top of page

Ի՞նչ է մտմտում Ռոբերտ Քոչարյանին «խորը և համապարփակ» ասոցացված զառամյալ կուսակցությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 3 min read


136-ամյա Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, ինչպես ասում են, որոշել է չհամակերպվել իր զառամյալ կարգավիճակի հետ, իրենց հարազատ բառով՝ դիմադրել, ու մի վերջին անգամ էլ փորձել ուժերը առաջիկա քաղաքական պայքարում՝ ԱԺ ընտրություններում։ Բայց լավ գիտի իր ուժերն ու հանրային վստահության ցուցիչը, գիտի, որ միայնակ մասնակցելու դեպքում դեմ է առնելու սանդաքարին՝ դրանից բխող դաժանագույն հետևանքներով։ Ընդդիմության սրտի հետազոտական ընկերությունը՝ Էմ Փի Ջի ՍՊԸ-ն, տարեվերջին հրապարակած սոցհարցման տվյալներով գուժեց, որ մեկուկես դարից ավելի ապրած, գործած ու ստեղծագործած ՀՅԴ-ն վայելում է հարցվածների  ընդամենը 1,4%-ի  վստահությունը։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող հաղթահարել ԱԺ անցնելու անցողիկ շեմը։ Իսկ ինչ պետք է անել այդ դեպքում՝ այո, դաշինքով մասնակցել ընտրապայքարին, ինչպես 2021-ին, կազմել այն նույն քաղաքական ֆիգուրի հետ, որի ստվերը ավանդական կուսակցությանը կրնկակոխ հետևում է արդեն տարիներ շարունակ։ 2021-ի ԱԺ ընտրություններին Քոչարյանի հետ դաշինք կազմելով ու ԱԺ մուտք գործելով, այս ընթացքում քանիցս իշխանափոխության օրակարգ գեներացնելով ու «ոտքին գցելով»՝  ձախողելով, Քոչարյանի ու նաև նախկին սերժական Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան»-ի ներդրմամբ ստացած մանդատները վայր չդնելով, թեև այս մասին նույն ընդդիմության ներսից քանիցս առաջարկներ են արվել։ ՀՅԴ-ն, սակայն, գերադասեց մանդատներից կառչած մնալ,  դրանք որքան հնարավոր է՝ պինդ պահել ու խորհրդարանական անգործունակ, անօրակարգ, ինքնահոսի մատնված ընդդիմության կարգավիճակը շարունակել ցայսօր՝ այսպիսով շարունակելով «խորը ու համապարփակ» ասոցացումը Քոչարյանի հետ։ 





Օրերս ՀՅԴ-ն Իշխան Սաղաթելյանի բերանով ազդարարեց առաջիկա քաղաքական կարևոր պրոցեսին մասնակցելու մասին՝ մասնավորապես նշելով. «Առաջիկայում մենք կսկսենք մեր քննարկումները՝ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ: Արժևորելով «Հայաստան» դաշինքի գործունեությունը՝ առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ: Մեր տրամադրվածությունը հետևյալն է. մենք ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք, ինչու ոչ, հավակնություն դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,- նշել է Սաղաթելյանը։ Սաղաթելյանը, նկատենք, խոսելով «Հայաստան»  դաշինքի մասին,  մոռացել է ուշադրություն հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա՝ այդ դաշինքը, որպես այդպիսին, գոյություն չունի սկսած 2022 թվականի նոյեմբերից, այն քանդվեց նույն ՀՅԴ-ի ու Սաղաթելյանի առաջնորդած Դիմադրության շարժման ձախողումից հետ։ Դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանն իր  «Վերածնվող Հայաստան»-ով լքեց դաշինքը։ Այնպես որ, ԱԺ-ում այսօր աշխատող համանուն քաղաքական սուբյեկտը բացառապես ՀՅԴ-ականներից ու մի քանի անկուսակցականներից կազմված կոլեկտիվ է՝ Լևոն Քոչարյանի կուրացիայի ու նրա հայրիկի փաստացի ղեկավարմամբ։ Այնպես որ, երբ ընկեր Իշխանն ասում է՝ առաջնահերթ քննարկելու ենք «մեր գործընկերների» հետ, առաջնահերթ իր կուսակից ընկերներին նկատի ունի՝  ընկեր Արթուրին, Արմենին, Գառնիկին, Արծվիկին, Արմենուհուն, Ասպրամին, Լիլիթին… և իհարկե այս բոլորին մանդատավորած Ռոբերտ Քոչարյանին։ Թե էլ ո՞ր կուսակցությունը ցանկություն կհայտնի դաշնակցել Դաշնակցության հետ,  կուսակցություն, որը, ինչպես ասում են՝ «տաքուկ վիզ է փնտրում, որ պինդ փաթաթվի», քիչ է մնացել պարզելու։  



