CNN: Ի՞նչ է հայտնի եվրոպական երկրներում ԱՄՆ զորքերի տեղակայման մասին
- 9 hours ago
- 2 min read

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջորդ տարվա ընթացքում Գերմանիայից դուրս կբերի մոտ 5000 զինծառայողի, և, ինչպես նշել է նախագահ Դոնալդ Թրամփը, այս քայլը միայն սկիզբն է, հայտնում է CNN-ը։
Դուրսբերման արդյունքում զորքերի ընդհանուր թվաքանակը կվերադառնա մոտավորապես այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը։
Պաշտպանության նախարարության տվյալներով, անցած տարվա դեկտեմբերի դրությամբ Գերմանիայում գտնվում էր ԱՄՆ-ի 36 436 զինծառայող, ինչը զիջում է միայն Ճապոնիային։ Պենտագոնը չի հայտնել՝ զորքերը կվերադառնա՞ն ԱՄՆ, թե կվերատեղակայվեն այլ վայրում։
Այս տարվա վերջին նախատեսված հեռահար հրթիռների գումարտակի տեղակայումը կչեղարկվի, ինչի հետևանքով Գերմանիան կզրկվի զգալի հրթիռային ներուժով ապահովվող պաշտպանական ծածկույթից։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 2022 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց, հաստատել էր Գերմանիայում լրացուցիչ 7000 ամերիկացի զինծառայողի տեղակայումը։
Գերմանիայում ԱՄՆ ռազմական ներկայությունն իր գագաթնակետին էր հասել սառը պատերազմի տարիներին, երբ Արևմտյան Գերմանիայում տեղակայված էր մոտ 250 000 զինծառայող։
Եվրոպական մյուս երկրները, որտեղ տեղակայված է ակտիվ ծառայության մեջ գտնվող ամերիկացի զինծառայողների զգալի թիվ, ներառում են Իտալիան (ավելի քան 12 000 մարդ) և Մեծ Բրիտանիան (մի փոքր ավելի, քան 10 000 մարդ)։
Իսպանիայում գտնվում է մոտ 4000 ամերիկացի զինծառայող, սակայն Թրամփը սպառնացել է նրանց հետ կանչել՝ Իրանի դեմ պատերազմում բազաների օգտագործումը թույլատրելուց Իսպանիայի կառավարության հրաժարվելու պատճառով։ Բացի այն, որ Եվրոպայում ամերիկյան օբյեկտները կարևոր դեր են խաղացել սառը պատերազմի ընթացքում, դրանք իրենց դերակատարությունն են ունեցել նաև Մերձավոր Արևելքում բազմաթիվ ճգնաժամերի կարգավորման գործում։
Եվրոպական երկրները ամերիկյան զինված ուժերը տեղակայում են մի շարք կարևոր ռազմաօդային և ռազմածովային բազաներում, ներառյալ Գերմանիայում ԱՄՆ Ռամշտայն ավիաբազան, Մեծ Բրիտանիայում Լեյքենհիթ և Միլդենհոլ ռազմաօդային բազաները, Իտալիայում Ավիանոն և պորտուգալական Ազորյան կղզիներում Լաժեշ Ֆիլդը։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության շտաբները գտնվում են Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, իսկ Իտալիայում՝ Նեապոլում և Սիգոնելայում, կան ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու աջակցման օբյեկտներ։




















