Ինչու և ինչպես ՀԱԵ-ն և ՀՅԴ-ն դարձան հակապետական
- Investigative journalist

- Jul 30
- 5 min read

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Տոնոյանը սոցցանցի իր էջում գրել է․
Ինչպե՞ս կարող էին այս երկու կառույցները, հալածված լինելով Ռուսական կայսրության, այդուհետ՝ Խորհրդային Միության կողմից, այսօր վերածվել Ռուսաստանի հենարանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Չէ՞ որ Հայաստանի 1828թ ռուսական նվաճումից ի վեր Պետերբուրգն ու Մոսկվան մշտապես կեղեքել են հայոց եկեղեցին։ Նույնը կարելի է ասել ՀՅԴ-ի մասին՝ ո՞վ տապալեց Հայաստանի Հանրապետությունը, ո՞վ սպանեց ու աքսորեց դաշնակցականներին. թվում է, թե ԽՍՀՄ-ի և ՀՅԴ-ի միջև անսահման խորը թշնամություն պետք է լիներ ու փոխանցվեր ՌԴ – ՀՅԴ հարաբերություններին։
Այդ հարաբերությունների պատմությունն իրականում այլ ընթացք է ունեցել։
Հայաստանի խորհրդայնացումից հետո խորհրդային հատուկ ծառայությունները հայկական ինստիտուցիոնալ կառույցների և հատկապես ՀԱԵ-ի հետ աշխատում էին շատ ագրեսիվ ու կոպիտ մեթոդներով. Խորեն Ա Տփղիսեցի կաթողիկոսին խորհրդային ՆԿՎԴ-ի սպաները ուղղակի ձեռքերով խեղդեցին։ Խորհրդային տարիների բռնաճնշումներից Հայաստանի հանրության որևէ մաս զերծ չի մնացել. այս հարցին այդպես էլ իրավական գնահատական չի տրվել։ Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր բարեկամությունը ռուսաց երկրի հետ այնքան «նուրբ» էր, որ Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի և հազարավոր հայերի սպանությունները հարկավոր էր մոռանալ։ Հուսանք մի օր նաև այդ դրվագներն արժանի գնահատական կստանան։
ՀՅԴ գործիչներ այդ շրջանում Հայաստանում չկային, ով չէր փախել արտերկիր՝ սպանվել էր:
Երկրորդ համաշխարհայինից հետո ՀՅԴ-ի նկատմամբ վերաբերմունքը մի փոքր մեղմվեց, սակայն ՀՅԴ-ն շարունակում էր լինել խորհրդային կարգերի թշնամի։ Ավելին, դաշնակցական թերթերն նույնիսկ գրում էին այն մասին, որ կարելի է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի օգնությամբ անգամ ազատագրել Հայաստանը կարմիր թշնամուց։
ՀՅԴ նկատմամբ վերաբերմունքը փոխվեց 1970 ականների սկզբին։ Դա ԽՍՀՄ հզորության գագաթնակետի տարիներն էին, երբ Անդրոպովյան դարաշրջանի ՊԱԿ-ը հզորության նոր հորիզոններ էր նվաճում՝ առաջ անցնելով մրցակից երկրների հատուկ ծառայություններից։ ՊԱԿ-ը Ֆրանսիայում ու Իտալիայում քողարկված մասնակցում էր քաղաքական գործընթացների, ազդում էր ընտրությունների արդյունքների վրա, ԱՄՆ-ում հակավիետնամական ցույցեր էր հրահրում, նույնիսկ շրջանակներ կային, որ լրջորեն կարծում էին, թե այդպես շարունակելով ԽՍՀՄ-ը շուտով ԱՄՆ-ին ծնկի կբերի։ Խորհրդային այդ ութոտնուկի մատերը հասնում էին աշխարհի ցանկացած անկյուն, և ՊԱԿ-ը բնականաբար մեծ ազդեցություն ուներ նաև այն երկրներում, որտեղ ՀՅԴ-ն ամրացված էր՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Իրան և այլն։
