Անօրակարգ ու պարապ լինելու հետևանքը․ ընդդիմությունը որոշել է եկող շաբաթ ԱԺ-ում բեմադրել «Քաղբանտարկյալները» օճառային օպերան
- Investigative journalist

- 4 hours ago
- 4 min read

Գալիք համապետական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել։ Ու թվում էր, թե այս իրողության բերումով ընդդիմադիր դաշտում, մասնավորապես՝ արմատական, եթե կուզեք՝ ռևանշիստական, պետք է քաղաքական ադեկվատ խոսքի, անելիքների, արվող ու արված աշխատանքի, ծրագրերի ու գաղափարների բախման ու գեներացման եռուն պրոցեսի ականատեսը լինեինք։ Բայց․․․ ոչ։ Ընդդիմությունը շարունակում է գտնվել ավտոպիլոտի ռեժիմում, որն, ի դեպ, միացվել է առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2024-ի «սրբազան շարժման» անփառունակ ֆիասկոյից հետո։ Այդ ռեժիմը,, նկատենք, մերթ ընդ մերթ կարճատև ժամանակով ընդմիջվում է դիպվածային ինչ-որ պրոցեսներ ակտիվացնելով՝ առանց շոշափելի, առարկայական ելքի ու արդյունքի։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը ընդամենը ժամանակ է ձգում՝ մինչև․․․ էլի կգա գարունը, կբացվի վարդը, կերգի բլբուլը կամ էլ «ուրիշ բլբուլ կգա, կմտնի բաղը»։
Արդ, հիշենք, թե մասնավորապես 2025 թվականի քաղաքական գարուն-ամառ-աշուն սեզոնի ընթացքում ի՞նչ ակտիվություն է ցուցաբերել ընդդիմությունը, ի՞նչ քայլեր է ձեռնարկել (մասնավորապես փողոցային պայքարի տեսքով, որևէ գաղափարի շրջանառման, իշխանության կողմից նախաձեռնված ինչ-որ պրոցեսի հակազդելու կամ այն կանխարգելելու տեսքով), որոնք կես քայլով մոտեցրել են նույն այդ ընդդիմությանն իր «իդեա ֆիքսի» իրագործմանը՝ արտահերթ իշխանափոխությանը։ Թերևս միակ հիշարժան գործընթացը եղել է տխրահռչակ «իմպիչմենթի» գաղափարը հերթական անգամ շրջանառելը։ Գործընթաց, որն այդպես էլ միս ու արյուն չի ստանում խորհրդարանի պատերի ներսում ու դարձել է ընդդիմադիր երկու խմբակցությունների «պարապ վախտի խաղալիքը»։ Թերևս մյուս հիշարժան գործընթացը ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կազմակերպված ինչ-որ մասնավոր ակցիաներն էին և են, որոնք ոչ թե ընդդիմության, այլ Կարապետյան ընտանիքի կողմից իրականացվող քաղաքացիական ընդվզման ակտեր են, նկատենք՝ զրո քաղաքական բովանդակությամբ։
Նույնիսկ «ի պաշտպանություն եկեղեցու» ակցիաների ականատես չենք լինում՝ կազմակերպված ինքզինքը եկեղեցապաշտպան հռչակած ընդդիմադիր կոնգլոմերատի կողմից։ Հատկանշական է, որ այս գերզգայուն օրակարգը, որը հարկավ պետք է հուզեր Հայ առաքելական եկեղեցու բազմահազար հետևորդներին ու ինքնաբուխ ակցիաների մղեր, այդպես էլ չի վերաճում կոնսոլիդացնող գործոնի։ Հիշեցնենք՝ Մայր աթոռի զանգերը «տագնապի ղողանջ» հնչեցրին միայն մեկ անգամ, այն օրը, երբ իրավապահները ձերբակալելու էին գնացել Շիրակի թեմի՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար քրեական հետապնդման ենթարկվող առաջնորդին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ զանգերին, սակայն, լայն հանրությունն այդպես էլ անհաղորդ մնաց։
