Հետազոտությունը կասկածի տակ է դնում տարածված կարծիքը վիտամին D-ի և արևի լույսի մասին

Նյուքասլի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ Անգլիայի շատ բնակիչներ, ովքեր վիտամին D-ի անբավարարության բարձր ռիսկի են ենթակա, կարող են բավականաչափ քանակությամբ վիտամին չստանալ նույնիսկ ամռանն արևի տակ երկար մնալու դեպքում։ Այս արդյունքները կասկածի տակ են դնում տարածված այն համոզմունքը, որ միայն ամռան արևի տակ մնալը կարող է վերականգնել վիտամին D-ի նորմալ մակարդակը։
Նյուքասլի համալսարանի սննդի և ֆիզիկական ակտիվության հետազոտությունների կենտրոնի հետազոտողները վերլուծել են Հյուսիսային Անգլիայի մոտ 300 բնակիչների վիտամին D մակարդակը։ Արդյունքները ցույց են տվել, որ հետազոտության շատ մասնակիցներ ունեցել են վիտամին D-ի դեֆիցիտ կամ անբավարարությունը պահպանվել է ողջ տարվա ընթացքում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ոսկորների առողջության, իմունային համակարգի և ընդհանուր առողջության վրա։
Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Clinical Nutrition ամսագրում։ Հետազոտությնաը մասնակցել են 65-ից բարձր տարիքի մարդիկ, ինչպես նաև տարբեր տարիքի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ֆինանսավորումը տրամադրել է Better You Ltd բրիտանական սննդային հավելումների ընկերությունը, սակայն այն չի մասնակցել հետազոտության մշակմանը, տվյալների հավաքմանը կամ արդյունքների մեկնաբանմանը։
Դեֆիցիտը պահպանվոմ է անգամ ամռանը
Հետազոտությունը պարզել է, որ տարեց մասնակիցների կեսից ավելին վիտամին D-ի անբավարար մակարդակ է ունեցել։ Այս ցուցանիշն ավելի բարձր է եղել ազգային փոքրամասնությունների շրջանում։
Ամենազարմանալի արդյունքներից մեկն այն էր, որ վիտամին D-ի մակարդակը ամռանը գրեթե չէր բարձրանում, չնայած արևի տակ գտնվելու ավելացմանը։ Սա հակասում է լայնորեն տարածված այն համոզմունքին, որ ամառային ամիսներին արևի լույսը բավարար է վիտամին D-ի նորմալ մակարդակը վերականգնելու համար։
Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում ոսկորների առողջության պահպանման գործում և մասնակցում է օրգանիզմի բազմաթիվ այլ գործընթացների։ Դրա անբավարարությունը կապված է օսթեոպորոզի, ռախիտի, իմունային պաշտպանության թուլացման և մի շարք այլ հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացման հետ։
Հետազոտության ղեկավարներից մեկը՝ Նյուքասլի համալսարանի սննդի և մարդու առողջության պրոֆեսոր Բեռնարդ Կորֆը նշել է, որ արդյունքներն անսպասելի էին, քանի որ վիտամին D-ի մակարդակը սովորաբար բարձրանում է ամռանը։
Նրա խոսքով՝ հյուսիսային շրջաններում, ինչպիսին է Անգլիայի հյուսիսը, միայն արևի լույսը կարող է բավական չլինել, հատկապես տարեց մարդկանց և էթնիկ փոքրամասնությունների համար։ Գիտնականն ընդգծել է, որ բարձր ռիսկի խմբերի մարդիկ չպետք է հույսը դնեն ամառային արևի վրա՝ խնդիրը լիովին լուծելու համար։ Դրա փոխարեն նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն վիտամին D-ի բավարար մակարդակը պահպանելու համար ամբողջ տարվա ընթացքում։
Անհրաժեշտ են կանխարգելման ավելի հասցեական միջոցներ
Հետազոտության մասնակիցներին հավաքել են տեղական համայնքների և առցանց հարթակների միջոցով: Յուրաքանչյուր կամավոր տրամադրել է մատից վերցված արյան նմուշ, որից հետո նմուշները վերլուծվել են մասնագիտացված լաբորատորիայում։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ արդյունքներն ընդգծում են ավելի նպատակային հանրային առողջապահական միջոցառումների անհրաժեշտությունը: Հնարավոր լուծումների շարքում նրանք նշում են վիտամին D-ի ավելի հստակ ուղեցույցներ, վիտամին D-ի մակարդակի կանոնավոր գնահատում ընդհանուր բժշկի այցելությունների ժամանակ և վիտամինային հավելումների տրամադրում ռիսկի խմբում գտնվող անձանց։
Հետազոտությունը նաև ընդլայնում է մեր պատկերացումները վիտամին D-ի տարեկան անբավարարության մասին ամենախոցելի բնակչության շրջանում՝ թեմա, որը մինչ օրս համեմատաբար քիչ է ուշադրության արժանացել։
Նախագծի հաջորդ փուլը կկենտրոնանա վիտամին D-ի մակարդակի բարձրացման անհատականացված և մշակութային առումով հարմարեցված մոտեցումների մշակման վրա: Դրանք կարող են ներառել անհատականացված սննդային առաջարկություններ և մասնագիտացված առողջապահական ծրագրեր, որոնք կհարմարեցվեն տարբեր համայնքների կոնկրետ կարիքներին։
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունն անցկացվել է լիովին անկախ, աշխատանքը ֆինանսավորող ընկերությունը որևէ ազդեցություն չի ունեցել դրա որևէ փուլի վրա։




















