Ալիեւը հերքել է տեղեկությունները Ադրբեջանում թուրքական ռազմակայան տեղակայելու մասին
- Investigative journalist
- Dec 18, 2024
- 1 min read

Լրատվամիջոցների տեղեկությունները Ադրբեջանում թուրքական ռազմակայան ստեղծելու Թուրքիայի պլանների մասին քաղաքական շահարկումներ են։ Այս մասին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի եւ «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Եթե կարճ՝ պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը, հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման ինֆորմացիա հայտնվում է որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- ասել է Ալիեւը հարցազրույցում, որը վարել է «Россия сегодня» միջազգային մեդիա-խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, տեղեկացրել է «Սպուտնիկը»։
Նա տեղեկատվական հնարքներ է անվանել տեղեկությունները Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման պլանների մասին, քանի որ այսօր գրեթե անհնար է թաքցնել որեւէ ռազմակայան աշխարհի որեւէ կետում։
Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի եւ ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։
«Ադրբեջանի եւ Թուրքիայի պարտավորությունն է՝ օգնության գալ մեկը մյուսին, եթե այս կամ մյուս երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի այդ կետը, ըստ էության, անհրաեժշտ չի դարձնում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը այս կան այն տարածքում»,- նշել է նախագահը։
Ալիեւը նշել է, որ երկրների ավելի քան 30 տարվա ռազմական համագործակցության ընթացքում Թուրքիան եւ նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման եւ մարտունակությունը բարձր չափորոշիչներին համապատասխանեցնելու, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության պոտենցիալի հարցում։ Նա ընդգծել է որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի»։