Քաղաքական օրակարգի բացակայության պայմաններում «օպոզիցիոն տոնուսի», «ֆորմի» մեջ մնալու համար, նկատենք, սերժաքոչարյանական ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ որոշում է բարձրացնել հումանիտար հարցեր ու դրանց շուրջ հանրային տրամադրություններ գեներացնել։ Ասենք՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի շուրջ կամ, ասենք, Ադրբեջանում ապօրինի պահվող ու դատվող գերիների։ Սակայն նմանօրինակ ակցիաները ձեռք չեն բերում պարբերական բնույթ՝ վերածվելով ինքնանպատակ պրոցեսի։ Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ այս օրերին խորհրդարանական ընդդիմությունը փողոց էր դուրս եկել, Ադրբեջանում անցկացվելիք COP 29-ին ընդառաջ ակցիա էր իրականացնում՝ ուլտիմատում ներկայացնելով միջազգային հանրությանը, աղեկտուր ճչալով այն մասին, թե իշխանությունը գերիների հարցն անտեսել է, նրանց «հանձնել» է Բաքվին ու թողել անպաշտպան։ Այս պրոցեսը, նկատենք, ուղեկցվում էր նաև ԱԺ մակարդակում պրոցես գեներացնելով՝ գերիների հարցով հրատապ ԱԺ նիստ հրավիրելով, հայտարարության նախագիծ բերելով, որով առաջարկվում էր կոչ անել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար։
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազը այդ երկրում շինծու քրեական գործերով դատվող ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար պահանջում է ցմահ և մինչև 20 տարվա ազատազրկում։ Ենթադրվում էր, որ ընդդիմությունը տեղեկատվական «թրենդին» համարժեք ինչ-որ պրոցես կսանձազերծի՝ բողոքի ակցիա այս կամ այն գերատեսչության կամ միջազգային կառույցի գրասենյակի առաջ, հայտարարության նախագիծ՝ ԱԺ-ում, սակայն մեր ենթադրություններն անհիմն դուրս եկան։
Ընդդիմությունը որոշել է այս տարի փոխել «մենյուն» ու թրենդային դարձնել քաղբանտարկյալների թեման։ Նախօրեին «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանի և Լևոն Քոչարյանի բերանով ընդդիմությունը կոչ էր արել մասնակցել ՀՀ դատախազության շենքի դիմաց կազմակերպված ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային։ Այդ ակցիայի ժամանակ, սակայն, ելույթով հանդես եկավ միայն Սաղաթելյանը՝ մասնավորապես աղաղակելով․ «Երկրում կան 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, ազգային բարերար, սրբազան հայրեր, ԱԺ և Արցախի պատգամավորներ, բլոգերներ, լրագրողներ (էդ ո՞ւմ նկատի ունի-խմբ.), զինվորականներ, պարզ շարքային քաղաքացիներ, ովքեր էսօր գտնվում են անազատության մեջ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն էսօրվա իշխանության վարած էս հակահայ քաղաքականության հետ»։ Ինչն է ուշագրավ, որ այս ամենը Սաղաթելյանն արտաբերել է դեմքին լրջություն հաղորդած, բայց ներքուստ, համոզված ենք, քահ-քահ ծիծաղելով իր խոսքերի վրա։ Ինչն է էլ ավելի զավեշտալի՝ Սաղաթելյանը ի պատասխան հարցի՝ «նման հակազդեցությունը համարժե՞ք է», արձագանքել է՝ «պետք է այնպես անենք, որ համարժեք լինի»։ Իսկ ինչպե՞ս։ «Ժողովրդի կամքով, շարունակական գործողություններով»։ «Ժողովրդի կամք» ու «շարունակական» բառերն, անշուշտ, քմծիծաղից բացի այլ էմոցիա չեն հարուցում՝ հաշվի առնելով Սաղաթելյանի՝ շարունակական ակցիաներ կազմակերպելու ու ձախողելու տխուր փորձը։ ՀՅԴ-ական պատգամավորը նշել է նաև, որ «սա մեկանգամյա ակցիա չի լինելու», սրան հաջորդելու են հաջորդ շաբաթ ԱԺ-ում «Հայաստան»-ի և ՊՈՒ-ի կողմից հրավիրված լսումները «քաղբանտարկյալներ» թեմայով։ «Մեր համար էդ նիստը ծառայելու ա, որ հրավիրենք պաշտպաններ, հրավիրելու ենք նաև միջազգային կազմակերպություններին, նաև՝ գլխավոր դատախազին, թող գա ԱԺ լսումներին։ Էն օրը որ գնացել էին «Մարտի 1» էին բեմադրում, թող չորեքշաբթի գա ԱԺ նիստին․․․»,- մուննաթ է եկել Սաղաթելյանը։
