Ամանորյա հրավառությունն ԱՄԷ-ի հյուսիսում երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել
- Octopus Media 
- Jan 1, 2024
- 1 min read
ԱՄԷ-ում, Ռաս-էլ-Հայմա էմիրությունում ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում երկու անվանակարգերում՝ որպես ամենաերկար հրավառությունը ջրի վրա եւ որպես ամենաերկար հրավառությունը երկնքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Ռաս-էլ-Հայմայի տուրիզմի զարգացման վարչությունում։
Շոուի անցկացման վայր էր ընտրված 4,5 կիլոմետր երկարությամբ ափամերձ գիծը Ալ-Մարջան արհեստական արխիպելագով եւ Ալ-Համրա շրջանով։ Ջրի վրա տեղադրված հրավառությունից բացի կիրառվել են նաեւ ավելի քան հազար պիրոտեխնիկական եւ լուսադիոդային դրոններ, ինչպես նաեւ թեթեւ շարժիչ ունեցող ինքնաթիռներ, որոնք ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի տեսարաններ։
Միջոցառման ժամանակ դրոնները օդում ցուցադրել են կերպարներ, որոնք նմանակել են Ռաս-էլ-Հայմային բնորոշ բնական լանդշաֆտը, որի հիմնական բաղադրիչներն են անապատը, Պարսից ծոցի ափը եւ Խաջար լեռները։ Դրոնների թռիչքը ներդաշնակեցվել է երաժշտական ստեղծագործությունների հետ, որոնք ստեղծվել են հատուկ ամանորյա շոուի համար։
Վարչության ներկայացուցչի խոսքով՝ ութ րոպեանոց ներկայացումը դիտել է մոտ 50 հազար մարդ։ 2022թ. եւս Ռաս-էլ-Հայմա էմիրությունը սահմանել էր երկու համաշխարհային ռեկորդ «Հեռահար կառավարվող դրոնների ամենամեծ քանակությունը, որոնք միաժամանակ հրավառություն են արձակել» եւ «Ամենամեծ նախադասությունը երկնքում, որը ձեւավորել են հեռահար կառավարվող դրոնները» անվանակարգերում։




















