Գարի Կասպարովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Լիտվան իրեն զգուշացրել են սպանության վտանգի մասին

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և ռուս ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Լիտվայի հատուկ ծառայություններն իրեն զգուշացրել են կյանքին սպառնացող վտանգի մասին, հայտնում է BBC News-ը։
Նրա խոսքով՝ ինքը և «Ազատ Ռուսաստան» ֆորումի համահիմնադիր Իվան Տյուտրինը անվտանգության միջոցառումներ պահպանելու վերաբերյալ խորհրդատվություն են ստացել։
Կասպարովն այս մասին գրել է իր «The Next Move» պարբերականում այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները մեղադրական եզրակացություն հրապարակեցին հինգ անձանց նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ցանցին մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ռուս այլախոհների ու փախստականների դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ։
Կասպարովն ընդգծել է, որ իրեն ուղղակիորեն չեն հայտնել, թե ինքն է հանդիսանում ենթադրյալ դավադրության թիրախը։ Միևնույն ժամանակ, իսպանական «El Mundo» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամռանը Կասպարովն ու մեկ այլ ռուս ընդդիմադիր՝ Իլյա Պոնոմարյովը, զգուշացումներ են ստացել ամերիկյան իշխանություններից։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ տեղափոխվելուց ի վեր առաջին անգամ Կասպարովի նկատմամբ ուժեղացված պահպանություն է սահմանվել։
«Ես չեմ պատրաստվում կանգ առնել կամ թաքնվել, նույնիսկ եթե կարծեի, որ դա հնարավոր է», — գրել է Կասպարովը։ Նրա խոսքով՝ ինքը և իր ընտանիքը «իսկապես ապահով չեն լինի», քանի դեռ Վլադիմիր Պուտինն է Ռուսաստանի իշխանության ղեկին։
Պոնոմարյովն, իր հերթին, հրաժարվել է հաստատել կամ հերքել հնարավոր դավադրության մասին իրեն զգուշացված լինելու վերաբերյալ տեղեկությունը։ Նա տեղի ունեցածն անվանել է «Ռուսաստանի կողմից էսկալացիայի նոր մակարդակ»։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնեց «Russian Intelligence Services Network» (RIS Network) ցանցի ենթադրյալ հինգ մասնակիցներին մեղադրանքներ առաջադրելու մասին։ Ամերիկյան քննության վարկածով՝ ցանցը գործում է առնվազն 2024 թվականից և զբաղվում է տարբեր երկրներում ռուս այլախոհների ու փախստականների դեմ հարձակումների և սպանությունների նախապատրաստմամբ։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ամռանը ցանցի մասնակիցները ԱՄՆ-ում գտնվող մի անձի են հավաքագրել՝ հայտնի ռուս այլախոհին հետևելու և նրա սպանությունը նախապատրաստելու համար։ Թիրախին վերացնելու համար նրան առաջարկվել է մինչև 40 հազար դոլար։ Ամերիկյան իշխանությունները նաև պնդում են, որ ցանցն ավելի վաղ փորձել է սպանություն կազմակերպել Լիտվայում գտնվող մի անձի նկատմամբ։
Բոլոր հինգ մեղադրյալներն էլ շարունակում են մնալ ազատության մեջ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ մեղադրական եզրակացության մեջ ներկայացված տվյալները միայն մեղադրանքներ են, և կասկածյալների մեղքը դեռևս ապացուցված չէ դատարանում։
Կասպարովը Ռուսաստանից հեռացել է 2013 թվականին։ Պետդումայի նախկին պատգամավոր Պոնոմարյովը 2014 թվականին ռուս միակ խորհրդարանականն էր, որը դեմ քվեարկեց Ղրիմի բռնակցմանը։




