ՀՅԴ-ն և ՀԱԵ-ն համակարգային կառույցներ են, որոնցում անձնական որոշումները նվազագույնի են հասցված։ Ավելին, դրանք մեծ ու ցանցային կառույցներ են, ինչի շնորհիվ ավելի կենսունակ են ու ճկուն։ Խորհրդային ՊԱԿ-ը թիրախավորել է հենց այս կառույցները, քանզի անձանց շուրջ հավաքված կառույցների վրա ազդելը, վերահսկելը կամ քանդելը շատ ավելի դյուրին է, քան՝ համակարգային կառույցների դեպքում։ ՀՅԴ-ից վերացվեցին բոլոր այն ազգային խորագիտակները, որոնք ատում էին ԽՍՀՄ-ը որպես ՀՀ անկախության ամենամեծ խոչընդոտ։ Վերացվեցին շատ նուրբ՝ օգտագործելով Արաբա-իսրայելական պատերազմները, Լիբանանյան քաղաքացիական պատերազմը, Իրանի հեղափոխությունը և այլն։ ՊԱԿ-ը հիանալի կերպով վերահսկողության տակ առավ նաև հայկական վրիժառուական կազմակերպությունների աշխատանքը. «ԱՍԱԼԱ»-ն սկզբից լրիվ դուրս էր խորհրդային վերահսկողությունից, սակայն հետո ստեղծվեց ՀՅԴ-ի համապատասխան մրցակիցը և ամեն ինչ արդեն ՊԱԿ-ի վերահսկողության գոտում էր։ Խորհրդային ՊԱԿ-ի հզորագույն ժամանակահատվածում՝ 1960-1980 ականներին, արաբական այս երկրներում որևէ հայկական ազգայնական կառույց, այն էլ՝ զինված, կանոնավոր մարզվող, չէր կարող գոյություն ունենալ ՊԱԿ-ի վերահսկողության գոտուց դուրս, առավել ևս՝ չէր կարող այս ու այն կողմ հարձակումներ գործել։
ՀՅԴ-ում կային նաև դիմադրողներ, որոնցից ակտիվներին չեզոքացնում էին, իսկ պասիվները հեռանում էին։ Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ ՀՅԴ-ում կառավարման ղեկն անցավ Հրայր Մարուխյանի թիմին. կազմակերպությունը հետևողականորեն մաքրվեց բոլոր ոչ խորհրդային ազդեցության գործիչներից, բյուրոյում և գերագույն մարմնում որոշիչ ձայները բաժին էին հասնում գերազանցապես ռուսական ազդեցության գործակալներին, իսկ վերջին տարիներին առհասարակ միայն Հայաստանում ծնվածներին, քանի որ վերջիններս ավելի հեշտ են դառնում Ռուսական ազդեցության գործակալներ։
Նույն կերպ է ՊԱԿ-ի վերահսկողության անցել ՀԱԵ-ն։ Եպիսկոպոսներին սպանելուց, աքսորելուց ու թուլացնելուց հետո ՊԱԿ-ը մտավ եկեղեցու ներքին կյանք ու սկսեց հավաքագրել եկեղեցականներին, որոնց օգտագործում էր նաև որպես հետախույզներ։ Բնականաբար խորհրդային Հայաստանում ծնված հոգևորականներն ավելի հեշտությամբ էին հավաքագրվում։ Արքեպիսկոպոս Պոզապալյանի չեզոքացումը դրա բավականին խոսուն օրինակ է։ Բնականաբար 1970-1980թթ սարկավագները պիտի դառնային Մոսկվայի համար ամենամեծ հենարանները։ Նրանք աճեցին հզորացան եւ հետեւանքը մենք այսօր տեսնում ենք։
Վազգեն Առաջինը այս առումով բացառություն էր։ Նա խորհրդային գործակալ չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ու ընթացքում նա նույնիսկ հաջողել էր ՊԱԿ-ից գաղտնի աշխատել Գարեգին Նժդեհի հետ։
