Էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու. Իմպիչմենտը՝ լյուստրացիա
- Investigative journalist
- May 21
- 2 min read
«Էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու»՝ հուշում է հայկական ասացվածքը։ Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի համաձայնելը՝ մաս կազմել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ու դառնալ վարչապետի թեկնածու, հենց այս ասացվածքի տրամաբանության մեջ է, միայն թե՝ «էշից իջնելու» փոխարեն գործ ունենք «էշից գցվելու» հետ։
Հիշեցնենք՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի նախաձեռնած՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը դեռ չսկսված՝ ձախողվեց։ Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես ՊՈՒ-ն, որոշեց իր հայտարարությամբ տապալել գործընթացը։ «Որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺպատգամավորներ Հովիկ Աղազարյանի և ՀակոբԱսլանյանի ներկայացրած՝ վարչապետի թեկնածուԷդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքականհետագծով ոչնչով չի տարբերվում գործողկառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրիծանր իրավիճակի պատասխանատվությունը»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը, նկատենք, ամիսներ առաջ էր ազդարարել՝ Մարուքյանը «ավարտված քաղաքական գործիչ է»։
Երեկվանից, ահա, ՀՀԿ-ականները սկսել են քարոզչական տգեղ արշավ նախկին դեսպանի դեմ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն էլ «ընկած» ֆեյսբուքում հակադարձում է տարբեր կալիբրի «սերժականներին», ինչպես նաև այլ քաղաքական գործիչների՝ Մարուքյանի հասցեին ուղղված խայթոցներին։ «Հանրապետականների մեդիանոնց նավթալին ու անմակարդակ կար, տենց էլմնացել ա»,- ասել է նա՝ արձագանքելով ՀՀԿ-ական Շիրազ Խաչատրյանին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում անպարկեշտ դիտարկում էր արել, թե՝ ««ելքի» «առաջնորդները» նախ թող դուրս գանՆիկոլի «մուտքից», հետո կարող է նոր հասկանալիլինեն ինչ-որ շրջանակների համար...»։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ, վանաձորցի, Մարուքյանի «զեմլյակ» Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմանը, թե՝ «Էդմոն Մարուքյանը նիկոլիզմի գաղափարախոսության կրող է, էդ ո՞նց եղավ, որ փոխվեց», Խաժակյանը հիշեցրել է Կյուրեղյանի՝ Վանաձորի ավագանու անդամ լինելու շրջանն ու անուղղակի մեղադրել մանդատագողության մեջ։ «Տիկին Կյուրեղյանը Վանաձորի ավագանու անդամ է եղել հանրապետականների մանդատագողության ժամանակ: Ավելի ստույգ՝ եղել է մանդատագողության մասնակից: Կարո՞ղ ենք պնդել, որ նա մնացել է նույն մանդատագողության սպասարկուն և սերժիզմի հետևորդը: Իհարկե կարող ենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաժակյանը։
Փաստորեն, հասարակությունը ականատեսը դարձավ ոչ միայն իմպիչմենտի հերթական, մեր հաշվարկով՝ երրորդ գործընթացի մեկնարկի խայտառակ տապալմանը, այլև ընդդիմադիր դաշտի անմիաբան ու ծայրահեղ ամբիցիոզ լինելուն։ Նկատենք, սա այն ընդդիմությունն է, որը չի հոգնում անընդհատ կրկնել «զրո ամբիցիա» ցուցաբերելու և համաժողովրդական միասնականության միջոցով երկրում իշխանափոխություն անելու մասին։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ օդափոխվեք, պարոնայք, ձեզնից փչող նավթալինահոտն իրոք անտանելի է։
Հ. Մ.