top of page

Շնչառական խզզոցներ. Ովքե՞ր են ռիսկի խմբում

Խզզոցները շնչառությանն ուղեկցող բարձր, կոպիտ և սուլող բնույթի շնչառական աղմուկներ են, որոնք կարող են լինել այնքան բարձր, որ լսվեն տարածության վրա, կամ լինեն այնքան ցածր, որ պատահականորեն հայտնաբերվի թոքերը ստետոսկոպով լսող բժշկի կողմից:

Ավելի հաճախ խզզոցները ծագում են կրծքավանդակում՝ թոքերում ամփոփված բարակ բրոնխեալ խողովակների խցանման կամ նեղացման պատճառով: Խզզոցը կարող է պատճառվել  նաև ավելի լայն շնչուղիների կամ ձայնալարերի նեղացման կամ խցանման պատճառով:

Խզզոցի տոնը կամ բնույթը խիստ կախված է այն հանգամանքից, թե շնչառական համակարգի որ մասն է նեղացած կամ խցանված: Վերին շնառական ուղիների նեղացումը կարող է առաջացնել ավելի կոպիտ կամ խռպոտ, իսկ ավելի ստորին խցանումները՝ ավելի մեղմ խզզոցներ:

Խզզոցն առավել ակնառու է դառնում, երբ մարդն արտաշնչում է:

Ո՞ւմ մոտ են առաջանում խզզոցները

Յուրաքանչյուր մարդու մոտ՝ սկսած նորածնից, մինչև տարեցներ, կարող են առաջանալ խզզոցներ: Ասթմայով երեխաների մոտ խզզոցներ ավելի հաճախ են առաջանում: Տարածված են նաև նորածինների մոտ՝ կյանքի առաջին տարվա ընթացքում 25-30%-ի շրջանում:

Խզզոցները կարող են ավելի տարածված լինել մանկահասակ երեխաների մոտ, քանի որ նրանք ունեն ավելի նեղ օդատար ուղիներ: Ի լրումն, մինչև երկու տարեկան երեխաներն ավելի ռիսկային են բավականին տարածված, սակայն բուժելի բրոնխիոլի կոչվող հիվանդության նկատմամբ, որի պատճառը վիրուսային շնչառական վարակն է և կարող է բերել խզզոցների:

Չափահաս մարդկանց շրջանում ավելի հավանական է, որ խզզոցներ առաջանան ծխող, էմֆիզեմայով և սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ:

Խզզոցների ամանահաճախ հանդիպող պատճառներից են՝

ասթմա, որը նաև կոչվում է բրոնխային հեղձուկ կամ բրոնխիալ ասթմա՝ քրոնիկ շնչառական հիվանդություն, որն առաջացնում է բրոնխեալ խողովակների կծկանք (սպազմ) և այտուց,

բրոնխիտ՝ բրոնխեալ խողովակների լորձաթաղանթի բորբոքում,

բրոնխիոլիտ՝ ամենաբարակ բրոնխների (բրոնխիոլների) պատի բորբոքային այտուց, որն առավել հաճախ հանդիպում է փոքր տարիքի երեխաների մոտ,

ծխախոտի օգտագործում, որը պայմանավորված է ծխախոտի ծխի գրգռիչ ազդեցությամբ և երկարաժամկետ վնասով, այդ թվում՝ քրոնիկ բրոնխիտով,

էմֆիզեմա՝ հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են թոքերի մանր շնչապարկերը՝ ալվելոները,

սրտային անբավարարություն՝ ծանր սրտային հիվանդություն, որի ժամանակ տուժում է սրտի կծկողական գործունեությունը,

թոքերի վիրուսային կամ բակտերիալ վարակային բորբոքումը,

ասպիրացիա՝ ներշնչելիս շնչառական ուղիների մեջ օտար մարմնի ընկնելը,

անաֆիլաքսիա՝ ծանր սուր և հանկարծակի ալերգիկ ռեակցիան, որը կարող է առաջանալ մթերքներից, դեղերից կամ միջատների խայթոցից:

Ասթման և բրոնխիտը չափահասների շրջանում խզզոցների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից են: Այս դեպքում խզզոցները սովորաբար բուժվում են՝ բուժելով բուն հիվանությունը:

Խզզոցներին ուղեկցող ախտանիշներից են՝

դժվարաշնչություն, որը կարող է ուղեկցվել օդի պակասի զգացողությամբ և հևոցով,

հազ,

կրծքավանդակի սեղմվածության կամ լարվածության զգացում,

ջերմություն,

քթի լցվածության կամ փակվածության զգացում,

ձայնի կորուստ,

շրթունքների կամ լեզվի այտուց,

բերանի շուրջը կամ եղունգների կապտավուն երանգ (ցիանոզ):

bottom of page