Ի դեպ, Քոչարյանն էլ, ինչպես իր հետ սիմբիոզ կապի մեջ գտնվող 136-ամյա ավանդական կուսակցությունը, մի լավ օրի չէ։ Նա, ըստ մեկ այլ հետազոտական կենտրոնի՝  Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2025 թ.հունիսին անցկացրած հետազոտության, վայելումէ   հարցվածների 4 տոկոսի վստահությունը։ Նկատենք, որ 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ (ապրիլ-մայիսին) իրականացված՝  նույն հետազոտական  ընկերության հարցման արդյունքների համեմատ  Քոչարյանն արձանագրել է վարկանիշի ահռելի անկում։ Ավելին՝ 2021-ի հունիսից՝ ԱԺ վերջին ընտրություններից այս կողմ, անցած 4 ու կես տարիների ընթացքում երկրորդ նախագահին այդպես էլ չի հաջողվել իր հանրային վստահության մակարդակն ավելացնել։ 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի դրական վարկանիշը, հիշեցնենք, ըստ IRI-ի, 20 տոկոս էր։ ՀՀ-ում իշխանությունը վերցնելու լրջագույն հավակնություն ցուցաբերած Քոչարյանն, արձանագրենք, 2026 թվականի ընտրություններից առաջ ունի դրական վարկանիշի 16 տոկոս անկում, ինչը վկայում է, որ «հալումաշ» եղած ՀՅԴ-ն դաշինք է կազմելու «մինչև քոք մաշված»  (թե՞ քոքից էլ ներքև մաշման պրոցեսում գտնվող) սուբյեկտի հետ։



Հ.Գ. Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վաղարշապատ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն ևս մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն նորից դաշինքային տրամաբանությամբ։ Դաշինքը կազմվել էր Քոչարյանի աջակիցներից ձևավորված «Առաջ Աջակենտրոն» կուսակցության հետ։ Դաշինքը, որը գլխավորում էր նախկին ՀՀԿ-ական, այժմ «առաջական», Լևոն Քոչարյանի ընկեր Սևակ Խաչատրյանը, թեև հավակնում էր բացարձակ հաղթանակ տանել (դաշինքի անունն էլ դրել էր «Հաղթանակ»), սակայն փափագն անկատար մնաց՝ ստացավ քվեների 32 տոկոսը։ Նշենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ելքից՝ ավագանու կազմ անցած ընդդիմությանը հաջողվեց Վարդան Ղուկասյանին քաղաքապետ կարգել, սերժաքոչարյանական ընդդիմությունը էյֆորիայի մեջ էր։ Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես և հատկապես։ Այն աստիճան, որ իր ոգևորությունը չկարողացավ թաքցնել իր՝ նախորդ տարի տեղի ունեցած ասուլիսներից մեկում։ Այս նույն սցենարը, ռադիկալ ընդդիմության հաշվարկով ու կանխատեսմամբ, հնարավոր է կրկնել նաև 2026-ի ԱԺ ընտրություններում։ Այն է՝ դաշինքներով կամ առանձին կուսակցություններով  մասնակցել ընտրություններին, անցնել ԱԺ՝ հաղթահարելով անցողիկ շեմը, կոալիցիա կազմել ու… վերցնել իշխանությունը։ Այս սցենարի կրկնության հավանականությամբ ոգևորված էլ  ընդդիմությունը մասնակցում էր նաև Վաղարշապատի ընտրություններին։ Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ ընտրողը դաս է քաղել Գյումրու փորձից՝ դրա կրկնությունը այլևս թույլ չտալու համար։   



Հ. Մանուկյան    

 
 
1/2499
bottom of page