500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ ՈՒ ՓԱԽԵԼ ԱՖՐԻԿԱ
- Investigative journalist 
- 9 hours ago
- 1 min read

Ռուս թվարժութային առեւտրով զբաղվող Ռոման Նովակը փախել է Հարավային Աֆրիկա՝ ներդրողներից խարդախությամբ ձեռք բերած 500 միլիոն դոլարով հանդերձ։ Խաբված ներդրողների շարքում կան չինացի, արաբ գործարարներ, ուկրաինացի ուժայիններ, նույնիսկ՝ ՌԴ Պետական Դումայի մեկ պատգամավոր։ Այս մասին հայտնում է ռուսական Mash տելեգրամյան ալիքը։ Նովակը, ըստ հաղորդման, ստեղծել է մի ամբողջական սխեմա։ Նախ ուկրաինացի ծրագրավորողներին պատվիրել է ստեղծել Fintopio հավելվածը թվարժութային փոխանցումների համար։ Ապա ներգրավել է ներդրողների, հիմնվելով այն տեղեկության վրա, թե իբր կապեր ունի խոշոր բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ։ Հատկապես ընդգծել է, որ շփումներ ունի Պավել Դուրովի եւ մի շարք արաբ արքայազների հետ։ Երբ ներդրողները փոխանցել են միլիոնավոր դոլարներ, Նովակը պարզապես անհետացել է տեսադաշտից։
Ծրագրավորողները մնացել են առանց խոստացված վճարի, ներդրողները՝ առանց իրենց գումարների։ Տուժածները չեն դիմել ոստիկանություն, հույս ունենալով, որ կկարողանան հետ վերադարձնել իրենց գումարները։ Նովակի հետքերը հասնում են մինչեւ Քեյփթաուն․ որտեղ էլ գտնվում են գողացված փողերը։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նովակի անունը կապվում է խարդախության հետ։ Նա նախկինում արդեն դատված եղել է 4 միլիոն դոլարի հափշտակության համար, հետո թաքնվել է Դուբայում եւ այնտեղ գործարկել իր նոր նախագիծը՝ կապված տելեգրամյան «տոկենների» հետ։ Սեպտեմբերին ռուսական ուժայինները թվարժութային փոխանակման կետերում երկու շաբաթ շարունակ խուզարկություններ են անցկացրել, փորձելով գտնել Նովակի գործարքների հետ կապված հետքեր։




