ՀԱԵ-ն, կամ ավելի ճիշտ նրա վերնախավը այսօր ՀՀ օրինական եւ ընտրված իշխանությունների հետ մտել է պատերազմի մեջ։ Պատմության մեջ ցավոք նման դեպքերը քիչ չեն։ Բոլոր այդ դեպքերի հետեւում միշտ լինում է եկեղեցականների իշխանության եւ նյութական շարժառիթները, ինչը ինքնին ողբերգություն է։ Ողբերգություն է, քանի որ աշխարհիկ մարդու դեպքում անգամ դա ընկալելի չէ, երբ քաղաքական կռվի հիմքում ոչ թէ գաղափարներն են այլ նյութականն ու իշխանությունը, իսկ հոգեւորականի դեպքում կրկնակի անընկալելի է։ Սակայն միշտ էլ հիմքում դա է եղել։ Հայոց պատմության մեջ եւս այդ օրինակները բացառիկ չեն։ Քրիստափոր Ապահունի կաթողիկոսը (628-630թթ), առաջին Հայ Կաթողիկոսն է, որը գահընկեց է արվել։ Հիմնական պատճառը նորից իշխանության եւ նյութական դրդապատճառներ։ Նրան գահընկեց է արել Հայոց մարզպան Վարազտիրոց Բագրատունին։ Պատմիչ Սեբեոսը հաղորդում է, որ Քրիստափոր կաթողիկոսը ,,հպարտ էր, ամբարտավան և չար լեզու ուներ,,։
Դառնալով կաթողիկոս՝ նա փորձել է խարդավանքների և բամբասանքների միջոցով Վարազտիրոց մարզպանին գժտեցնել իր եղբոր հետ և փորձել է հայ իշխաններին հանել մարզպանի դեմ։ Պատճառն այն էր, որ Վարազտիրոցը մարզպան էր նշանակվել Սասանյան արքայի կողմից, բայց քանի որ Պարսկաստանը գնալով թուլանում էր, Վարազտիրոց մարզպանն ուզում էր Բյուզանդիայի հետ ևս լավ հարաբերություններ հաստատել, ինչը Քրիստափոր կաթողիկոսին դուր չի եկել, որովհետև նա հավատարիմ էր Պարսից տերությանը...
Վարազտիրոց Բագրատունին չի հանդուրժել պետության գործերին Քրիստափոր կաթողիկոսի միջամտությունները և վերջինիս հարկադրել է հրաժարվել գահից։
Գաղափարական մաշվածության և իներտության պատճառով այս երկու կառույցները տարիների ընթացքում ընտելացել են դանդաղ գործընթացներին, դրանց գաղափարական բովանդակությունը կորցրել է արդիականությունը, բայց ինստիտուցիոնալ ճկունության պակասը խոչընդոտում է ինքնաքննադատությանն ու գաղափարների արդիականացմանը։
Մեր երկեղեցին առնվազն մի քանի դար հետ է մնացել՝ իր կանոնակարգերի որոշ դրույթներով, կանոններով, եկեղեցական կյանքի ներքին օրենքներով, ինչպես նաև պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորումներով։
Կաթոլիկ եկեղեցին, որ նույնպես խիստ պահպանողական կառույց է, ի վերջո խորը բարեփոխումներ վերապրեց, քանի որ գիտակցում էր, որ ժամանակին համընթաց չզարգանալով, կկորցնի իր հոտը։ Իսկ իր հոտից օտարացած եկեղեցին ավելի մեծ չափով է ենթակա օտար ազդեցությունների։
Այս կառույցների համար առաջնահերթ է ոչ թե պետական շահը, այլ՝ իրենց կառույցի/կազմակերպության շահը, որը հաճախ համընկնում է արտաքին կենտրոնների շահի հետ։ Սա էական պառակտում է ստեղծում ՀՀ պետականության, հայ ժողովրդի շահերի և կառույցների օրակարգերի միջև, որը հանգեցնում է հակապետական դրսևորումների։
