Հին Նարեկը՝ նոր մանիպուլյացիաներով․ Մանավազյան
- Investigative journalist

- Aug 29
- 4 min read

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հին Նարեկը՝ նոր մանիպուլյացիաներով
Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի մանիպուլյացիաներին: Սովորաբար դրանց արձագանքելու համար կարիք էր լինում պարզապես մտնել հրապարակային պաշտոնական աղբյուրներ, այս անգամ Նարեկը կամ նրա հետևում կանգնած թիմը փոքր-ինչ ջանացել է, սակայն ջանացել է ոչ թե նրա համար, որ բովանդակություն մատուցի, այլ, որ ավելի երկար տևի մանիպուլյացիայի կյանքը։
Այո՛, հին Նարեկը վերադարձել է նոր մանիպուլյացիաներով, ու դրանցից մեկն այն է, որ վարչապետի Լոռու մարզ այցից հետո դպրոցների կառուցման գները բարձրացել են 1 մլն դոլարով։
Ուզում եմ այս երիտասարդի մանիպուլյացիաներից ոչ մեկը աչքաթող չանենք։
«Իշխանության գալուց հետո այս Կառավարությունը շարունակեց մի գործ, որը սկսվել էր նախորդ Կառավարության ժամանակ». թվում է, թե խոսքի մեջ ասված արտահայտություն է, բայց այս մանիպուլյացիան լսեք և փորձեք անցկացնել ձեր գլխով:
Նարեկի խոսքով՝ նախկինների ժամանակ էր սկսվել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և հիմնանորոգման ծրագիրը, մենք ուղղակի շարունակում ենք։ Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարության ծրագրով ֆիքսված խոստումը և զրոյից կատարված աշխատանքը նա փորձում է նսեմացնել։
Հետո Նարեկը Լոռու դպրոցում վարչապետի հայտնաբերած թերությունները համարում է «շոու», որի պատճառով դրանից մեկ ամիս հետո դպրոցների մրցույթների գները մեկ միլիոն դոլարով թանկացել են։
Կարծում եմ՝ հիշում եք, որ նախորդ անգամ Նարեկը կաշառքի գործը համարում էր չնչին հարց, այժմ մեր երեխաների համար կառուցված դպրոցում արձանագրված թերություններն է համարում «շոու»: Այս մարդիկ մարդասեր չեն, նրանք պարզապես ամեն տեղ տեսնում են շահ, օգուտ։ Այդ երեխաներին պայուսակ եք ուզում նվիրել, բայց չե՞ք ուզում որակյալ կառուցված դպրոցում սովորեն։
Այժմ անդրադառնամ թվերով. Նարեկը միայն մի բան է ճիշտ ասել. դպրոցաշինության գները փոխվել են, իսկ գիտե՞ք, թե ինչու.
Քաղաքաշինության կոմիտեից ստացված տվյալներով՝ 2020 թվականին մեկ դպրոցի կառուցման աշխատանքները արժեցել են 735.8 մլն դրամ, 2024 թվականին՝ 1 մլրդ 546.9 մլն դրամ, որովհետև դպրոցը այն ժամանակ մեկ հարկ է եղել, իսկ փոփոխված գնի ժամանակ՝ երկու։ Առաջին տարբերակում դպրոցի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը 1563 քմ էր, երկրորդ տարբերակում՝ 3248 քմ, մարզադահլիճի մակերեսը 232 քմ-ի փոխարեն դարձել է 457 քմ, առաջին դեպքում տրիբունա նախատեսված չի եղել, երկրորդ դեպքում 60 հոգու համար տրիբունա կա։ Հանդիսությունների դահլիճը 95 քմ-ի փոխարեն 110 քմ է։
Առաջին տարբերակում նախատեսված էր 1 խմբի համար (20 հոգի), նախակրթարան, երկրորդ տարբերակում մանկապարտեզ է նախատեսված 4 խմբի համար (80 հոգի)։
Արևային պանելները 67 ԿՎտ-ի փոխարեն՝ 157 ԿՎտ, բաց մարզդաշտի մակերեսը, որը առանց տրիբունայի է, 556 քմ էր, երկրորդ տարբերակում 972 քմ է, նաև՝ 120 հոգու համար նախատեսված տրիբունայով։ Առաջին տարբերակում նախատեսված չէ մանկական արտաքին խաղահրապարակ, երկրորդում կա 241 քմ, առաջին տարբերակում ամբարձիչ է 1 կանգառով, երկրորդում՝ վերելակ 3 կանգառով։
