Կրկնակի փորձաքննություն է իրականացվում, փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ. Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի որակի հետ կապված խնդիրին՝ նշելով, որ այժմ կրկնակի փորձաքննություն է իրականացվում, փորձանմուշներն ուղարկվել են նաև այլ երկրներ՝ վստահ լինելու համար, որ բոլոր լաբորատորիաների արդյունքները համադրելի են: Առաջիկայում հրապարակային հանդես կգանք այս հարցով սպառիչ պատասխանով:
Ըստ նախարարի՝ որևէ շեղման պարագայում կան հաջորդիվ քայլեր՝ հաստատելու, բացառելու, շեղման տոկոսը վերահաստատելու առումով, իսկ մինչ այդ առավել զգուշավորություն է պետք դրսևորել:
«Ջրի մատակարարումն ապահովված է, քաղաքացիներն ունեն հնարավորություն՝ տրամադրվող ջրից օգտվելու: Համայնքն այդ գործն իրականացնում է: Բնակիչներ կան, որ չեն հետևում [պահանջներին], բայց շեղման տոկոսներն էլ այնպիսին են, և նաև մեր փորձաքնությունների հիման վրա բան չենք տեսնում:
Այնուամենյանիվ, մենք պետք է առավել զգուշավորություն դրսևորենք, վստահ լինենք, որ մաքուր է, համապատասխանում է մեր նորմատիվներին»,- ասաց Ավանեսյանը:




















