top of page

Գյուղացին գիտի, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում՝ այդտեղ ցորեն է ցանում, որ ապահովագրություն ստանա. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում մշակաբույսերի ապահովագրության սուբսիդավորման խնդրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի  ցրտահարություններ եղել է, թե ոչ:

«Ինչի պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել», կատակեց նա։

Պապոյանն էլ արձագանքեց, որ ռիսկի մեծ մասն անցել է, բայց որոշակի ռիսկ դեռևս պահպանվում է:

Վարչապետը անդրդառնալով թեմային նկատեց՝ մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, գնում հենց այդտեղ ցորեն են ցանում:

«Այսպիսի տեղեկություններ են մեզ հասել, որ գյուղերում մարդիկ գիտեն որտեղ է կարկուտը գալիս, գիտեն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում այդ ծեծած տեղը ցորեն են ցանում, ասում՝ թող ծեծի: Ստացվում է, որ մենք էլի փոխանակ մարդուն շահագրգռենք, որ ինքը բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ ստանա, կամ ապահովագրություն:

Մենք մի կողմից մեր սիրելի գյուղացիների համար շահավետ պայմաններ ենք ստեղծել, բայց չենք մտածել, որ միջազգային վերաապահովագրողը մի օր կասի՝ գիտեք ինչ ընկերներ, ոնց որ թե սխալ սխեմա եք դրել տակը: Քաղաքականությունների տակ պետք է ճիշտ ֆինանասական սխեմա լինի, մենք նաև ուզում ենք գյուղատնտեսությունը սուբսիդավորենք, մյուս կողմից էլ մենք գյուղացիներին ուզում ենք օգնել, ոչ թե որ նրանք չզբաղվեն գյուղատնտեսությամբ, այլ զբաղվեն իրական գյուղատնտեսությամբ: Մենք պետք է արձանագրենք, որ պետք է ապահովագրական համակարգը զարգացնենք»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով վերաապահովագրող ընկերության՝ Հայաստանից հեռանալու փաստին՝ Փաշինյանն ասաց. «Ապահովագրական ընկերություններն իրենց ապահով են զգացել, որովհետև կառավարությունը իրենց ապահավագրության կեսը տվել է, վերաապահովագրողը, որը օտարերկրյա կազմակերպություն է, ասել է՝ ժողովուրդ ջան, կարող է դուք պետք է գնաք նստեք, ասեք՝ վայ կարկուտ ջան արի, կարկուտ ջան արի, մեք էլ դրա համար պետք է վճարենք։ Չի լինի նման բան»։

bottom of page