Շենքի ընդհանուր օգտակար մակերեսի 1 քառակուսի մետրի արժեքը 470 հազար դրամից փոխվել է՝ ընդամենը 6 հազար դրամ ավելանալով և դառնալով 476 հազար դրամ, ընդ որում՝ այդ ընթացքում էականորեն բարձրացել են թե՛ շինարարության ոլորտի աշխատավարձերը, թե՛ մեքենաների և մեխանիզմների շահագործման գները։ Նրա ասած քառակուսի մետրը 900 դոլարից դարձել է 1500 դոլար. միտքը հորինել են Նարեկը և նրա հետ աշխատող փիառ թիմը:
Ահա սա է Նարեկի ներկայացրած ամբողջ մանիպուլյացիայի իրական պատկերը: Ինչպես ասում են, սուտը երկար կյանք չունի։
Մի հատ էլ ասում է՝ երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել բիզնեսին՝ պնդելով, որ վատ որակի աշխատանքի դեպքում ուժայիններն են խառնվելու, դրա համար գները բարձրացել են։ Այս մարդկանց մտահորիզոնը իրենց նեղմիտ շահերից առաջ չի գնում, չեն էլ հասկանում, որ այսպես ինքնաբերաբար խոստովանում են նաև, որ նույն կերպ իրենք են ՀԷՑ-ում անտեսել քաղաքացիների իրավունքները և որակի հարցը, դրա համար էլ այս պատկերն ունենք։
Հետո ճանապարհներին է անդրադառնում, ասում է՝ Հայաստանի կառավարությունը 500 կմ ճանապարհ է տարեկան կառուցում, Վրաստանինը՝ 1000 կմ։ Նարեկ ջան, Հայաստանի կառավարությունը ամեն տարի կառուցում է այդքան, հիմա փաստեր ներկայացրու, որ Վրաստանում էլ են ամեն տարի անում այդքան և ոչ թե բուն մեկ տարվա տվյալ ես ներկայացնում։
Հետո Նարեկը սկսում է խոսել պետական պարտքից, ասում է՝ 27 տարում պետական պարտքը 6 մլրդ դոլար էր, իսկ նախորդ 7 տարում ևս 6 մլրդ է վերցրել ներկա իշխանությունը։ Նարեկը լուսնից է իջել և տեղյակ չէ, որ քովիդի ժամանակ և դրանից հետո աշխարհի երկրների 2/3-րդի պարտքային բեռը էականորեն ավելացել է, Հայաստանը նաև պատերազմ է տեսել։
Հետո ասում է՝ Հայաստանի բյուջեն պակասուրդ ունի ամեն տարի։ Այս տղան տեղյա՞կ է, որ աշխարհում ավելի քան 150 երկրի բյուջե պակասուրդային է, ու դա նորմալ է. յուրաքանչյուր երկիր իր զարգացման համար պարտք է վերցնում։
Ընթացքում փորձում է մանևրել՝ ցույց տալով, որ գիտի՝ պարտքը պետք է համեմատել ՀՆԱ-ի հետ, սակայն Հայաստանի տնտեսությունն այս պահին աճում է, քանի որ ներմուծում և արտահանում է Ռուսաստանի համար։ Ուղղակի խնդրում եմ մեր հայրենակիցներին այս նախադասությունից հետո ուշադիր նայել թվերին:
Այս տարվա հունվար-հունիսին Հայաստան-Ռուսաստան արտաքին առևտուրը նվազել է 54.8%-ով, Ռուսաստանի գործոնով պայմանավորված՝ ԱՄԷ-ի հետ հավելյալ առևտուրը նվազել է 69.4%-ով։ Սրանով հանդերձ՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում աճել է 5.6%-ով, իսկ 7 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7%։ Ահա այսպիսի մանիպուլյացիաներով ու կեղծիքներով է փորձում Նարեկը մոլորեցնել քաղաքացիներին։
ԱՄՆ պարտքը այս պահին գերազանցում է իր ՀՆԱ-ն, Ֆրանսիայինը՝ ևս, Ճապոնիայինը ավելի քան 2 անգամ է գերազանցում։ Հայաստանի պետական պարտքը գտնվում է կառավարելի՝ 50%-ի մակարդակում, և մեր երկիրը պարտքի սպասարկման, մարման և նոր պարտք վերցնելու խնդիր չունի, դա արձանագրում են նաև միջազգային կազմակերպությունները և վարկանիշային գործակալությունները։
Նաև նկատեցի, որ ականջալուր ես եղել իմ բարձրաձայնած այն խնդրին, որ երիտասարդ աղջկա նկարներով նույնանման բովանդակությամբ ֆեյքերն են քեզ մեկնաբանություններ գրում, հիմա արդեն նույն բանը անում են նաև ֆեյք տղամարդկանց լուսանկարով: Էլի առաջընթաց է, բայց չե՞ս հասկացել, որ դա հասարակ քաղաքացու անկեղծ կարծիք և խոսք չէ»։




















