմիջապես հետո գործարկվում էր վնասակար կոդ, իսկ հաղորդագրությունը ինքնաբերաբար ջնջվում էր՝ գրեթե ոչ մի հետք չթողնելով օգտատիրոջ համար։
Կուզնեցովի խոսքով՝ հարձակվողներն օգտագործել են մի շարք բարդ տեխնիկական գործիքներ և անվտանգության համակարգերը շրջանցող հատուկ ծրագրային լուծումներ, որոնց շնորհիվ կարողացել են լիարժեք վերահսկողություն ձեռք բերել սարքերի նկատմամբ՝ առանց օգտատերերի իմացության։
Նրա ներկայացմամբ՝ վնասակար ծրագրի տարբեր մոդուլներ կարող էին ակտիվացնել հեռախոսի միկրոֆոնը, ձայնագրել շրջակա միջավայրի ձայները և տվյալները փոխանցել հարձակվողների սերվերներին՝ ինտերնետ կապի վերականգնումից հետո։ Բացի այդ, ծրագրային ապահովումը հնարավորություն էր տալիս հավաքել օգտատիրոջ վերջին օրերի հաղորդագրությունները և այլ տվյալներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել էր արտասահմանյան հետախուզական կառույցների կողմից բարձրաստիճան պաշտոնյաների բջջային հեռախոսների դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակման բացահայտման մասին։ Ըստ ԱԴԾ-ի՝ վնասակար ծրագրերն օգտագործվել են տվյալների գողության, հաղորդակցությունների գաղտնալսման և սարքերի շրջակա միջավայրի վերահսկման նպատակով։




