Այդ կառույցներում բացակայում է նաև առողջ սերնդափոխությունը․ դրանցում չկա նոր սերնդի առաջնորդների ձևավորման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմ։ Համակարգի վերին օղակներում գերիշխում է կլանային մոտեցումը, որը հեշտ է ներգրավվում արտաքին հովանավորության մեջ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի 2019թ․ կրթական բարեփոխումների դեմ «Պարտիզանական դիմադրության» ծրագրի շրջանակներում ՀՅԴ ՀԵՄ (Հայաստանի Երիտասարդական Միություն) կազմակերպել էր բողոքի ակցիաներ՝ ՀՅԴ ԳՄ (Գերագույն Մարմին) հովանավորչությամբ։ Երիտասարդական այս կառույցը փաստացի ղեկավարում էին ՀՅԴ Բյուրոյի նախկին ատենապետ Հրանտ Մարգարյանի որդիները, որոնք նախկինում եղել են այդ կառույցների վարչության ղեկավարներ։ ՀՅԴ հայաստանյան մյուս երիտասարդական կառույցը ՆԱՈւՄ (Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միություն), որը տվյալ պարագայում ուներ գործունեության ապակենտրոն կազմակերպման կանոնադրային իրավունք, որոշեց չմասնակցել այդ ցույցերին՝ պատճառաբանելով, որ այդ բարեփոխումներից շատերը համընկնում էին նախորդող ընտրություններին ՆԱՈւՄ-ից առաջարկված կրթական փոփոխություններին և ծրագրերին։ Արդյունքում ՆԱՈւՄ անդամների նկատմամբ կիրառվեցին կարգապահական պատիժներ՝ սկսած տարրական կուսակցական կախակայումից, մինչև մոտ 200 ուսանող կուսակցականների ու դիմումագրերի կուսակցությունից հեռացում, և նույնիսկ ոմանց արտաքսում, ինչը ՀՅԴ կանոնակարգով համարվում է կարգապահական գերագույն պատիժը․ հեռացում՝ առանց վերականգման իրավունքի։
Ռուսաստանը գերադասում է համագործակցել այն կառույցների հետ, որոնցում գործում է կենտրոնացված իշխանություն, գերիշխող են ավանդական արժեքները և մերժում է ցանկացած ժողովրդավարական գործըթաց։ Ամեն ինչ պետք է լինի երկաթե ձեռքի տակ։ ՀՅԴ-ն՝ իր պատմական հակաարևմտյան, հակագլոբալիստական հռետորաբանությամբ, դառնում է հեշտ համադրելի Ռուսաստանի քաղաքական և գաղափարական նարատիվների հետ։ Ձախ քաղաքականություն և գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը մարդու ազատության առաջադեմ գաղափարների շուրջ համախմբված աշխարհում չէր էլ գտնի իրական դաշնակիցներ։ Զարմանալիորեն՝ այդ կուսակցության հիմնական ֆինանսները ձևավորվում են ազատ շուկայական երկրներում, այդ կուսակցության անդամները սիրով մեծ բիզնեսներ են վարում ազատ աշխարհում։
Այդուհանդերձ՝ ՀԱԵ-ն և ՀՅԴ-ն հայ ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից են և մեծ ազդեցություն ունեն Հայաստանում և սփյուքում գործող դպրոցներում, լրատվամիջոցներում, համայնքներում։ Սակայն դրանք զավթված, նվաճված են Հայաստանի պետականության թշնամիների կողմից։ Անձնակազմի հավաքագրման, պատրաստման, դաստիարակման փորձված մեխանիզմներով անցնելով նրանց համախոհների մեծ մասը կորցնում է ինքնուրույն մտածելու և վերլուծելու ունակությունը, դառնում է կամակատար։ Արդյունքում այս «կոգնիտիվ ագրեսիայի» զոհերը նույնիսկ չեն հասկանում, որ իրենք զոհ են, որ կատարում են օտար պետության կամքը և հարվածում են Հայոց պետականությանը։ Ուստի հարկավոր է համահայկական և համապետական նշանակության այս ինստիտուտները ազատագրել օտարների ազդեցությունից և վերադարձնել դրանք իրական տերերին՝ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։




