Նկատենք՝ «Մարտի 1-ի» հարցով ԱԺ լսումներին «Հայաստան»-ն ու ՊՈՒ-ն չէին մասնակցում։ Մասնակցեին, որ ի՞նչ անեին, «փչացնեին իրենց տո՞նը», այն է՝ հերթական անգամ ականաջուր լինեին այդ ողբերգության կազմակերպիչների ու իրագործողների, հանցանքը կոծկողների անունների հրապարակմա՞նը։ Ինչևէ։ Ու հիմա, փաստորեն, «ձերդ պարապություն» ընդդիմադիրները որոշել են «տակ չմնալ» ու լսումների տեսքով բեմադրել «Քաղբանտարկյալները» «օճառային օպերան»։
ԱԺ-ում, ի դեպ, «Հայաստան» խմբակցության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել հայտարարության նախագիծ՝ վերնագրված՝ «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին»։ Սույն փաստաթուղթն ընթերցելիս տպավորություն էր, որ դրա հեղինակը մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներն է նկարագրել, բայց՝ մի 20-25 տարի ուշացումով, փորձելով նկարագրված «ужас»-ը պրոյեկտել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանի վրա։
Արդ, մի քանի մեջբերում։ «Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարմանն ու սահմանադրականության վերջնական տապալմանը»։ Ցինիզմի բարձր պիլոտաժ է, ինչ խոսք, երբ
օրվա իշխանությանը նման մեղադրանքներ է վերագրում մասնավորապես 2008-ի նախագահական ընտրություններից առաջ և հետո ընդդիմադիրներին բռնաճնշումների ենթարկած, ընտրությունների արդյունքները կեղծած, մարտի 1-ին արյուն հեղած, շինծու քրեական գործերով ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների, բանտերը գցած, բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշած ու այսպիսով սահմանադրական կարգը տապալած սուբյեկտի կողմից ղեկավարվող խմբակցությունը։ Ի դեպ, հայտարարության նախագծում հիշատակվում է նաև ԵԽԽՎ-ի կողմից 2012-ին ընդունած 1900 բանաձևը, որը սահմանում է քաղբանտարկյալի կարգավիճակը։ Թվում էր, թե այդ կարգավիճակին համապատասխանող, ըստ Սաղաթելյանի՝ մոտ 5 տասնյակ անձանց վերաբերյալ միջազգային կառույցները պետք է որ «գոնգ» հնչեցրած լիենին՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին միջոցներ ձեռնարկել։ Արդ, որտե՞ղ են «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունեցողների մասին միջազգային կառույցների, ասենք՝ ԵԽԽՎ-ի, պետդեպի զեկույցներն ու բանաձևերը։ Դրանք, գրողը տանի, չկան, գոյություն չունեն, քանի որ ՀՀ-ում պարզապես գոյություն չունեն քաղբանտարկյալներ։
Ի դեպ, ժամանակին սույն թեմայի մասին արտահայտվելիս ՀՀ գլխավոր դատախազը նկատել էր. «Որևէ միջազգային փաստաթղթի ես չեմ հանդիպել, որտեղ քաղբանտարկյալ եզրույթը ՀՀ-ի վերաբերյալ կիրառվի, դրանք տեղական ձևակերպումներ են։ Կանգնել ու հայտարարել, որ նախկինում պաշտոն զբաղեցնող անձը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, քաղբանտարկյալ է, ոչ մի իրավական նորմի մեջ չի տեղավորվում»։
Հ. Մ.




















